Վարչապետի զուգարաններն ու գիտությունը

0
156

Թող ինձ ներեն մեր շատ հարգելի գիտնականները. խոսքս պիտի սկսեմ (ներողություն արտահայտությանս) զուգարաններից, չնայած որ գիտության մասին եմ հիմա գրելու:

Ո՞վ, ո՞ր իրեն հարգող հայ չի լսել վարչապետի դրած զուգարանների «բիզնեսի» մասին։ Այն, որ մեր երկրի վաղվա օրվա մասին մտածող մեր վարչապետը նորից ինքն իրեն ձեռառնոց դարձրեց՝ առնելով 2 բիոզուգարան, ու դրանց տալով 124 մլն դրամ՝ 340 հազար դոլար, դա գիտի ամեն հայ։

Զուգահեռաբար ասեմ, որ վերջերս շախով-շուխով հրապարակեցին 97 գիտնականի անուն, որոնք առավել արդյունավետ են աշխատել վերջին 10 տարում, և նրանց պետությունը տալիս է հավելավճար ամսական 100 հազարական դրամ՝ մեկ տարով: Այսինքն՝ յուրաքանչյուր գիտնականին տարեկան նա տալիս է 1 միլիոն 200 հազար դրամ: Եթե դա բազմապատկում ենք նույնիսկ ոչ թե 97-ով, այլ կլորացրած, ավելի մեծացրած 100-ով, ապա ստացվում է 120 միլիոն դրամ, 124 միլիոնից պակաս:

Ասելիքս էն է, որ երկրի առավել արդյունավետ աշխատող 100 գիտնականի խրախուսման այս ծրագիրը 2 բիոզուգարանի գին էլ չէ։ Պատկերացնո՞ւմ եք… առավել ևս, որ պարզվում է, որ բիոզուգարաններն էլ իրականում բիոզուգարան չէին այլ սովորական զուգարաններ…

Տնտեսագետները, որոնք մեր երկրում սովորաբար արտադրվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, ի դեմս «զուգարանների գործի», տվել են տնտեսագիտական մտքի թռիչք։

Դե բանասեր մարդ եմ, մտածում եմ՝ տնտեսագետ մարդիկ են, մի բան գիտեն ուրեմն էլի, որ ասում են, թե ինտերնետով–բանով մակարդակով բիոզուգարանները շուտով իրենց բերած եկամտով երկրի բյուջեի սաղ ծակուծուկը փակելու են։

Ես, օրինակ, որ հեչ էլ միամիտ մարդ չեմ, սկզբում հավատացի մեր վարչապետին, բայց երիտասարդ գիտնականները, բնականաբար, արագ հաշվելուց լավ են… նրանք արագորեն բազմապատկեցին հետևյալը՝ եթե օրը 20 ժամ աշխատի բիոզուգարանն ամբողջ իր թափով, այսինքն՝ մարդիկ չեն քնում, երկիրը զուգարան գնալու ուղի է բռնում, ժամում 10 հոգի մտնում է զուգարան, վճարն էլ 100-ի փոխարեն 200 դրամ է, 365 օր, բազմապատկենք, տարեկան անում է մի 70 000 այցելու ու ստանում ենք տարեկան 14.5 միլիոն դրամ: 8.5 տարի անց, էդ տեմպով աշխատելու դեպքում, և եթե այդ 8.5 տարին նա աշխատի անխափան, ու ոչի մի շահագործման ծախս չլինի, ջուրը-բանը՝ ձրի, հարկեր չմուծվի, նա նո՜ր-նոր իր գինը կհանի միայն:

Երիտասարդ գիտնականներին՝ շնորհակալություն՝ արագ և որակով հաշվելու համար, հիմա պիտի վերլուծական ու ամփոփիչ խոսքովս հանդես գամ եմ ես՝ Արամս՝

