Հատուկ առաջարկ վարչապետին` իր աֆյորաների ու հայրենական գիտության զարգացման վերաբերյալ

0
202

 

Հայրենական գիտության վիճակի վերաբերյալ հերթական ազդեցիկ նյութս էի գրում, մեկ էլ հանկարծ հեռուստացույցը վարչապետին ցույց տվեց։ Արա, դե ոնց որ թարս լինի` թե առավոտ շուտ խի՞ հիշեցրին. մարդ ասում է` էլ կյանքում հեռուստացույց չմիացնի։

Ով ճանաչում է ինձ, գիտի, որ ես էդ թեման հեչ չեմ սիրում: Ճիշտը որ ասեմ՝ առաջ լա՜վ էլ սիրում էի։ Գիտության թեման նկատի չունեմ, դա սիրում եմ ու կսիրեմ հավիտյանս հավիտենից, ընկերներիս էլ խոստացել եմ որ էդ սուրբ գործի համար կպայքարեմ. ես Արամն եմ՝ խոսքիս տեր։

Վարչապետի թեման առաջ սիրում էի, ավելի ճիշտ՝ իրե՛ն` վարչապետի՛ն էի սիրում, հիմա՝ ո՛չ իրեն, ո՛չ իր թեման։ Բացատրեմ. էն ամենասկզբում, որ վարչապետը դեռ նոր-նոր էր եկել ու գիտելիքահենք տնտեսության ու նման բարեկեցիկ բաների մասին լուսավորյալ հույսեր էր ներշնչում, քրեա-զորբաներին, հաբրգած օլիգարխներին ու քրեա-կոռումպացված մինիստրներին ու մեզ բոլորիս քրիստոնեական բարերարության, չափավորության ու համեստ ապրելակերպի կոչեր էր անում։ Ասում էր որ երկրում դրական փոփոխություններն ամեն մարդ պետք է իրենից սկսի, իր շրջապատից, իր մերձավորներից… ի՜նչ ուզում եք՝ ասեք. լա՜վ էր խոսում, մարդ ուզում էր ճակատը պաչի։

Էդ ազդեցիկ խոսքն ահագին մարդու սրտի կպավ, ահագին մարդ, էն վերը թվարկածներիցս, եթե, իհարկե, դրանց կարելի է մարդ կոչել, փորձեց էդ սկզբունքներով շարժվել` ամեն մեկն իր «համեստ» հնարավորությունների սահմաններում.  մեկը քրիստոնեական քահանաներից առաջին պատահածին Բենթլի ավտո նվիրեց` «на память», մի ուրիշը գյուղացիներին կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ 16 միլիոն դոլարի դասախոսությունների գիծ բացեց, վարչապետն էլ անձամբ մասնակցեց, օրինակ ցույց տվեց, փոփոխություններն սկսեց իրենից, մեկելն էլ, բարերարություն անելու նպատակով,  օֆշորներում հաշիվ բացեց ու ուրիշների գրպանից մի 20-25 մլն դոլար փոխանցեց իրեն, վարչապետին ու քահանային։

Ու երկրում սկսվեցին փոփոխություններն իրենց զգացնել տալ. կատարյալ իդիլիա (արա, բայց «իդիլի՞ա» էր էդ բառը, թե՞ «իդիոտություն», միշտ խառնում եմ)։

Ինչպես ասում են մեր ազգի ուտող-խմող ներկայացուցիչները՝ չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել. վարչապետի թեմայից էիք խոսում: Բերանս չի էլ բռնում՝ ասեմ, որ մի ուրիշ՝ օրենքի երկրում էդ թեմա ասվածըն իրականում կդիտվեր որպես հանցագործություն, բայց մենք՝ հայերս, մանավանդ անկախացման էս 20 տարին ցույց տվեց, ահագին ներողամիտ ու հանդուրժող ազգ ենք. ինչ ուրիշներն անվանում են քրեորեն պատժելի արարք, մենք քնքշորեն անվանում ենք սկանդալային դեպքեր: Հիմա խոսքս վարչապետի սկանդալային դեպքերի մասին է, ու այն մասին, թե ինչպես դա դարձնել երկրում գիտելիքի ու գիտության զարգացման պլատֆորմ: Վարչապետիս հետ կապված, ինչքա՜ն ասես, մանր-մունր սկանդալայիններ, բայց մեր մասշտաբով՝ գլոբալ, այսինքն՝ հանրային հնչեղություն ստացած դեպքեր ազգս գրանցել է երիցս։

