Երիտասարդ կենսաբանի լաբորատորիան

0
152

 

«Պիեռ և Մարիա Կյուրիները ներդրել են իրենց, ինչպես նաև գիտությունը գնահատողների կողմից նվեր ստացած ողջ գումարն ու, չնայած դժվարություններին և ցածր աշխատավարձին, որը հազիվ էր բավարարում նրանց սննդին, հարդանոցում ստեղծել լաբորատորիա, որտեղ հայտնագործել են երկու նոր ճառագայթաակտիվ քիմիական տարր (1-ինն անվանելով պոլոնիում ի պատիվ Մարիայի հայրենիք Լեհաստանի, 2-րդը` ռադիում), դառնալով մարդկության պատմության ամենահայտնի ֆիզիկոսներից: Նրանք ստացել են Նոբելյան մրցանակ, որի գումարը ևս, անմնացորդ, ներդրել են լաբորատորիայի, սարքավորումների և շատ դժվարին ճանապարհներով ձեռք բերվող նյութերի վրա»: Այս պատմությունը խորը մնացել է իմ հիշողության մեջ դպրոցական դասագրքից, հիշողությունս և էությունս պահպանել է նաև այն ակնածանքը, որով լցվում էի Կյուրիների հանդեպ (և ո՛չ միայն Կյուրիների), այս տողերը կարդալիս:

Նվիրյալներ բոլոր ժամանակներում էլ ծնվում են, մեկը մե՜ծ արդյունքների է հասնում, մյուսը` գուցե մի քիչ պակաս, բայց, եկեք խոստովանենք՝ կան մարդիկ, որոնք պարզապես գիտնական են ծնվում. նրանց մեջ եռում է հետազոտելու և բացահայտելու կիրքը: Նրանց մեջ այդ կիրքը դառնում է կյանքի իմաստ ու նպատակ, նրանք գիտության այն կամավոր զինվորն են, որ մարդկությանը առաջընթաց են նվիրում:

Ահա երիտասարդ կենսաբան Հովակիմ Զաքարյանը: Աշխույժ, ակտիվ, գործունյա և եռանդուն 26-ամյա գիտնականն արդեն 7 տարի է, որ աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Վերջերս պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է բջջի կորիզի մետաբոլիկ հատկանիշների փոփոխությանը՝ տարբեր վիրուսային վարակների ժամանակ։

Հովակիմը կենսաբան է, հետևաբար, նրա համար դժվարություններն ավելի շատ են: Ավաղ, որքան էլ ցանկանա, նա չի կարող պարզապես խրվել գիտության մեջ և շուրջն ամեն ինչ մոռանալ: Մեր երկրում այդպես հնարավոր չէ. ամեն քայլափոխի երիտասարդ գիտնականը կանգնում է խնդիրների առաջ, օրերով ստիպված թողնում հետազոտական աշխատանքն ու զբաղվում դրանցով: Իսկ դրանք կարող են շատ ու շատ լինել՝ հոսանքի խափանում, ինտերնետ կապի աննորմալ վիճակ, հանկարծ ջրի ծորակն է փչացել կամ խողովակը՝ պայթել ու ողողել լաբորատորիան՝ փչացնելով դժվարությամբ ձեռք բերված, այն էլ՝ ո՛չ այնքան ժամանակակից սարքավորումները: Փորձարարի համար կան նաև այլ բնույթի խնդիրներ. անհրաժեշտ սարքերի ու նյութերի ձեռքբերման հարցը, սարքեր ու նյութեր, որոնք թանկ են և հաճախ դրանց բացակայությունը կարող է պատճառ դառնալ աշխատանքն անժամկետ դադարեցնելու:

Կարո՞ղ ենք պատկերացնել գիտության մարդու հոգեվիճակն այդ ժամանակ: Դե, եթե կարող ենք, ուրեմն՝ կարդնեք մինչև վերջ և մտածենք՝ ինչպես և ինչով կարող ենք օգնել: Չէ՞ որ գիտնականի՝ իր հետաքրքրասիրությունը բավարարելու արդյունքներից օգտվում է ողջ մարդկությունը:

Ես հենց այնպես չհիշեցի Կյուրիների լաբորատորիան ու հենց այնպես չհիշեցի հայկական գիտական լաբորատորիաների պայմանները: Աշխարհը գիտության զարգացման խենթ տեմպ է բռնել, իսկ ՀՀ-ում դեռ գործում են Կյուրիների ժամանակները, երբ գիտնականն ինքն էր ստեղծում աշխատելու իր պայմանները, հայթայթում նյութեր ու սարքավորումներ: Ահա նկարում տեսեք Հովակիմի ապագա աշխատանքային լաբորատոր սենյակն ու պատկերացրեք նրա մեծ ցանկությունը՝ աշխատելու ժամանակակից գիտնականին վայել պայմաններում: Իսկ որ նա վառվում է հետազոտելու կրքով, երևում է նույնիսկ իր նախընտրած ասույթներից՝ «Այն, ինչ գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք՝ անսահման» (Պիեռ Սիմոն Լապլաս), «Գիտությունը, պարզվում է, միշտ սխալ է. այն ի զորու չէ լուծել և ո՛չ մի հարց՝ չդնելով տասնյակ նոր հարցեր» (Բերնարդ Շոու)։

