Ես ձեզ ասում եմ՝ կտա՛ն եթերաժամ

0
133

 

Այո՜… դրությունը Հայաստանում, ոնց որ ասում են՝ «պալաժենի» է։ Վարպետ Ավետիք Իսահակյանն ասում էր՝ ես ձեզ ասում եմ՝ կգա՛ ոգու սով։ Ես՝ Արամս էլ ձեզ ասում եմ՝ եկե՛լ է արդեն։ Հետո՞։ Ասենք թե։ Հո մենակ գուշակելով չի. պիտի լուրջ քայլեր անել։ Լիքը մարդ կա, որ հուսահատված ձեռքը թափ է տալիս, առնում ճամպրուկն ու բռնում արտագաղթի ճամփան։ Իսկ քիչ թվով մարդիկ էլ կան, ոնց որ, օրինակ` ես, որ նստում ու լրջորեն խորհում են՝ գտնելու ելքն ու անելիքը։

Ու ես գտել եմ արդեն. մտածեցի, որ առաջին հերթին ժողովրդի երկու բանը պիտի բարձրացնենք՝ կենսամակարդակն ու մակարդակը։ Հիմա մտածում եմ՝ առաջինը ո՞րը բարձրացնենք։ Համաշխարհային փորձն էլ, փառք Աստծո՝ ձեռքներիս տակ։

Նախկինում հետամնաց երկրների փորձը վերցնելով՝ ասում եմ, որ պետք է առաջինը բարձրացնել մակարդակը։ Բացատրեմ. Չինաստանն էլ, օրինակ, առաջինն սկսեց բարձրացնելուց, բայց չսկսեց աղքատ ժողովրդի խարխուլ տներից ու սովի մատնված երեխաներից։ Նա տասնապատիկ (բայց որ ճիշտն ասեմ, ճիշտ թիվը չգիտեմ, երևի թե արժեր մի հատ ճշտել) բարձրացրեց գիտնականի՛ աշխատավարձը և տվեց բոլոր վերահսկելի արտոնությունները, որ էդ ճանապարհով ստեղծեն գիտելիքահենք տնտեսություն։

Ստեղծեցի՛ն մարդիկ, ապրե՛ն, փառք ու պատիվ իրենց։ Բայց մի կարծեք, թե հենց միայն աշխատավարձ բարձրացնելով եղավ էդ ամենը։ Մանկապարտեզից ու դպրոցից սկսած, բարձրացրին դասագրքերի, ուսման որակը, արտասահմանից գրավիչ պայմաններով հրավիրեցին դասախոսների` համալսարանների համար, եթերները լցրին գիտական, գիտահանրամատչելի, ուսումնական հաղորդումներով ու ֆիլմերով։

Հիմա հասա բուն ասելիքիս։ Հիշո՞ւմ եք՝ Ավետիք Գրիգորյանը (ուզում էի ասել՝ վարպետ Ավետիք… թեև սխալված չէի էլ լինի) գիտահանրամատչելի մի գիրք էր գրել՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք», ես էլ այ էստեղ (http։//1lur.am/am/?p=82119) բոլորիդ խորհուրդ էի տվել, որ կարդաք։ Ասեմ, որ գիրքը շատերիս համառ ջանքերի շնորհիվ տպագրվեց, և դրանով ավելի մեծ անելիքների սկիզբ դրեց։ Հա, ճիշտ է՝ գիրքը շատ գեղեցիկ կազմով ու բարձրաճաշակ դիզայնով աչքի ընկնող գիրք է, բայց հո չի՞ մնալու՝ որպես պահարանի զարդ, մենք դրա համար չէինք պայքարում։

Իսկ գրքի շնորհանդեսի ժամանակ (տեսագրությունն եմ նայել, ներկա չէի, շատ ափսոս) գովեստի խոսքերից, մեծարումից, շնորհավորանքներից-բանից հետո, ֆիզիկոս, իմ ընկեր ու զինակից, ակտիվ ու նպատակասլաց գիտնական Արթուր Իշխանյանը հանդես է եկել գրքի անելիքների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններով։ Ճի՛շտ քայլ։

