Գիտական ամուսնություններ – Իմ առաջին «գիտական» վերլուծությունը. մայրիկս, հայրիկս ու ե՛ս

1
217

 

Ես մեկ տարեկան եմ, ազգանունս Վիդման է: Վիդմանն իմ հայրիկի ազգանունն է: Ես մեծերի հարգալից պահվածքից արդեն գիտեմ, որ այդ ազգանունն ինչ-որ կարևոր բան է նշանակում, հետևաբար, ես հպարտությամբ եմ կրում իմ ազգանունը: Երբ հանկարծ մի անծանոթ է ինձ տեսնում, անպայման ժպտում է, ինչ-որ քաղցր-մեղցր խոսքեր է ասում, իսկ հետո՝ պարտադիր՝ օ՜, ինչ նման է հայրիկին, ճիշտ հայրիկի կրկնօրինակն է: Ես նայում եմ մայրիկիս ու մտածում, որ գուցե նա այնքան էլ ուրախ չէ իմ՝ միա՛յն հայրիկիս նման լինելու փաստով, բայց տեսնում եմ, որ նա գոհունակ ժպտում է և դեռ ավելացնում՝ նա բնավորությամբ էլ է Դենի կրկնապատկերը: Հետո հարցնում են՝ էլ չե՞ք ուզում երեխաներ ունենալ, մայրիկս պատասխանում է՝ երկրորդ երեխայի մասին չենք մտածել, ինչպես կստացվի, այնպես էլ կլինի։ Իսկ ես մտածում եմ, որ եթե ես փոքրիկ քույրիկ ուենամ, նա էլ, լավ կլինի, որ մայրիկի՛ս կրկնօրինակը լինի: Այդ ժամանակ մեր ընտանիքում հավասարություն կլինի:

Բայց ես դեռ չեմ հասել ամենակարևոր պահին. անծանոթն անպայման ասում է, որ ես հավանաբար մե՜ծ աստղագետ կդառնամ, երբ մեծանամ: Հայրիկս գոհ է մնում այդ «գուշակությունից». պարզ է՝ նա ցանկանում է, որ իր տղան հետևի իր քայլերին և դառնա աստղագետ: Սակայն մայրս այստեղ կտրականապես դեմ է։ Նա դեմ լինելու իր այդ «թեզը» ներկայացնում է այսպես՝ իրականությունն այն է, որ հիմնականում երեխաները չեն ընտրում այն, ինչ ցանկանում էին ծնողները։ Ես կարծում եմ՝ որքան էլ ծնողը ցանկանա տեսնել իր երեխային այս կամ այն մասնագիտությամ մեջ, չպետք է ճնշում գործադրի, պիտի թողնել, որպեսզի նա ինքն ընտրի իր ապագա մասնագիտությունը։ Այսպիսով նա ավելի երջանիկ կլինի, քանի որ կզբաղվի սիրած գործով։

Այստեղ հայրիկս, իր խելացի զգուշավորությամբ, խոսքը շուռ է տալիս ու պատմում մի ծիծաղելի պատմություն՝ կապված իմ ապագա մասնագիտության ընտրության հետ. «Հայկական մի շատ հետաքրքիր սովորույթ կա, դժվարանում եմ արտաբերել այդ բառը (նա ուզում է ասել՝ ատամհատիկ), սակայն դրա իմաստը կայանում է նրանում, որ երբ հայտնվում է երեխայի առաջին ատամը, ապա գուշակվում է երեխայի ապագա մասնագիտությունը։ Այն, ինչ ընտրեց մեր որդին, մեղմ ասած, հեռու էր մեր պատկերացումներից։ Զուտ կատակի համար թղթի վրա գրել էինք նաև «մաֆիոզ», և հենց այդ թղթի կտորն էլ նա ընտրեց»։

Այո, ես վերցրի հենց այդ թղթի կտորը, քանի որ նրա վրայի խզբզածը գրավեց ինձ իր անսովորությամբ, պարզապես ուզեցի «հետազոտել» դա: Բայց ինձ շատ զարմացրեց այն, ինչ կատարվեց հետո. հայրիկս միանգամից բարձր սկսեց ծիծաղել, մայրիկս էլ, բայց՝ աչքերում մի քիչ անհանգստություն: Բոլորը կատակեցին ու աղմկեցին, ինչն ինձ մի պահ նույնիսկ վախեցրեց: Ես արդեն պատրաստվում էի լաց լինել, բայց երբ տեսա խեղճ տատիկիս վախեցած վիճակը, ինքս էլ սկսեցի ծիծաղել։

Իսկ եթե անկեղծ ասեմ, ես դեռ չեմ ընտրել մասնագիտությունս, միայն մի բան հաստատ է, որ երբ հայրիկն ու մայրիկը խոսում են աստղագիտությունից, ինչը նրանք հաճախ են անում, ես հաճույքով լսում եմ:

Ուրեմն՝ անունս Գարիկ է, ես ամերիկացի եմ: Սակայն գիտեմ, որ մե՜ծ օվկիանոսի մյուս ափից էլ դեռ շատ հեռու կա մի փոքրիկ երկիր, որի անունն է Հայաստան: Դա հայերի երկիրն է: Մայրիկս իմ ծնվելուց տարիներ առաջ ապրել է հենց այնտեղ, քանի որ նա հայ է: Նշանակում է՝ ես էլ կիսով չափ հայ եմ: Երբ կարողանամ խոսել, ես դա անպայման կասեմ մայրիկիս ու կտեսնեմ, թե ինչպես կժպտան նրա աչքերը, որ սև գույնի են ու խորունկ, և նման չեն իմ ու հայրիկիս աչքերին: Ընդհանրապես ես շատ եմ սիրում, երբ մայրիկը ժպտում է. այդ ժամանակ ես ինձ ավելի վստահ ու ապահով եմ զգում:

Ես շա՜տ հարցեր եմ նախապատրաստել՝ տալու մեծերին, երբ սկսեմ խոսել, բայց շատ բաներ էլ արդեն գիտեմ: Օրինակ, ես գիտեմ, թե ինչ է նշանակում գիտնական, աստղագետ, գիտական համագործակցություն: Հայրիկս Հայաստանի գիտնականների հետ շատ գիտական համագործակցություններ է ունեցել դեռ մինչև մայրիկիս հետ ծանոթանալը, և նրանք համատեղ կարևոր գիտական արդյունքներ են ստացել, բայց ես մի անգամ լսեցի ծնողներիս գաղտնի խոսակցությունը, որ ամենակարևոր համագործակցությունն ունեցել են միասին, իսկ արդյունքը՝ ամենաարժեքավորը՝ ե՛ս:

Ես դեռ չեմ կարողանում խոսել, բայց ուշադիր լսում եմ մեծերի խոսակցություններն ու մտածում դրանց մասին: Եվ շա՜տ բաներ արդեն պարզել եմ: Օրինակ, որ, ինչպես հայրիկս է ասում, գիտությունն է եղել իրենց ծանոթության «միջնորդը», քանի որ նրանք ծանոթացել են 2006թ.-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված առաջին աստղագիտական միջազգային դպրոցի ժամանակ, որտեղ հայրս՝ պրոֆեսոր, Կորնելի համալսարանի ավագ գիտաշխատող, PhD աստղագիտության բնագավառում, Դանիել Վիդմանը, հանդես էր գալիս՝ որպես դասախոս, իսկ մայրս՝ Լուսինե Սարգսյանը, ուսանող էր։ 2006-ին հայրիկիս Հայաստան գալու նապատակներից մեկը երկու երիտասարդի ընտրությունն էր, ովքեր պետք է ներգրավվեին համատեղ գիտական թեմաների մեջ։ Երկուսից մեկը եղավ մայրիկս, և, սկսած 2006-ից մինչ այժմ, նրանք իրենց բոլոր աշխատանքները կատարում են համատեղ, հոդվածները տպագրում են համատեղ։ Այժմ մայրս ավագ գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում, ֆիզ․մաթ․ գիտությունների թեկնածու է։ Այժմ գտնվում է իմ խնամքի համար նախատեսված արձակուրդում, սակայն շարունակում է աշխատանքը Կորնելի համալսարանում՝ որպես այցելող (visiting) գիտաշխատող։ Այն որ մայրիկն արձակուրդում է, հետևաբար՝ միշտ ինձ հետ, դա ինձ շատ է դուր գալիս:

Իմ պատճառով, իհարկե, մայրիկիս՝ գիտությանը նվիրված ժամանակը կրճատվում է, քանի որ դրանով կարողանում է զբաղվել միայն, երբ ես քնում եմ, իսկ երբ արթուն եմ, ինձ դուր է գալիս, որ հայրիկն ու մայրիկը միայն ինձնով են զբաղվում։ Սակայն նա չի բողոքում և ասում է, որ դա ևս բավարար է՝ ամբողջությամբ չկտրվելու գիտությունից։ Ճիշտ է՝ դանդաղել են տեմպերը, սակայն նրանք ամեն ինչ կհասցնեն, մանավանդ, երբ ես մի քիչ էլ մեծանամ ու օգնեմ նրանց:

Կա մի հարց, որ մայրիկիս շատ է վշտացնում, իսկ հայրիկս անհաղորդ չի մնում դրանից: Դա իր երկրի վիճակն է ու հատկապես՝ գիտության: Դա մեկ-մեկ այնքան խոսվող ու քննարկվող է դառնում տանը, որ ես մտածում եմ՝ երբ մեծանամ, գուցե մի կարևոր բան անեմ այդ ուղղությամբ: Այդ ժամանակ կկատարվի մայրիկիս ամենակարևոր երազանքը, և նրա աչքերը կողողվեն լուսավոր ժպիտով: Եվ ես դա անպայմա՛ն կանեմ:

