Վերականգնե՛լ տրանսպորտի նախկին սակագինը, իսկ գիտնականներից, թոշակառուներից և ուսանողներից գանձել դրա կե՛ս գինը

0
128

 

Արդեն երկու տարի է, որ 35 000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ, և դրանից ո՛չ այնքան ավել ստացող միջին ու բարձր սերնդի շատ գիտնականներ միացել ու «Պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում»: Թվում է՝ 2 տարին մի դրական արդյունք պիտի արձանագրեր, «Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս»:

Թեև ժողովուրդն արդեն գիտի, որ իշխանություններից հնարավոր չէ բարի լուր ստանալ. բացառվո՛ւմ է ավետիսը, նրանցը միայն բոթ է ու գույժ, միևնույնն է, բայց էլի ամեն նոր բոթի հետ (գազի, հոսանքի, հացի, ջրի, բենզինի թանկացումներ) եռում է բողոքի ու վիրավորանքի ալիքը, իսկ երբ ալիքն իջնում է, դրան հաջորդում է նոր թափ՝ երկիրը լքելու:

Վերջին բոթը, կապված տրանսպորտի թանկացման հետ, ըմբոստացրել է մարդկանց և դուրս հանել՝ պաշտպանելու իրենց՝ գնալով արդեն մոռացվող իրավունքները՝ «Նըրանց արինը կարմի՞ր է մերից, Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից»։

Հիմա, «ի պատասխան» քաղաքացիների արդարացի բողոքների՝ «Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր։ Մինը իր կամքին՝ ինչ ասես անի, Մյուսը խոսելու իրավունք չունի», կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել տրանսպորտի սակագինը, և այն էլ, միանգամից 50 դրամով: Դե, մերոնք հավես չունեն ո՛չ կլոր թվեր գրպանելու, նրանց գրպանները սովոր են կլորի՛կ թվերի:

Թողնեն՝ 10 հարկանի ճառեր արտասանեք՝ սովետի (Խորհրդային միության) թերություններից, իսկ դուք մոռացե՞լ եք, «հարգելի՛» ղեկավարներ, որ սովետի ժամանակ, ինչպես որ հիմա շատ քաղաքակիրթ և զարգացած երկրներում է, ուսանողները երթևեկում էին կես գնով: Հիմա եվրոպական շատ երկրներում երիտասարդ գիտնականը տրանսպորտից օգտվում է՝ վճարելով փոքր, անգամ սիմվոլիկ գումարներ:

Գիտնականներն ու թոշակառուներն ու ուսանողները հենց այնպես չհիշատակվեցին. նրանց երթևեկությունը պետությունը պարտավո՛ր է ապահովել, եթե ոչ՝ անվճար, ապա գոնե կես գնով: Իսկ թե ինչո՞ւ աշխատող խավից հատկապե՛ս գիտնականներին և ոչ թե, ասենք՝ գրադարանավարներին, հորատողներին կամ շինարարներին, պատասխանը պարզ է՝ քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության ամենաառաջին հոդվածի՝ Հայաստանի հանրապետությունը սոցիալական պետություն  է, իսկ սոցիալական երկրում ուշադրության կենտրոնում առաջին հերթին պիտի լինի սոցիալապես ամենաանապահով խավը, որն էլ մեզ մոտ հե՛նց գիտնականն է: Փորձիր ասել այս աբսուրդը ամենահետամնաց-աղքատ երկրից մինչև ամենազարգացածում, որ կա երկիր, որում ամենաանապահով աշխատող խավը գիտնականն է, որ հե՛նց գիտնականն է, որ ստանում է և՛ գրադարանավարից, և՛ ուսուցչից, և՛ հավաքարարից ցածր աշխատավարձ, և կարող ես չկասկածել, որ քեզ հոգեկան հիվանդի տեղ կդնեն: Ոչ ոք չի հավատա, որ իշխանավորների կողմից գիտելիքահենք հորջորջվող մի երկրում, որում գիտությունն ընդունվել է՝ որպես գերակա ուղղություն, գիտնականն ամենաանապահով աշխատող խավն է:

Ես միանո՛ւմ եմ հազարավոր մարդկանց, որ պահանջում են վերականգնել տրանսպորտի նախկին սակագինը, այո՛, ամեն օրվա գնալ-վերադառնալու 2 ավել 50 դրամը մի 100 դրամանոց փոքրիկ հաց է կազմում, ինչից այսօր զրկել շատ ընտանիքների, պարզապես սրիկայություն ու հանցագործությո՛ւն է:

Ավելի՛ն՝ պետության և գծատերերի համար ոչինչ է մեր 4000 գիտնականի երթևեկությունը կես գին դարձնելը, մանավանդ, որ գիտնական տեսակը Հայաստանում անհետացող տեսակ է և արդեն անհրաժեշտ է նրան անհապաղ ներառել Կարմիր գրքում:

Սովետի տարիներին գիտնականների թիվը Հայաստանում 27 հազար էր, այսօր նրանց թիվը հասել է 4000-ի: Ուրեմն՝ 20 տարում 23 հազարով պակասել է նրանց թիվը: Այստեղ մի զուգահեռ էլ պիտի անցկացնենք… Մենք նշում ենք Ապրիլի 24-ը՝ որպես եղեռնի զոհերի հիշատակի օր, քանի որ հատկապես ա՛յդ օրը թուրքերի կողմից սպանվեցին մեծաքանակ հայ մտավորականներ, իսկ մեր երկրի այն 23 հազար գիտնականների համար ի՞նչ օր ընտրենք հիշատակի, ինչպե՞ս չասենք, որ մեր կառավարությունը փաստացի ոչնչով չի տարբերվում երիտթուրքերի կառավարությունից, նույնիսկ կարելի է ասել, որ շատ ավելի վատն է` քանի որ նրանք եղեռն են իրականացրել օտարի հանդեպ, իսկ մերոնք դա անում եք սեփակա՛ն ժողովրդի հանդեպ:

«Հարգարժա՛ն» ղեկավարություն, դուք թալանել եք և շարունակում եք թալանել ամբո՛ղջ ժողովրդին, բայց աբսուրդի հասնող, եղեռնի՛ նմանվող թալանը կատարել եք հատկապես գիտնականների՛ հանդեպ: Անբարոյական է, որ այսօր չեք փայփայում և անում անգամ անհնարինը, որպեսզի պահպանեք գոնե այդ 4 հազարին:

Ինքնագիտակցությա՛ն եկեք վերջապես. Ավերակների վրա՞ եք կառավարելու:

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here