Հիմա ՊԳՖԱ-ն իր էջում դրել է Հեղինակային գիտահանրամատչելի/ուսումնական հեռուստահաղորդաշարի ծրագրի նախագիծ։ Առաջարկվում է, որ հաղորդաշարի հեռարձակումը եթեր կատարի Հ1 հեռուստաալիքը։ Հաղորդաշարի հեղինակը, սցենարիստը և ուսումնամեթոդական հարցերը մշակողը, ինչպես նաև հաղորդումները վարողը լինի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի հեղինակ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստղեծագործության կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար աստղագետ Ավետիք Գրիգորյանը։ 

Լավ առաջարկ, լավ միտք, լավ գործ, լավ ծրագիր։

Ասելիքս էն է, որ նման բաներ պիտի շատ լինեն, պիտի ձգտենք եթերներում մի ոտատեղ տարածք վերցնել՝ գիտնականների ու գիտությանը նվիրված հաղորդումների համար, հետո կամաց-կամաց ոտներս կպնդացնենք ու նոր տարածքներ կգրավենք։

Էս խոսքի վրա ակամա հիշեցի, որ մեր թվերին հեռուստատեսությունը պետական էր, և այն նպատակ չուներ պարզունակ սերիալներով ու էրոտիկ ֆիլմերով գրավելու հանդիսատեսին՝ արանքներում հրամցնելով փողաբեր գովազդները։ Անընդհատ հեռարձակվում էին գիտահանրամատչելի հաղորդումներ ու ֆիլմեր։ Բարձունքի վրա դրված էր գիտելիքը՝ որպես անառարկելի մեծություն և ոչ թե փողը՝ ոնց որ հիմա է։

Եվ հիմիկվա փողատերերից շատերն ունեն հեռուստաալիքներ, ինչպես, օրինակ՝ գծեր։ Այսինքն՝ ոչ թե գծատեր են, այլ՝ եթերատեր։ Հետևաբար, գիտնականը պիտի կաշվից դուրս գա՝ բացատրելու, որ եթերաժամից ինչ-որ ժամանակահատված առանձնացնելն ու նվիրելը գիտությանը, էս պահին եկամտաբեր չէ, բայց դա լավ հիմք կդառնա՝ թոռնիկներիդ ու ծոռնիկներիդ վաղվա զարգացած երկիր ունենալուն։

…Բայց ես էլ զգացի, որ գնալով ավելի ու ավելի անիրատեսական բաներ գրեցի։ Առաջարկում եմ բոլորիս երկնքից իջնել և կենտրոնանալ կոնկրետ օրինակի վրա։ Եթե եթերաժամը նման է մարշրուտկայի գծի, ուրեմն՝ նույնն է, որ գնաս մի գծատիրոջ մոտ, աջը համբուրես (չմոռանալով իհարկե՝ կասկածելի գործարքների մեջ խառնված աջը), ասես՝ Հայր Սուրբ, գիծդ տուր, ես էդ գծի տակ իմ միկրոավտոբուսը քշեմ, բայց, ո՛չ ժողովրդից փող վերցնեմ, ո՛չ էլ քեզ մուծվեմ։ Ասի՝ էդ ո՞նց կլինի, որդյա՛կ իմ, ասեմ՝ դա կարևոր բանի համար է՝ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար. էն 5-6 հազարը, որ տալիս են տրանսպարտի, կմնա իրենց գրպանում։ Կճոյանն անմիջապես կհասկանա, կմտնի ժողովրդի դրության մեջ ու կասի՝ վերցրու, որդյակ իմ։

Նույն ձևով կվարվենք եթերատերերի հետ…

Բայց մի տեսակ գրածիս վերջը դուրս չի գալիս։ Սկիզբը, ոնց որ, ավելի համոզիչ էր ու հեռանկարային։ Ո՞ր մասում շեղվեցի ու ընկա մեր պետության օրը, էն որ 20 տարի առաջ շեղվեց ու շեղվեց…

Լավ, գնամ մտածեմ, բայց դուք էլ մտածեք, հա՜… գամ` մի կոնկրետ բան արդեն որոշած լինեք։

 

Արամ Պապայան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here