Ընդհանրապես, մայրս շատ ուժեղ է, հաստատուն, վստահելի և գեղեցիկ, հայրիկս ասում է, որ երբ իրենք նոր են ծանոթացել, նա հայրիկիս առաջին հերթին հիացրել է իր խելքով ու գիտելիքներով: Մի անգամ մեկը մայրիկիս հարցրեց, թե արդյոք դժվար չէ՞ գիտությունը համատեղել տնտեսուհու և մոր պարտականությունների հետ, և արդյո՞ք դա պատճառ չի հանդիսանա, որ կինը թողնի գիտությունը։ Իսկ մայրիկս այսպես պատասխանեց՝ Այո, կենցաղը միշտ էլ մեծ դեր ունի, առավել ևս՝ կնոջ համար, սակայն չէի ասի, որ այն վտանգում է գիտության աբողջությամբ կենցաղին կուլ գնալուն։ Մենք ամեն կենցաղային խնդիրներ լուծում ենք միասին՝ լինեն գնումներ, տնային գործեր, երեխայի խնամք, թե այլ ընտանեկան խնդիրներ։ Այդ առումով ես ինձ շատ երջանիկ և բախտավոր եմ համարում, քանի որ ամուսինս նման հարցերում հավասարապես մասնակցում է։

Պետք է նշեմ, որ հայրիկն իրոք հավասարապես մասնակցում է տնային գործերին ու ինձ հետ զբաղվելուն: Նա նաև շատ լավ խոհարար է, ինչ էլ պատրաստի, մայրիկն ասում է, որ աննման է ստացվել։ Մի անգամ, երբ նա ինչ-որ չինական կերակրատեսակ էր պատրաստում, այնպես արագ էր ամեն ինչ անում, որ մայրիկին թվաց, թե ինչ-որ բաղադրատոմսի հիման վրա է պատրաստում ու հարցրեց, թե արդյոք կկիսվի՞ իր հետ այդ բաղադրատոմսով, հայրիկը պատասխանեց, որ բաղադրատոմս չկա։ Հարց՝ այդ դեպքում ինչու՞ ես համոզված, որ դա հենց չինական ճաշատեսակ է, նա էլ, թե՝ դե նրանք 2 միլիարդ են, մեկը հաստատ այսպես պատրաստելիս կլինի։ Մայրիկն այդ ժամանակ բարձրաձայն ուրախ ծիծաղեց:

Հայրիկն ու մայրիկը հաճախ երկար քննարկում են մի խնդիր, որը վերաբերում է մայրիկի հայրենիքում գիտության վիճակին ու ֆինանսավորման շատ ցածր լինելուն։ Այդպիսի ժամանակ մայրիկը լարված ու մտահոգ տեսք է ունենում: Հայրիկն ասում է, որ դա իրոք շատ մտահոգիչ խնդիր է, և որ ինքը պարզապես չի կարողանում պատկերացնել, թե ինչպես են մինչև հիմա նման խնդիրների առկայության պայմաններում Հայաստանում դեռևս գտնվում երիտասարդներ, ովքեր ցանկանում են գիտությամբ զբաղվել, ընտանիք են կազմում և նրանց կյանքը միայն օրհասական պայքարի է վերածվում։ Նա ասում է, որ նման զույգեր կան նաև ի՛ր հայ երիտասարդ գիտնական ընկերների շրջապատում։ Նա ասում է, որ խնդիրն ավելի սուր է արտահայտվում, երբ և՛ ամուսինը, և՛ կինը գիտնականներ են, և որ նրանց արածը պարզապես հերոսություն է։

Մայրս ասում է, որ պարզ է՝ ինքը նման խնդիր չունի, քանի որ ամուսնացած է օտարերկրացու հետ, և ընտանիքի ֆինանսական հոգսը հայրիկի վրա է։ Իսկ այն զույգերի վիճակը, որոնք երկուսն էլ գիտնականներ են և գտնվում են Հայաստանում, պարզապես սարսափելի է, քանի որ երկուսն էլ ստանում են չնչին աշխատավարձ։ Նրանց միակ լուծումը երկրորդ աշխատանք գտնելն է, ինչի հետևանքով բավական տուժում է գիտական աշխատանքը։ Նա ասում է՝ ես համաձայն եմ Դենի հետ. նման երիտասարդները պարզապես հերոսներ են, և ես մեծ հարգանք եմ տածում նրանց հանդեպ։ Սա սարսափելի իրողություն է, և պետք է ամեն կերպ շարունակել պայքարը, մինչև որ մեր պետական այրերը վերջապես ցուցաբերեն գիտնականի և գիտության հանդեպ հարգանք՝ ըստ արժանվույն։