1. Էդ ո՞նց անխափան կաշխատեին, որ բերած–չբերած արդեն խափանվել էին։

2. Չէմի եսիմ ինչ՝ օրը՝ 20*10=200 հոգի… Տաթևում օրը, էն էլ ձմեռվա ամիսներին, սկի 20 հոգի տարածքում չի հայտնվում ուր մնաց թե զուգարանում։ Միջինում օրը մի 10 հոգի՝ մաքսիմում։ Էլ չասենք, որ մեր ժողովուրդն էլ ավելի շատ բնության գրկում, ծառութփի հետևներում «ծաղիկ կհավաքի», քան զուգարանում, քանի որ, նախ՝ սովորույթի ուժ կա-բան կա, երկրորդ՝ 200 դրամի խնայողության հասկանալի ցանկություն։

3. Մի մոռացեք, որ մենք Հայաստանում ենք, ու էդ մարդա 200 դրամի մի մասն էլ կգրպանի աշխատողը։

4. Գիտնականներին էդ, համընդհանուր հնչեղություն ստացած, բիզնեսն ընդհանրապես չի էլ վերաբերում, քանի որ նրանք իրենց աշխատավարձի սահմաններում ի՞նչ են ուտում, որ մի հատ էլ զուգարան գնան։

Ամփոփում–Ա.՝ Հայաստանը, որն իր ապագան կապում է գիտնականների հետ, իր լավագույն 100 գիտնականին հատկացրել է 2 զուգարանի գին, երբ յուրաքանչյուր գիտնական ԱՄՆ-ում միջինը 10 միլիոն դոլար եկամուտ է ապահովում երկրին, եթե նրան կերակրում են, սնունդ են տալիս: Գիտնականին կերակրել ու պայմաններ ստեղծել է պետք, որ նա աշխատի: Պիտի կերակրել մարդկանց, որ մարդիկ էլ կարողանան իրենց ներդրումն ունենան զուգարաններում:

Ամփոփում–Բ.՝ Ի՞նչ ասեմ… հարցեր կան, որ նույնիսկ ես եմ դժվարանում պատասխան տալ. չեմ ուզում հիասթափեցնել ժողովրդիս, բայց զուգարանի գործը Հայաստանում վայթե արդյունավետ չլինի: Ուրիշ բան կլիներ եթե իհարկե, վարչապետս հայտարարեր, որ երկիրը բռնել է զուգարանային մշակույթի ուղին, այսինքն հիմա արդեն դարձել ենք ոչ թե գիտելիքահենք տնտեսություն, այլ զուգարանակոնք (վա՜յ, ներողություն, պիտի ասեի՝ զուգարանահենք :), և այդ դեպքում մեր շատ պաշտոնյաներ էլ առաջինն իրենք իրենց ներդրումն ունենային զուգարաններում՝ օրինակ ծառայելով հասարակ ժողովրդին, էդ ժամանակ միգուցե էդ բիզնեսից էլ մի բան դուրս գար… թե չէ սենց ի՞նչ…

Վերադառնալով բուն ասելիքիս, հիշեցում անեմ, որ օրերս մեծ փառքով հայտարարվեց 97 գիտնականի անուն, որոնք վերջին 10 տարում աշխատել են մեծ արդյունավետությամբ, ու նրանց հատկացվեց մարդա 100 հազարական ամսական, մեկ տարի ժամկետով։ Դա չտեսնված-չլսված բան էր, չափազանց ոգևորիչ, բայց մյուս կողմից էլ… բա լավ, էդ մեր գիտական սերուցքը՝ մեր գիտության դոկտորներն ու ակադեմիկոսները, բա էդ մարդիկ բոլորն իրար հետ վերցրած 2 զուգարան է՞լ լրիվով չարժեն, էն էլ գիտությունը գերակա ոլորտ հայտարարած երկրում:

Հ.Գ. Հատված նորանշանակ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի զուգարանների հետ կապված հարցազրույցից՝ «Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել»։

Ա. Պապայան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here