«Իսլամացած և ծպտյալ հայերը Թուրքիայում» թեմայով սեմինարը Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում

0
175
 

Հուլիսի 13-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ սեմինար` «Իսլամացած և ծպտյալ հայերը Թուրքիայում» թեմայով: Բանախոսն էր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը: Ստորև ներկայացնում ենք բանախոսի ելույթի հիմնական ասպեկտները:

Հայկազուն Ալվրցյանի խոսքով` իսլամացած և ծպտյալ հայերի խնդիրը մշտապես եղել է Թուրքիայի պետական կառույցների և հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Սակայն սույն խնդիրը ոչ թե արծարծվում էր նրանց կողմից, այլ ուղղակի վերահսկողության տակ պահվում` մամուլի և գիտական շրջանակների համար այն անմատչելի դարձնելու նպատակով: Բայց, ի վերջո, եկավ մի ժամանակ, երբ սույն խնդիրը, այսպես թե այնպես, պետք էր արծարծվեր, և այդպես էլ եղավ:

Բանախոսի խոսքով` Թուրքիայում թե իսլամացած և ծպտյալ հայերի ու թե, ընդհանրապես, ազգային փոքրամասնությունների խնդիրներն սկսեցին բարձրաձայնվել հետևյալ 3 հիմնական պատճառների շնորհիվ, որոնք ունեին նաև ենթապատճառներ:

1. Քրդական հարցը:

Քրդերը նույնպես դիտվում էին թուրքեր:  Ըստ Թուրքիայի սահմանադրության, բոլոր այն մարդիկ, ովքեր ծնվել են Թուրքիայում, թուրք են: Քրդական հարցը տվեց այս պատնեշի առաջին ճաքերը, քանի որ այն բարձրացվեց որպես ազգային հարց: Մի մեծաթիվ ազգային փոքրամասնություն քաղաքական պայքարից անցավ ռազմական պայքարի:

2. Խորհրդային Միության փլուզումը

Խորհրդային Միության փլուզումը բավականին հետաքրքիր ազդեցություն ունեցավ ոչ միայն իր նախկին հանրապետությունների ժողովուրդների, այլև` համայն աշխարհի վրա: Այս փլուզմամբ շատ բան փոխվեց նաև Թուրքիայում, որովհետև փոխվեց նաև վերջինիս դերակատարումը աշխարհում:

3. Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը

Թուրքիան սույն գործընթացում պարտավորվել էր համապատասխանել 150 կետից բաղկացած մի թղթածրարի պահանջներին, որոնցից մի քանիսը պահանջում էին ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգում, լեզվի, խղճի ազատություն և այլն:Սրանք, բնականաբար, գործընթացների արագացուցիչը դարձան: Այդ ընթացքում էր, որ Թուրքիայի նոր իշխանությունները, իսլամիստական Արդարություն և զարգացում կուսակցության անդամները փորձեցին որոշ հարցերում զիջել և ընդառաջել ԵՄ-ի պահանջներին: Եվ տեղի ազգային փոքրամասնություններն սկսեցին աշխուժանալ: Հայերի համար դա եղավ ամենակարևոր ազդանշաններից մեկը: Այս շրջանում էր, որ ի հայտ եկավ Հրանտ Դինքը, ով իր հիմնադրած «Ակօս» շաբաթաթերթով և թերթի շուրջ համախմբված հայ և թուրք ձախակողմյան մտավորականների հետ սկսեց արծարծել իսլամացած հայերի և, ընդհանրապես, հայանը հուզող և մինչ այդ տաբու  համարվող խնդիրները:

Հ. Ալվրցյանը նշեց. «Այնուհետև մենք ականատես եղանք, որ նման հայերի միջից առավել խիզախներն սկսեցին գնալ Ստամբուլ և մկրտվել ու վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու ավազան:

Թուրքիայում այսօր հայ ասելով, հասկանում են պոլսահայերին: Սակայն ամենամեծը իսլամացած հայության խումբն է, որը բաժանվում է մի քանի ենթախմբերի: Նման հայերի մեծ մասն ապրում է որպես քուրդ, մյուս մասը` որպես թուրք: Այս խմբավորման մեջ կա նաև այլ բաժանում: Նրանց մի մասը հաշտվել է իսլամացած լինելու հանգամանքի հետ, և ըստ հետազոտությունների ու մեր դիտարկումների` նրանց շուրջ կեսն այլևս չի ցանկանում այս հարցն արծարծել:  Իմ համոզմամբ` եթե անգամ նպաստավոր պայմաններ էլ լինեն, այս խումբը հազիվ թե վերադառնա իր ինքնությանը:

Երկրորդ խումբը կազմում են ծպտյալ հայերը: Հենց այս խմբից է, որ աստիճանաբար զատվում են առավել խիզախները, հաստատվում Ստամբուլում կամ Եվրոպայում ու մկրտվելով վերադառնում մեր եկեղեցու գիրկը:

Տարբերակեցինք երկու խումբ. իսլամացած հայեր, որոնք հաշտվել են իրողության հետ և չեն ձգտում վերադառնալ իրենց ակունքներին, և իսլամացածներ, ովքեր պահպանել են ազգային գիտակցության զգալի տարրեր, սովորույթները, ծեսերը, ավանդույթները և այլն ու ձգտում են  վերադառնալ իրենց արմատներին: Ծպտյալ ասելով` նկատի ունենք վերջիններին

Մեկ այլ խումբ են կազմում «թոռները»: Սրանք ծագումով զտարյուն հայեր չեն. թոռներն ու ծոռներն են այն կանանց, ովքեր Ցեղասպանության ժամանակ բռնի ամուսնացվել են քրդերի կամ թուրքերի հետ: Նրանք ևս բավականին մեծ թիվ են կազմում, քանի որ այն ժամանակվա պաշտոնական տվյալների համաձայն` 95-100 հազար մանկամարդ աղջիկներ են հանձնվել որբանոցներ կամ թուրքերի «խնամքին»: Սույն թվի մեջ չեն ներառվում այն կանայք, ովքեր բռնի ամուսնացվեցին թուրքերի և քրդերի հետ: Վերջիններիս թիվը շատ մեծ է: Եթե միջինը վերցնենք 100 հազար, ապա նրանց սերունդները կարող են հասնել մի քանի հարյուր հազարի: Նման կանանց թոռները հետաքրքիր են այն առումով, որ թշնամություն չեն տածում հայության հանդեպ, քանզի գիտակցում են, որ իրենց երակներում հայկական արյուն է հոսում:

Մյուս` բավականին մեծ խումբն են կազմում ալևիացած հայերը: Նրանք տարածված են հատկապես Դերսիմում և հարակից շրջաններում, սակայն բնակվում են նաև Արևմտյան Հայսատանի և Թուրքիայի այլ տարածքներում: Դերսիմում Հայոց ցեղասպանության ժամանակ ապաստան գտան բավականին մեծ թվով հայեր, ովքեր հետագայում ալևի դարձան: Իսլամացած հայերի և ալևիացած հայերի տարբերությունը հետևյալն է. ալևիացածները շատ ավելի վստահ են և ավելի ազատ են խոսում իրենց հայության մասին: Ալևի հայերը տարբերվում են նաև այն իմաստով, որ ալևիական կրոնի մեջ առկա են որոշ քրիստոնեական տարրեր: Ի դեպ` տեսակետ կա, որ ալևիականության հիմնադիրները համարվում են պավլիկյանները:

Կան նաև ասորացած և արաբացած հայեր, ինչպես նաև` հայ բոշաներ: Վերջիններս ամենաքիչ ուսումնասիրված են և հետաքրքիր են այն առումով, որ ոչ միայն հայախոս են, այլ նաև` հայկական անուններ են կրում: Նրանց կրոնն արտաքին աշխարհի համար բավականին անհասկանալի է: Նրանց մեծ մասն ապրում է պոնտական հատվածում: Նրանց համայնքը մեծ չէ:

Առկա են նաև այլ մանր-մունր խմբավորումներ` հույն կամ լազ դարձած հայեր:

Հայության մյուս մեծ հատվածը համշենահայությունն է: Նրանց պետք է առանձնացնել, քանի որ նրանց ճակատագիրը բոլորովին այլ է եղել: 8-րդ դարում մոտ 10 հազարանոց հայերի մի խումբ` Շապուհ և Համամ Ամատունիների գլխավորությամբ, գաղթեց դեպի ներկայիս Համշենի տարածք և այստեղ հիմնեց կիսանկախ մի իշխանություն, որը Համամ Ամատունու անվամբ կոչվեց Համամաշեն, ապա կրճատ` Համշեն: Համշենահայերը խրոխտ, աշխատասեր ժողովուրդ են եղել: Համշենի իշխանությունը բավականին երկար ժամանակ կարողացել է պահպանել իր կիսանկախ գոյությունը: 17-րդ դարից սկսած Համշենում սկսվեցին բռնի թուրքացման և իսլամացման դեպքերը: Հալածանքներն այստեղ այնքան շատ էին և ուժեղ, որ սուլթանական ֆերմանով հատուկ նշված էր` կտրել հայերեն խոսող յուրաքանչյուրի լեզուն: Համշենահայերը, ի պատիվ իրենց, շուրջ 3 դար դիմադրել են իսլամացման քաղաքականությանը: Հալածանքներից խուսափելու համար նրանց մեծ մասը սփռվել է այլ վայրերում: Սակայն արդեն 19-րդ դարի վերջերի դրությամբ նրանց մի մասը կիսով չափ հեռացել էր հայությունից. նրանց «կես-կես» էին անվանում: Այս դրությունը տևեց մինչև 1915 թ., որի նախօրյակին, ըստ մեր հետազոտողների, Սև ծովի ափերին բնակվում էր 120-130 հազար քրիստոնյա և նույնքան էլ իսլամացած հայություն: Քրիստոնյաների մեծ մասն իսպառ բնաջնջվեց կամ փախավ: Փոքր մասը փրկվեց` Կրասնոդար և Աբխազիա գաղթելով: Պետք է ասել, որ Ցեղասպանության ժամանակ ամենամեծ դիմադրություն ցույց տված հայերի խմբերից մեկն էլ համշենահայությունն է եղել: Նրանք դիմադրել են ընդհուպ մինչև 1922-23 թվականները: Սա, թերևս, մեզ հայտնի ամենաերկարատև պայքարն է եղել Ցեղասպանության մատնված հայերի կողմից: Օրդուում մինչև 1930-ական թվականները, ըստ թուրքական տվյալների, կար մոտ 300 հայ: Սակայն Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո թուրքերը ներգաղթած մուսուլմաններ էին բնակեցնում Համշենի տարածքում:

Իսլամացման քաղաքականությունը հատկապես մեծ թափ ստացավ 1915 թ., քանի որ Թալեաթը սկզբում հրաման էր արձակել չկոտորել իսլամ ընդունած հայերին, բայց երբ գրանցվեց նման դեպքերի աճ, նա հակառակ հրամանը տվեց: Սակայն, այնուամենայնիվ, 1915 թ. շատ հայեր են փրկվել իսլամ ընդունելու միջոցով:

1918 թ. պետական որոշմամբ հայերին թույլ տրվեց վերադառնալ իրենց տները, և բավականին շատ հայեր վերադարձան: 1918-20 թթ. մեծ թվով հայություն ինքնակազմակերպվեց: Հայերն սկսեցին նորից շենացնել երկիրը: Նույնը տարածվում էր նաև հույների և ասորիների վրա:

Երիտթուրքերի ամենաեռանդուն անդամներից մեկը եղող Մուստաֆա Քեմալը պայքար սկսեց դրա դեմ: Թուրքիայում «Ազգային-ազատագրական պայքարը», ըստ էության, տարվում էր նորից վերակենդանացող հայկական և հունական օջախների և Հայաստանի Հանրապետության դեմ: Իմ կարծիքով «Ազգային-ազատագրական պայքարը» Ցեղասպանության երկրորդ փուլն էր:

Ի վերջո, որքա՞ն էր փրկված հայերի թիվը: Կան տարբեր տվյալներ` ճշմարտությանը մոտ կամ ուռճացված: Ամբողջական տեղեկություններն ամփոփելիս կարելի է խոսել 4-5 հարյուր հազար փրկվածների մասին` չհաշված այն 100 հազար մանկամարդ աղջիկներին, որոնք բռնի ամուսնացվել են քրդերի և թուրքերի հետ: Թուրքիայի բնակչության թիվը 1920-ական թվականներից հետո աճել է մոտ 7-8 անգամ: Համշենահայերին չհաշված` մենք կարող ենք հաշվարկել, որ հիմա կան շուրջ 4 միլիոն իսլամացած կամ ծպտյալ հայեր: Սակայն նրանց մի մասը, ռազմական և տնտեսական գործոններից ելնելով, հեռացել է Թուրքիայից: Իմ ենթադրությամբ, հեռացած հայերի թիվը կազմում է շուրջ 2 միլիոն:  Ինչ վերաբերում է համշենահայերին, նրանց թիվը մոտ 1 միլիոն է: Նրանցից 2-3 հարյուր հազարն ապրում է Թուրքիայից դուրս: Այսինքն` մենք հիմա կարող ենք հաշվել Թուրքիայում մնացած 3-ից 3 ու կես միլիոն իսլամացած հայություն: Նրանց կես չի ցանկանում վերադառնալ իր արմատներին: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ ծպտյալ հայերի կամ իրենց հայկական ինքնությունը գիտակցող հայերի թիվը մեկ ու կեսից 2 միլիոնի է հասնում: Բազմաթիվ հայեր ներկայում վերադառնում են իրենց արմատներին և անգամ ստեղծում նման հայերի միություններ:

Թեև որոշ թուրք մտավորականների և մամուլի մեկ-երկու միջոցների վերաբերմունքի մեջ նման հայերի նկատմամբ որոշակի փոփոխություն առկա է, սակայն թուրքական հասարակությունում պահպանվել է նույն անհանդուրժող վերաբերմունքը: Հասարակության մեջ քարոզվում է նաև, որ նման հայերը թուրքական պետության առաջնային թշնամիներն են»:

«Ըստ իս` Թուրքիայի թիվ մեկ խնդիրը վերջին 100-150 տարում եղել և մնում է Հայկական հարցը»,-ամփոփեց բանախոսը:

Akunq.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here