Վերջերս մի լրագրող մայրիկիս հարցրեց, թե եթե ինքն ու հայրիկը տարբեր երկրներում հրաշալի առաջարկներ լինեն, նա գիտությո՞ւնը կընտրի, թե՞ համատեղ կյանքը: Ես այդ պահին թողեցի խաղն ու շունչս պահեցի: Բայց մայրիկս տվեց վստահեցնող պատասխան՝ ինչ վերաբերում է ինձ, ապա՝ գիտություն, թե ընտանիք ընտրության դեպքում, ես կընտրեմ ընտանիքը։

Իմ տարիքի երեխաները հազիվ թե գիտենան կաթիկից ու խաղալիքից այն կողմ էլի ինչ-որ բան, իսկ ես հասկանում եմ գիտական շատ տերմիններ: Օրինակ՝ հետթեկնածուական կարգավիճակի PostDoc համակարգ: Նրանք խոսեցին այն մասին, թե գիտական զույգերի հարցում PostDoc-ը չունի՞ վտանգներ: Մայրիկս ասաց, որ, եթե չի սխալվում, ապա՝ եթե ամուսինը կամ կինը այլ երկրում նման կարգավիճակ է ստանում, ապա ընտանիքի մյուս անդամներին ևս թույլատրվում է մեկնել այդ երկիր, և այդ դեպքում ֆինանսավորումը լինում է այնքան, որպեսզի ընտանիքը կարողանա գոյատևել։ Որ հայ երիտասարդ գիտնականի համար սա ոչ մի կերպ ընտանեկան կյանքի համար խոչընդոտ չի կարող լինել, ընդհակառակը, այն պարզապես փրկություն է, քանի որ կկարողանան զբաղվել լուրջ գիտական աշխատանքով, որը կգնահատվի՝ ըստ արժանվույն, իսկ կենցաղային պայմանները ևս կլինեն ավելի լավ։ Այնպես որ՝ մեկը պետք է զիջի։

Հետո հարց տրվեց, թե ի՞նչ լուսավոր ծրագրեր և երազանքներ ունեն հայրիկն ու մայրիկը ապագայի համար։ Եվ ես հասկացա, որ սա հենց այն է, ինչի համար հաճախ տխրում են մայրիկիս խորունկ աչքերը: Նա ասաց, որ իր միակ մեծ ծրագիրը, որն իրականում միայն երազանք է, դա աստղագիտության կրթական մակարդակի բարձրացումը և Բյուրականի աստղադիտարանի ծաղկումն է, զարգացումը և միջազգային մակարդակին համապատասխանելը։ Այո, սա հենց այն խնդիրն է, ինչի մասին մտածում է նա անընդհատ ու հաճախ կիսվում հայրիկի հետ:

Երբեմն մայրիկս ինձ հերոս է թվում, այն բարի հերոսներից, որոնք հանգիստ չունեն, եթե գիտեն, որ ինչ-որ մի տեղ անարդար բան է տեղի ունենում: Դեպքն ավելի է բարդանում, երբ այդ անարդար բանը տեղի է ունենում հե՛նց իր հայրենիքում:

Երբ նրանք խոսում են, ես փորձում եմ միջամտել ու ասել կարծիքս՝ իմ լեզվով արտահայտելով մտքեր, բայց նրանք, խոսքով տարված, ինձ չեն էլ նայում: Երբ ես բարձրացնում եմ ձայնս այնպես, որ նրանք սկսում են իրար չլսել, հանկարծ նկատում են ինձ ու սկսում ծիծաղել: Իսկ երբ ես վերջնականապես բարկանում եմ՝ չհասկացված լինելուս համար ու արդեն լրջորեն աղմկում, նրանք հանկարծ անհանգստանում են ու անմիջապես ինձ ուտելիք առաջարկում կամ շտապում փոխել փամփերսս: Ա՜յ քեզ բան. մի՞թե դժվար է հասկանալ, որ գիտությունից խոսելու ժամանակ կարելի է ավելի լուրջ լինել և վեր՝ ամեն տեսակի կաթիկներից ու տակաշորերից: Այո, մեկ-մեկ իրոք զարմացնում են ինձ մեծերը:

Ինչպես տեսաք, ես դեռ չեմ խոսում, բայց կարողանում եմ լսել, մտածել ու վերլուծություններ կատարել: Երբ մի քիչ էլ մեծանամ ու գրել-կարդալ սովորեմ, ես ինքս կգրեմ մեր պատմությունը: Իսկ մինչ այդ, հայրիկիս ու մայրիկիս հետ զրույցի արդյունքում, իմ այս վերլուծությունները գրի է առել Մանե Հակոբյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here