Գիտությունը գերակա ոլորտ հայտարարած երկրում գիտական աշխատանքը չի՛ համարվում մտավոր գործունեություն. Խելքի՛ աշեցեք

0
130

 

Կա մի երկիր, որտեղ  վերջին 20 տարիների ընթացքում ձևավորվել է զավեշտ առ այն, որ այնտեղ գիտությունը հայտարարվել է գերակա ոլորտ, միաժամանակ, այդ երկրում գիտնակնները չկան մտավոր գործունեությամբ զբաղվող մարդկանց թվում: Սա Ջիվանու քնարին վայել թեմա է. խելքի՛ աշեցեք:

Խնայելով մեր քաղաքացիների՝ առանց այն էլ ո՛չ լավ վիճակում գտնվող նյարդերը, ասեմ, որ այդ առանձնահատուկ և նման հարցում հավասարը չունեցողը մե՛ր երկիրն է. ողբա՜մ զքեզ, Հայո՜ց աշխարհ, որ գնալով ավելի ու ավելի ես վերածվում աբսուրդների թագավորության: Ուրեմն՝

Այն, որ գիտական աշխատանքը չի՛ համարվում մտավոր գործունեություն, դա արդեն զավեշտ է, բայց զավեշտն է՛լ ավելի է խորանում, երբ հաշվի  ենք առնում, որ դա ա՛յն երկրում է, որը գիտությունը հայտարարել է գերակա ոլորտ:

(-Այս հակասությունն ո՞վ է հորինել և ինչի՞ համար…

-Պարզ չէ՞. կառավարությունը՝ ցուցամոլությունից ելնելով, որ աշխարհին զարմացնի գիտելիքահենք բառով: Նա երբեք գործով չի զարմացնում, այլ միայն բառերով:

-Մի՞թե չկա մեկը, որ կարողանա խոսքն ու գործը համատեղել:

Այստեղ ես չդիմացա ու աղջկաս պատասխանեցի Մեծ Ջիվանու հանճարեղ տողերով՝

-Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած…)

Աշխարհում գիտությունը գերակա ոլորտ հայտարարել են շատ քիչ երկրներ: Օրինակ, ԱՄՆ-ում գիտությունը գերակա ոլորտ չէ, Ռուսաստանում գերակա ոլորտ չէ, եվրոպական երկրների մեծ մասում գերակա ոլորտ չէ: Իսկ այն երկրներում, որտեղ գիտությունը որպես գերակա ոլորտ է դիտվում, այնտեղ այն ամենը, ինչը գիտությանն է վերաբերում, քարոզվում է, պրոպոգանդվում, դրվում ուշադրության կենտրոնում: Ֆինն գիտնականը, ֆինն հանրության տեսակետից, կուռք է: Չինաստանում, Կորեայում ևս փաստացի գիտությունը գերակա ոլորտ է, և այդ երկրները գիտնականի ու գիտության հանդեպ վերաբերմունքով ամեն պահ ապացուցում են դա: Օրինակ՝ Չինաստանում պրոֆեսորի աշխատավարձը ամսական 5-6 000 դոլար է:

Ընդհանրապես, երկրները, որոնք իրենց հույսը կապում են գիտության հետ, շատ քիչ են, և դրանք հիմնականում այն երկրներն են, որոնք բնական ռեսուրսներով հարուստ չեն: Մեր երկրում բոլորի համար ակնհայտ է, որ գիտությունը պիտի՛ լինի գերակա ոլորտ, քանի որ մենք շատ ռեսուրս չունենք՝ չունենք նավթ, գազ և այլն: Պետք է կարծել, որ, հե՛նց այդ գիտակցությունից ելնելով է, որ մեր երկրում գիտությունը հայտարարվել է գերակա ոլորտ: Բայց արի ու տես, որ հայտարարվե՜լ է… ու միայն այդքանը… խելքի՜ աշեցեք…

ՀՀ քաղաքացին հիմնականում արդեն իմունիտետ է ձեռք բերել զավեշտների հանդեպ: Օրինակ, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դեռ ԿԳ նախարար չէր, միտք է հայտնել, որ, որ զավեշտալի է և նոնսենսային, որ գիտակրթական համակարգում ավելի բարձր մակարդակի վրա գտնվող մարդը՝ գիտնականը, վճարվում է ավելի ցածր, քան նույն համակարգում ավելի ցածր գտնվողը: Նա ասաց, որ ոչ թե պետք է կտրել ուսուցչի աշխատավարձից, որն իրականում բարձր է միայն՝ համեմատա՛ծ գիտնականի աշխատավարձի հետ, այլ պիտի նկատելիորեն բարձրացնել գիտնականի աշխատավարձը: Ցավոք, նա էլ շատ արագ իմունիտետ ձեռք բերեց ու սովորեց գիտության դոկտոր-պրոֆեսորի՝ դպրոցի ուսուցչուհու աշխատավարձի կեսի չափ ստանալը չդասել զավեշտների թվում:

Մեր երկրում այժմ կա ընդամենը 4 000 գիտնական: Այնպես որ, Հայաստանի դպրոցներում դասավանդող 40 000 ուսուցիչների աշխատավարձերը 10 000 դրամով բարձրացնելով, միևնույն է, երկու անգամ ավելի մեծ գումար է հատկացվում, քան յուրաքանչյուր գիտնականին 50 000 ավելացնելիս: Այս պարզ թվաբանությունը կարող է անել յուրաքանչյուր աշակերտ, իսկ գիտնականները դեռևս սպասում են, թե երբ պիտի ղեկավարությունը կարողանա 3-րդ դասարանցու չափ հաշիվներ անել:

Թեև ՀՀ քաղաքացու կաշին արդեն հաստացել է մշտական իմունիտետներից, բայց մեկ-մեկ, չդիմանալով, կրկին ու կրկին զարմանում է աբսուրդի ու զավեշտի առատությունից… և ինչպե՞ս չզարմանալ, թե ինչպես շատ պաշտոնյաներ, լինելով տկարամիտ, ժողովրդին տկարամիտի տեղ են դրել…

Խելքի՛ աշեցեք:

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here