Ես այսպիսին տեսայ Ժիրայր Բաբազեանին.

0
170

                         Կարենալու համար ապրիլ այսուհետեւ

                         Օդի, ջուրի,հացի նըման ,

                        Մենք պէտք ունինք Հպարտութեան
       
                                    ՎԱՀԱՆ   ԹԷՔԷԵԱՆ

Դերասան, բեմադրիչ, Ժիրայր Բաբազեանի այս սիրած տողերով սկսվեց իր կեանքի պատմութիւնը,  նրա հիւրընկալ սենեակի մի անկիւնում նստել ու գրառում էի իր պատմածը,  կարելի է ասել , մի ամբողջ  կեանք ապրած դերասանը, որը բազմիցս ունեցել է նման հարցազրոյցներ, ամէն անգամ իւրովի է ներկայացնում ստեղծագործական իր ներաշխարհը, ուր յոյզերն ու յոյսերը շաղախւում են տարիների թոհ ու բոհով անցած դէպքերի և իրադարձութիւնների հետ, որոնք հիմնովին տեղ են գտել նրա հոգու խորքում, դարձել  իր կեանքի անբաժան մասնիկը…

Արուեստագէտ մարդու մասին որևէ խօսք գրելիս, առաջին հերթին փորձում եմ հասկանալ, թէ կեանքի ինչպիսի ճանապարհ է անցել, երբ որ մէկի մօտ ամէն ինչ հարթ է, միշտ մտածում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Բոլոր ժամանակների, մեր բոլոր մեծերի, նոյնիսկ օտար երկրներում, տաղանդաւոր մարդկանց կեանքը եղել է պայքար և ամէն ինչի հասել են դժուարութեամբ…

Ես այսպիսին տեսայ Ժիրայր Բաբազեանին.

Ծնուել է Եգիպտոսում, 1971-1976թթ. ուսանել է Երևանի թատերական ինստիտուտում, Մարատ Մարինոսեանի խմբում:

Պետական, աւարտական քննութեան գեղարուեստական ղեկավարը եղել է Վարդան Աճեմեանը: Երևանի հեռուստաթատրոնի խաղացանկերից, որպէս տիպլոմային աշխատանք ,Ժ. Բաբազեանը բեմադրել է Պերնարտ Շոյի « Ճակատագրի ընտրեալը», ուր գլխաւոր դերերում  խաղացել են Գուժ Մանուկեանն ու Վիոլեթա Գէորգեանը :

Յիշում է նաև Գոհար Գասպարեանի և Տիգրան Լևոնեանի հետ իր մտերմիկ շփումները:

Պատկառանքով յիշեց Ռուբէն Զարեանը, ցոյց տուեց իր դիպլոմը, ուր յանձնաժողովի անդամների շարքում, նրա ստորագրութիւնն է:

Այս աստղային անունների թուարկումը պատահական չէր, նման մարդիկ  զարդարում են մեր մշակոյթը իրենց բարձր ինտելեկտով և անսահման տաղանդով, ովքեր երջանիկ պատեհութեամբ շփւում են այսպիսի մարդկանց հետ, ունենում են լաւ, տպաւորիչ  յիշողութիւններ, որոնք ամբողջ կեանքում ուղեկցում են իրենց…

Ահա այսպիսի վառ տպաւորութիւններով ու մասնագէտի իր տիպլոմով, Ժիրայր Բաբազեանը վերադառնում է Եգիպտոս:

Բեմադրիչ – դերասանը, բնականաբար, փորձում է որևէ տեղ իր մասնագիտութեամբ աշխատել, սկսվում է փնտրտուքը. Եգիպտոսից Անգլիա, Ամերիկա, Ֆրանսիա…

Օտար միջավայրում մեր ինքնութիւնը պահպանելու և հայ մշակոյթը զարգացնելու առաջնահերթ ծրագիրը, սփիւռքում թատերական խումբ ստեղծելն էր: Այս հարցով, հայկական կազմակերպութիւնների ոչ արհեսատավարժ մօտեցումները զգալով, ետ է քաշւում իր նպատակից:

Սկզբնական շրջանում որոշ  յաջողութիւններ է ունեցել Լոս Անճելեսում, երբ Հայկական բարեգործական միութիւնում, թատերական խմբի գեղարուեստական ղեկավար էր, դա 1980-ական թուականներին էր… Չորս տարի անց, թողնում է այս աշխատանքը, ուր կարելի է ասել, հեշտ ու հանգիստ տարիներ չեն եղել, մտայնութիւնների բախում, ոչ արհեստավարժ յանձնախմբերի հետ վէճեր, իր միակ պայքարը սփիւռքում սիրողական մակարդակին դէմ լինելն էր, որն էլ աւաղ յաջողութեան չհասաւ: Փոխարէնը նետւում է օտար ասպարէզ…