Ուրեմն՝ Հայաստանում կան, լայն հանրությանը ո՛չ այնքան հայտնի, երիտասարդներ (քանի որ նրանք ո՛չ շոու-բիզնեսի աստղ են, ո՛չ էլ սերիալի «սրտակեր» դերասան), որոնք գիշեր-ցերեկ չեն մտածում բենթլիի, կամ շքեղ առանձնատան, կամ շուրջերկրյա ռոմանտիկ ուղևորությունների մասին, նրանց երազանքն առաջին հերթին իրենց լաբորատորիայում նվազագույն պայմանների ապահովումն է և նորմալ պայմաններում «գիտություն անելը»:

Բանն այն է, որ Հովակիմը թանկարժեք սարքավորումներ է նվեր ստացել Գերմանիայի Էրլանգենի համալսարանից, և որոնց Հայաստան գալու ճանապարհի ամեն կիլոմետրը այդ սարքավորումներն անցել են՝ Հովակիմին բերելով աննկարագրելի հույզեր: Բնականաբար նա չի ցանկանում, որ այդ սարքավորումները հանգրվանեն հայաստանյան քայքայված ու տարրական հարմարություններից զուրկ սենյակում: Հիմա երիտասարդ կենսաբանի երազանքն ու ցանկությունն է՝ վերանորոգել լաբորատոր սենյակն ու այնտեղ տեղադրել նվեր ստացած սարքավորուները:

Իհարկե Հովակիմը շատ փորձեր է կատարել՝ հայթայթելու գումար այդ նպատակի համար, բայց՝ ապարդյուն: Մի քանի օր առաջ «Մի տնից չենք, մի օրի ենք» 🙂 «ծրագրի շրջանակներում» նրան օգնության ձեռք է մեկնել ևս երիտասարդ գիտնական, ARMACAD ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը՝ փորձելով իրականացնել դրամահավաք:

Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում թողել է հետևյալ գրառումը՝ ARMACAD-ի և մասնավորապես Խաչիկ Գևորգյանի աջակցությամբ դրամահավաք ենք կազմակերպում, որի արդյունքում վերանորոգվելու են մեր լաբորատորիայի ոչ բարվոք վիճակում գտնվող երկու սենյակները և ծառայելու են լաբորատոր փորձերի համար։ Բոլոր ընկերներիս, գործընկերներիս և ծանոթներիս խնդրում եմ մասնակցել դրամահավաքին։ Կարող եք կատարել նվիրատվություն կամ տարածել այս ինֆորմացիան ձեր շրջապատում։ Վստահ եմ, միասին կարող ենք հավաքել անհրաժեշտ գումարը և միասին կարող ենք ներդրում ունենալ մեր գիտության մեջ։ Ավելի մանրամասն տես ստորև՝ http://www.indiegogo.com/projects/renovation-of-a-laboratory։

2 օր անց՝ ևս մեկ գրառում՝ Դեռևս երկու օր չի անցել, բայց մենք հավաքագրել ենք ամբողջ գումարի շուրջ 32%։ Ամեն մի լուման չափազանց կարևոր գործի է ծառայելու։ Վստահ եմ՝ կկարողանանք հավաքագրել ամբողջ գումարը։ Խնդրում եմ մասնակցեք և տարածեք` http://www.indiegogo.com/projects/renovation-of-a-laboratory։

Կայք-էջի միջոցով, ժամանակակից տարբեր մեթոդներ կիրառելով, հավաքվել է 930 դոլար: Կհավաքվի՞ ամբողջը. հարցադրումը եռում է… իսկ ընթացքում՝ հումոր, կատակներ, ապագա լաբորատորիայի կենացը խմելու խոստումներ և իհարկե… սրտատրոփ սպասում:

965 դոլար, որը պահանջվածի մոտ 39 տոկոսն է կազմում…

Իսկ ինչպե՞ս մարդ զսպի իրեն ու չտանի զուգահեռներ՝ հիշելով, թե ի՜նչ գումարներ, քանի՜ 900 և 9000 դոլարներ են քամու տրվում: Հարգելի՛ հարուստներ, չէ՞ որ դա ձեր որդու գրպանի 1 օրվա ծախսն է, ձեր կերուխումի սեղանի 1 անգամվա հաշիվը, ձեր կնոջ կամ դստեր մի մուշտակը կամ զարդը:

Գիտե՞ք ինչու հիշեցի Կյուրիներին. ես այն ակնածանքը, գիտության նվիրյալների հանդեպ, պահպանել եմ մինչ այսօր, իսկ դո՞ւք: Չե՞ք կամենում գիտության համար ներդրումներ անել և ո՛չ մի պահ անգամ չկասկածել, հաստատ համոզմունք ունենալ, որ այդ գումարը վե՛հ նպատակի համար ծախսեցիք, ուզու՞մ եք ճանաչել, գնահատել և օգնել երիտասարդին, որը գիտնական է ծնվել, որին գումարը պետք է ո՛չ թե իր համար, այլ՝ գիտության, այսինքն՝ մեր բոլորի, այսինքն՝ երկրի, աշխարհի, ապագայի…

Դե ուրեմն՝ ահա՝ http://www.indiegogo.com/projects/renovation-of-a-laboratory։

Շնորհակալությո՛ւն: 🙂

 

Մանե Հակոբյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here