Հանուն առ հանուն հիշենք (պարտադիր չէ՝ հոտնկայս) երիցս հայտնիները` առաջին՝ 16 միլիոն դոլարի դասախոսությունների աֆյորան՝ որպես կովերի կրծքերի լվացման մեթոդով փողերի լվացման դասական օրինակ, երկրորդ՝ բիոզուգարանների բիզնես-աֆյորան` որպես պետական (այսինքն սեփական ժողովրդի) փողերի` արտաքնոց նետման աննախադեպ արդյունավետ, դիդակտիկ եղանակ, և երրորդ՝ օֆշորային խմբակային կողոպուտը` որպես փողերի յուրացման դասական` բանկային աֆյորայի հիմնովին յուրացված (դեռևս կենտրոնական բանկում եղած ժամանակներից), հիմնարար ձև:

Այսպիսով, հանուն գիտության, խոսքս ուղղում եմ ազգիս առաջ երիցս խայտառակված, նախագահի բորձր հովանու ներքո երիցս ջրից չոր դուրս եկած ու երիցս չ՛դատապարտված վարչապետին՝ Եթե միայն էնքանը, ինչքանը գնացել է կովերի կրծքերի խնամքի վերաբերյալ դասախոսություններին տարեկան ուղղվեր գիտությանը, գիտնականների աշխատավարձերը 2.5-3 անգամ կաճեին, և գիտությունն ահագին կարգի կընկներ, ոլորտը կդառնար գրավիչ, երիտասարդ գիտնականը կստանար 100 000-ից ավել, որն էլի մի ծակ կփակեր: Ոլորտն ու երկիրը լքող գիտնականները կքչանային:

Հիմա` հասարակագիտական-նախագահական հարց. Էդքանը տվեցիք անկապ դասախոսությունների, որ ի՞նչ անեք: Հանկարծ լուրջ չընդունեք, ժողովուրդ ջան, թե բուն փողերը գնացել են դասախոսությունների վրա: Մի բան հաստատ է՝ մեր վարչապետը լա՜վ տնտեսագետ է. նա քաջ ծանոթ է ժողովրդի գրպանից-ի՛ր գրպան շղթայի բոլոր օղակներին: Թե ասա՝ էդքանը լցնում ես գրպանդ, որ ի՞նչ անես:

Ես ժամանակ առ ժամանակ զարնվում եմ մի պոետի կամ փիլիսոփայի մտքերի վրա: Հիմա մուսաս չինացի իմաստախոս Լաո Ցզին է: Հատուկ առաջարկ վարչապետին՝ Լաոյի շուրթերով՝ Ավելի լավ է չքավորության մեջ մաքուր լինել, քան աղտոտել քեզ անազնիվ վաստակած հարստությամբ:

Է՜, վարչապետ ջան, որ նոր-նոր էիր նստել, համեստ կենցաղավարության ու ապրելակերպի դասեր էիր տալիս ժողովրդիս, բայց էսօր քո իսկ ամենամերձավոր սուրբ ընկերը բենթլիով է ֆռֆռում: Որ ի՞նչ անի։ Դե որ խոսքն եկավ, մի ասույթ-հատուկ առաջարկ էլ Խուն Ցզիչենից մեր Մեծն Բենթլիիստին՝ Մեծատոհմիկի կառքում նստած՝ անկարելի է չերազել լեռնային բարձունքների անտառների մասին: Ապրելով անտառային առվակի մոտ՝ անկարելի է չմտածել կայսրի պալատում ծառայողների հոգսերի մասին: Արդ՝ համբուրելով կասկածելի գործերի մեջ խառնված աջդ, հիշեցնենք, որ առաքելություններիցդ գլխավորն է՝ ապրել համեստ կենցաղով, ժողովրդին մոտիկ: Այնպես որ՝ իջե՜ք, իջե՜ք բենթլիից ու ապրեք անտառային առվակի մոտ:

Երբ մեր պարոն վարչապետը նոր-նոր նստեց (վարչապետ հա՜, ուրիշ բան չկասկածեք), հավատացինք, ցնծացինք, որ վերջապե՛ս մի կարգին ղեկավար եկավ։ Քիչ էր մնում իրար ասեինք՝ կառավարություն եկավ և հայտնեցավ. բոլորիս մե՜ծ ավետիս… Ավա՜ղ, ազգս երիցս խափվեց:

Դե հիմա՝ ասելիքս ո՞րն է՝ վարչապե՛տ ջան, էդ օֆշորների գումարները, որ երկնքից մանանայի պես թափվել են հաշվեհամարիդ վրա, ուղղիր գիտությանը:

Մտորումներ. չեղավ՝ մի տենց բարեգործ էլ մեր հաշվեհամարին ռաստ գար: Ասենք՝ հաշվեհամար ունե՞ս, որ խոսում ես, ո՞ւր գցեր փողերն էդ խեղճ բարերարը: Բայց, ժողովուրդ, պատկերացրի, որ մի տենց բան լիներ է՞… բոլորիդ՝ մեծ մաղարիչ… առաջինը՝ պարտքերս կտայի, էն Գոռի հորը հե՜ռվից տեսնելիս ճամփաս փոխում եմ, էդ մարդու 10 000-ը կտայի ու բաց ճակատով կբարևեի հաջորդ օրվանից, տանս ռեմոնտը կվերջացնեի, գիշերը պառկելուց առաջ կհիշեի, որ պարտք-մարտք չունեմ ու հանգի՜ստ քուն կմտնեի… ժողովուրդ, էս հարցում ով ինձ հասկանում է, թող ձեռք բարձրացնի: Լա՜վ, չերազենք, Արա՛մ, գործե՛լ է պետք:

Ուրեմն՝ առաջարկ, էն էլ՝ հատուկ, էն էլ՝ վարչապետիս. օֆշորների գումարները ուղղիր գիտությանը, վարչապե՛տ ջան. հա՛մ բաց ճակատով կմնաս ժողովրդի մոտ, հա՛մ գիտնականի աչքում կբարձրանա լրի՜վ ընկած վարկանիշդ, մարդիկ՝ բավարարված, գլուխները կախ կաշխատեն: Դու էլ հո լա՛վ գիտես՝ ոնց են աշխատում մեր գիտնականներն ու երկրիդ անունը դրսերում բարձր պահում: Հա՛մ կազատվես էդ կեղտոտ փողերից ու օրերից մի օր պոստդ կթողնես՝ հարգված ու երիցս մաքրագործված:

Մեծագույն հաղթանակն այս աշխարհում գովասանքի խոսքի իսկ արժանի չէ: Մեծագույն հանցագործությունն այս աշխարհում պարսավանքի խոսքի իսկ արժանի չէ: Թե չէ… սենց որ գնա, ժողովրդի կողմից պարսավանքի խոսքի էլ չես արժանանա:

Էստեղ ես հիշեցի, որ առաջարկս վերցրել եմ ՊԳՖԱ-ից, միտքը պատկանում  է Viparmenia Portalին։ Էնտեղ գրած է էսպես. «Առաջարկում եմ` Վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանն հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա ԻՐԵՆՑ անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը, օրինակ գիտության պետական կոմիտեին, ակադեմիային կամ որևէ հայաստանյան գիտահետազոտական կենտրոնի․․․»

Հա՛, էդ նախավերջին միտքն էլ Լաո Ցզիինն էր:

Արամ Պապայան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here