Այդ տարիներից մի լաւ յիշողութիւն է մնացել, այն է՛  Սիմոն Աբգարեանը, իր առաջին քայլերը սկսել է բարեգործականի իր  թատերախմբում:

Այնուհանդերձ, Ժ. Բաբազեանը շարունակում է իր հայրենանուէր աշխատանքն այլ կերպ: Նա նուիրւում է հայ հեղինակների ստեղծագործութիւնները, օտար արհեստավարժ բեմադրութիւնների միջոցով, համաշխարհային բեմահարթակ հասցնելու գործին:

Արդէն 1981թ. Ժ. Բաբազեանին յաջողւում է առաջին անգամ Ամերիկեան բեմ բարձրացնել Արմէն Տիգրանեանի «Անուշ» օփերան, որն ընդգրկուեց 1981-82թ. թատերաշրջանի պաշտօնական խաղացանկում և Ժիրայր Բաբազեանը մեծ յաջողութեամբ բեմադրեց Մըշիկընի օփերային թատրոնում:

Այդ օրերին, «Նիու Եորք Թայմզ» հեղինակաւոր պարբերականը, «Անուշը», որպէս դասական գործ» վերնագրով, գրում է. «Այս շրջանի խաղացանկի լաւագոյն ներկայացումն է…» և նմանատիպ 10-15 յօդուածներ տարբեր լրատուամիջոցներում, ուր յայտնի երաժշտագէտներ գրել են իրենց դրական ու համոզիչ կարծիքները:

Գալիֆորնիայի մշակութային նախաձեռնութիւնների տարեկան լաւագոյն մրցոյթին է արժանացել նաև Ժիրայր Բաբազեանի « Կայարան Արարատեան» ներկայացումը, ուր խաղացել են երկու հոգով, ինքը և Նորա Արմանին, հայկական պոեզիան անգլերէն լեզուով ամերիկեան հասարակութեանը մատուցելն ուղղակի ցնցող էր… (Հետագայում ստեղծել է նաև այդ ներկայացման ֆրանսերէն տարբերակը):

Այս յաջողութիւններն անգամ չեն բաւարարում Ժիրայր Բաբազեանին և նա վերադառնում է Փարիզ, որն աշխարհին յայտնի է, որպէս արուեստի և  մշակոյթի կեդրոն:

Փարիզում էլ յաղթահարելով բազում դժուարութիւններ, նա կարողանում է ինքն իրեն գտնել թատրոնի աշխարհում: Նրա համար, կարելի Է ասել, բախտորոշ դեր է խաղում «Կայարան Արարատեան», (մոռացուած ժողովուրդների պատմութիւն) ներկայացման վահանակը, որը հետաքրքրել է  «Դերասանների միջազգային թատրոն»- ի ղեկավար, բեմադրիչ, ազգութեամբ  քիւրտ,  Հապիպ Նագմուշինին,  ներկայ  գտնուելով ներկայացմանը, նա հիանում է Ժիրայր Բաբազեանի կերպարով և հրաւիրում է իր թատերախմբում աշխատելու, մեղմ ասած, այստեղ Ժիրայր Բաբազեանի բախտը ժպտում է…

Առաջին ներկայացումը  Շեքսպիրի «Չափն ընդդէմ չափի» ողբերգական տրաման էր, ուր Ժիրայր Բաբազեանը փայլուն կատարում է, իրեն  վստահած, Դուքսի գլխաւոր դերը: Մի փոքր անցում անելով տեղեկացնեմ, որ Ֆրանսիայում կեցութեան փաստաթուղթ ունենալու համար դիմել է հայկական տարբեր կազմակերպութիւնների, որպէսզի աշխատանքային պայմանագիր կնքեն իրեն հետ,  մերժուել է … (Տեղին է  իմ  շնորհակալական խօսքն ուղղել, ինձ անծանօթ մի անձնաւորութեան, Հապիպ  Նագմուշինին, որն առանց վարանելու գնահատել է տաղանդաւոր մարդուն, չ՛ ճանաչելով վստահել և օգնել է նրան, որ Ֆրանսիայում ունենայ աշխատանքային իրաւունք: Իսկ ես, յանձինս  Ժիրայր Բաբազեանի, որ նրան սատար չեն կանգնել, ուղղակի ուզում եմ բոլորիս ականջին ասել, որ ցաւօք այսպիսին ենք մենք… Ա. Ս.):

