ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ, ՎԵՐԱԴԱՐՁԻ՛Ր

0
124

Երկրի ներկայի ու ապագայի համար գիտության զարգացման հրամայականի մասին արդեն այնքան է խոսվել, այնքան անհերքելի հիմնավորումներ են բերվել, որ դրան ևս մեկ անդրադարձն արդեն կարծես թե թվում է անտեղի: Ցանկացած խելամիտ մարդու համար  ակնհայտ է, որ առանց գիտության զարգացման մեր երիրն ապագա չունի: Ի՞նչ ունենք այսօր իրականում: Դեկլարատիվ մակարդակում գիտության զարգացումը մեր երկրում հռչակված է որպես գերակա ոլորտ: Իսկ փաստացի մակարդակում ունենք այն, որ գիտնականները մեր երկրում ամենացածր վարձատրվող խավն են: Միայն այս փաստը բավական է, որ հասկանանք, թե այսօր մեզանում գիտության նկատմամբ վերաբերմունքն ինչպիսին է, որքան է գիտությունը հեղինակազրկաված ու ոչ հրապուրիչ երիտասարդների համար: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ գիտությունը ոչ միայն երկրի տնտեսության և պաշտպանունակության զարգացման կարևորագույն գործոն է, այլ նաև` լուսավորության, կրթության ու դաստիարակության հզոր միջոց:

Գիտության ոլորտի բարելավման, գիտության հեղինակության վերականգնման կարևոր քայլերից մեկն էլ գիտության քարոզչությունն է: Հատկապես դեռահասների, պատանիների ու երիտասարդների շրջանում: Համակարգված, մտածված ու լայնածավալ քարոզչությունը: Երանությամբ եմ հիշում, թե խորհրդային ժամանակներում այդ քարոզչությունն ինչպես էր իրականացվում: Եվ նաև հենց դրա արդյունքում էր, որ խորհրդային, այդ թվում նաև խորհրդահայ գիտությունն աննախադեպ ծաղկում էին ապրում, իսկ խորհրդային/խորհրդահայ հասարակությունն աշխարհում ամենից շատ կարդացող հասարակությունն էր: Սովետական Մեծ Հանրագիտարանի տվյալներով, Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում 1-ին (թե՞ 2-րդ) տեղն էր զբաղեցնում բնակչության քանակին բաժին ընկնող գիտնականների թվով:

Իմ սերնդակիցները կհիշեն, թե գիտակրթական ու գիտահանրամատչելի ինչպիսի՜ փառահեղ հեռուստահաղորդումներ ու ամբողջ հաղորդաշարեր կային, որոնք շատ մեծ մասսայականություն էին վայելում: Միայն «Очевидное невероятное» հաղորդաշարը հիշեցնելը բավական է (շատերս շունչներս կտրած էինք նայում այդ հաղորդումները): Հայկական հեռուստատեսությամբ նույնպես բավական թվով գիտակրթական ու գիտահանրամատչելի հաղորդումներ կային: Իսկ ինչպիսի՜ փառահեղ հրատարակություններ կային: Մատաղ սերնդին ու լայն հասարակությանը հասցեագրված որքան շատ հանրամատչելի գրքեր էին տպագրվում, որոնք պատմում էին գիտության, գիտնականների կյանքի, տարբեր գյուտերի, հայտնագործությունների ու գիտության նորույթների մասին (օրինակ, «В мире науки и техники» վերտառությամբ): Ու որքան գրավիչ ու ուսանելի էին դրանք, գրողը տանի:

Գիտաֆանտաստիկ գրականության ամբողջ շարքեր կային, թարգմանվում էին նաև արտասահմանյան բոլոր լավ ֆանտաստ գրողները: Ինչպիսի՜ ամսագրեր կային («Техника молодежи», «Наука и жизнь», «Գիտություն և տեխնիկա»): Դպրոցականների համար նախատեսված հատուկ հանրագիտարանների շարքեր էին լույս տեսնում («Энциклопедия юного астронома», «Энциклопедия юного химика… математика… биолога…» և այդպես շարունակ): Դարձյալ դպրոցականների համար նախատեսված հիանալի բրոշյուրներ էին լույս տեսնում սերիաներով (օրինակ` «Серия: Математика и астрономия в школе»): «Գիտելիք» ընկերությունը բազմաթիվ սերիաներով ամսական բրոշյուրներ էր հրատարակում ինչպես բնագիտական, այնպես էլ հումանիտար ուղղվածության: Եվ դրանք այնքան էլ գաղափարականացված չէին, որքան դրա մասին ասվում է: Նախաբաններում հեղինակները մի քանի տողով տուրք էին տալիս կուսակցությանն ու գաղափարախոսությանը և վերջ: Իսկ բրոշյուրների ու գրքերի բովանդակությունն արդեն դրա հետ ուղղակի առնչություն այնքան էլ չուներ: Ամենատարբեր հրատարակչություններ դարձյալ սերիաներով գրքեր էին հրատարկում: Ուսուցիչների, դասղեկների և դաստիարակների համար նույնպես հատուկ սերիաներով գրքեր ու բրոշյուրներ էին տպագրվում (օրինակ` «Психологическая наука – школе» վերտառությամբ): Եվ շատ մեծ տպաքանակներով…

Ամենակարևորն այստեղ այն է, որ այդ ամենն իրականացվում էր ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ, դա ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ: Բա ո՞նց չասեմ. Խորհրդային մոտեցում, վերադարձի՛ր: Ինչ-ինչ, բայց խորհրդային կառավարությունը շատ լավ էր հասկանում գիտության դերը երկրի կյանքում և համապատասխան վերաբերմունք ուներ թե՛ գիտնականների և թե՛ գիտության ու կրթության քարոզչության նկատմամբ: Եվ այդ ամենն իր սքանչելի պտուղներն էր տալիս:

Ամփոփեմ: Եթե մեր կառավարությունը նույնպես գիտակցում է գիտության կարևորությունը երկրի համար, ապա անհապաղ պետք է ձեռնամուխ լինի գիտության քարոզչության նմանատիպ քաղաքականություն մշակելուն և իրականացնելուն: Սա ոչ միայն գիտության ոլորտի, այլև կրթության և դաստիարակության կարևորագույն խնդիր է: Բայց այս գործը միայն կառավարության հոգսը չպետք է լինի: Մասնավոր սեկտորը, գործարարները, հրատարակչությունները նույնպես պետք է ձեռնամուխ լինեն սրան և միասնական ջանքերով համապատասխան ծրագրեր իրականացնեն: Հարկավոր է հասնել նրան, որ հեռուստաեթերից հորդացող գռեհկության ու սերիալների կողքին լինեն նաև գիտակրթական ու գիտահանրամատչելի հաղորդաշարեր և հաղորդումներ: Ինչո՞ւ եմ շեշտում հատկապես հեռուստատեսությունը, որովհետև իր ազդեցության ծավալներով և ուժով, ինչպես նաև հասանելիության առումով հեռուստատեսության հետ որևէ բան մրցել չի կարող: Զուգահեռաբար պետք է մտածել նաև լայն լսարանին հասցեագրվող գրքերի, ամսագրերի ու բրոշյուրների մասին: Անշուշտ, այս քարոզչությունը պետք է զուգակցվի նաև հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներով: Բայց այս ամենը դետալներ են: Գլխավորը սկսելն է, համապատասխան քաղաքականություն մշակելը: Եվ որքան շուտ` այնքան լավ: Մենք ժամանակ չունենք:

Եվ թող ոչ ոքի մտքով չանցնի պատճառաբանում բերել, իբր մեր պետությունն աղքատ է և դրա համար միջոցներ չկան: Հիշեցնում եմ. ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիան հիմնադրվել է 1943 թվին, այսինքն պատերազմի ժամանակ: Ինչպես ասում են «Մտքներին տեղ ըլնի, ամանում էլ եղ կըլնի»:

 

Հրաչյա Ամիրյան

Հոգեբան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here