«Անկեղծ ասած, ոչինչ պատահական չի լինում,- խոստովանում է Ժիրայր Բաբազեանը,-ընդհանուր առմամբ , Ֆրանսիայում ինձ համար դռներ է բացել մահմետական աշխարհի ներկայացուցիչ, երբ որ երիտասարդ էի, առաջին անգամ,  բեմ եմ բարձրացել մահմետական աղօթքով… Ամերիկեան «Սեղան հինգ հոգու համար» յայտնի կինոժապաւէնում, մահմետական աղօթքի մի հատուած կայ,  երգել եմ:  Քանի որ ծնվել եմ Եգիպտոսում,այս առումով, այսպիսի ասացուածք կայ. «Մարդուն կարող ես երկրից հանել, բայց երկիրը մարդուց դուրս հանել չես կարող»:

Ի միջ այլոց, առիթ է շեշտելու, որ արաբի, թուրքի, պարսիկի, աղուանի դերեր կատարել է, բացի հայի կերպարի (լիամեթրաժ կինոժապաւէնի մասին է խօսքը), յուսանք, որ դեռ այդ բաղձալի օրը կը գայ …

Հայերը ֆրանսիայում երկու կեանք են ապրում, ինչպէս բազում երևելիներ, նա նոյնպէս սիրով ու նուիրումով կարողացել է հաւասարապէս  լինել և՛ հայկական, և՛ ֆրանսիական շրջանակներում:

Հոգու մեծ ցաւ ապրելով, որ մանաւանդ սփիւռքում, երիտասարդներն անտեղեակ են մեր բազմադարեան մշակոյթին, Ժ. Բաբազեանը հիմնել է «Տիգրան Չուխաճեան» միջազգային ինստիտուտը: Այս ճանապարհով նա կարողանում է նաև օտար լեզուով հակազդել,  մանաւանդ դրսից, քանի որ մեր ժամանակներում, այն ինչ որ հեռուից է գալիս, դա կլինի կինոյի, թատրոնի, հեռուստատեսութեան կամ մամուլի ճանապարհով, հետաքրքրութեան շրջանակն աւելի է մեծանում ու տարածւում…

Զրոյցի ընթացքում ուրախութեամբ յիշեց, որ մի անգամ, երբ Յակոբ Պարոնեանի «Ատամնաբուժն  Արևելեան» կատակերգութիւնն էր բեմադրել, իր իսկ ֆրանսերէն թարգմանութեամբ, ֆրանսիացի դպրոցականները վերջում մօտեցել էին Ժ. Բաբազեանին, ինքնագիր խնդրելու, նրանցից մէկը ճեղքելով բազմութիւնը , ասել է.« պարոն», «պարոն», գրաւել է իր ուշադրութիւնը, հարցրել է, թե ի՞նչ է ուզում, 13 տարեկան տղան ֆրանսերէն լեզուով հպարտօրէն, բարձրաձայնել է, որ իր մեծ հայրը հայ է…

Եկէք համոզուենք, որ  այս խօսքերը Ժիրայր Բաբազեանի համար, կեանքի ամենամեծ պարգևներից մէկն է, անշուշտ, կան արժէքներ, որոնք հենց այսպէս են գնահատւում,  այն, որ գրեթէ ֆրասիացի, այս երախան այդ պահին հպարտացաւ իր արմատներով, ուրեմն այս առումով դրսում մենք շատ անելիք ունենք, այսինքն, անգամ օտարներին  պէտք է ներկայացնենք մեր մշակոյթը, իրենց իսկ հասկանալի լեզուով:

Որպէս բեմադրիչ- դերասան, բազմազան է  Ժիրայր Բաբազեանի գործունէութեան ցանկը:

1981թ. Արմէն Տիգրանեանի «Անուշ» օփերան, իր թարգմանութեամբ,  առաջին անգամ անգլերէն լեզուով բեմադրել է  Մըշիկընում :                                                         2001թ. Ժիրայր Բաբազեանը Մըշիկընի օփերային թատրոնում կրկին բեմադրում է «Անուշ» օփերան, այս անգամ ամերիկացի երգիչները երգերը կատարել են հայերէն լեզուով: Այդ տարիներին, Լոնտոնում հրատարակուող «Օփերա» ամսագիրը գրել է. «Յոյսով ենք, որ այս «Անուշ»- ը կրկին վայելելու համար, նորից քսան տարի չենք սպասի»:

Երաժշտագէտ Հայկ Աւագեանի օգնութեամբ, Տիգրան Չուխաջեանի «Արշակ Բ» օփերայի բնագիրը վերականգնել ու հրատարկել են, որը կազմում է 2300 էջ:

Այս հրատարակութեան շնորհիւ է, որ Սան Ֆրանցիսկոյի օփերային թատրոնում,Ժիրայր Բաբազեանի հայերէն թարգմանութեամբ, 2001թ. բեմադրուեց  «Արշակ Բ» օփերան:

«Կարինէ»  օփերան, որը Տիգրան Չուխաջեանի ժամանակներից ի վեր, առաջին անգամ, ֆրանսերէն լեզուով, երաժշտական համարներով, ամբողջական, բեմադրուեց Փարիզեան շրջանի,  Սեն Մորի թատրոնում, ֆրանսիայի թատերասէր հանրութեան կողմից, մեծ ճանաչում բերեց Տիգրան Չուխաջեանին:

2010թ. «Կարինէ» օփերան ցուցադրուեց նաև Մարսել քաղաքի «Օտեոն» թատրոնում, այն արժանացաւ հանդիսատեսի և թատերագէտների բարձր գնահատականին և պատահական չէ, որ նոյն «Օտեոն» թատրոնը այս տարի (2013թ.) նոյեմբերի 9-10-ը հրաւիրել է Ժիրայր Բաբազեանին կրկին ցուցադրելու «Կարինէ» օփերան:

«Կայարան արարատեան» գրական – թատերական կոմպոզիցիան, որը տարիներ շարունակ ներկայացուեց աշխարհի տարբեր երկրներում, մեծ ճանաչում և համբաւ բերեց Ժիրայր Բաբազեանին ու Նորա Արմանիին: Երևանում նրանք արժանացել են մրցանակների՛ Հայաստանի գրողների միութիւնից ,թատերական ընկերութիւնից և կինոմատոգրաֆիստների միութիւնից :Նրանց երկուսին, պաշտօնապէս օծել են, որպէս Սունդուկեանի անուան մայր թատրոնի պատուոյ անդամներ: Հանդիսաւոր արարողութեամբ այդ վկայագրերը յանձնել է Խորէն Աբրահամեանը:

Ժիրայր Բաբազեանին մեծ համբաւ բերեց նաև ֆրանսիական բեմահարթակը, ուր մարմանւորել է Շեքսպիր, Մոլիեր,Կոկոլ (Ռևիզոր)…                                               Նա, շուրջ 10 տարի, Իրինա Բրուկի թատերախբի մշտական անդամ է, որի հետ միջազգային շրջագայութիւններ է կատարել տարբեր երկրներ, ինչպէս նաև Երևան:

Ինչպէս ասում են, մեծ ու փոքր դերեր չկան, կան լաւ կատարողներ, այս պարագայում Ժիրայր Բաբազեանը մեծ հետաքրքրութիւն ունի անգամ իր «փոքր» դերով «Մոհամմետ  Տիւպուս» ֆիլմում, որը ցուցադրւում է ֆրանսական կինոսրահներում:

Այս պահին հրաւիրուած է «Canal +» հեռուստակայան, ուր «Braquo» Ֆիլմաշարի 3-րդ շրջանի համար մարմնաւորում է թուրքի դեր, որը ներկայացուած է, որպէս չարանենգ ու խարդախ կերպար: «Braquo» ֆիլմաշարի յաջորդ, 2014 թուականի 4-րդ թատերաշրջանի համար, Ժիրայր Բաբազեանը  կը շարունակի մարմնաւորել իր դերը…

Այս առումով, անշուշտ, ունենք հպարտութիւն:

Վերադառնալով  մեր, հայկակական աշխարհը, որն անշուշտ Ժիրայր Բաբազեանի համար աւելի հոգեհարազատ է, նա սիրով սպասում է հրաւէրների, Հայաստան, թէ՛ Արցախ, մնայուն մի ֆիլմում կամ թատրոնում, մարմնաւորելու որևէ  դեր, ինչու չէ, նաև բեմադրիչի համաշխարհային իր փորձը փոխանցելու նոր սերունդներին:

Մեր հայրենակցին, ճանաչուած ու սիրուած, դերասան- բեմադրիչին մաղթելով յաջողութիւններ, համոզուենք, որ հպարտանալու առիթներ  դեռ շատ կունենանք, որն էլ , «օդի,ջուրի, հացի նըման» մենք պէտք ունենք…

 

                                                     Անժելա   Սահակեան

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here