ՀԱՅԵԱՑՔ՝ ՊԷՅՐՈՒԹԻՑ.ՄԵՐՁԱՒՈՐԱՐԵՒԵԼԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆԸ

0
197

Թե ինչ իրավիճակ է այսօր ստեղծված Մեծ Մերձավոր Արեւելքում, ինչպիսի պայմաններում է այսօր ապրում Լիբանանի հայ համայնքը, ուր են տանում Սիրիայի զարգացումները, որն է Թուրքիայի դերը տարածաշրջանային զարգացումներում, ինչպե՞ս կանդրադառնա Եգիպտոսի թուլացումը Մերձավոր Արեւելքում ուժերի հետագա վերադասավորման վրա, աշխարհաքաղաքական խաղացողների կողմից ինչ է արվում Իսրայելի համար եւ այլն, այս բոլոր հարցերի շուրջ Yerkir.am-ին իր վերլուծություններն է ներկայացնում Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Հարցազրույցի այս հատվածում նա ներկայացնում է տարածաշրջանային զարգացումների համատեքստում Լիբանանին և լիբանանահայությանը վերաբերող մանրամասներ:

 

Պարոն Գանտահարյան, խնդրում եմ ներկայացնել, թե Լիբանանում այսօր ինչպիսի՞ իրավիճակ է, որովհետեւ նշվում է, որ սիրիական զարգացումները չեն կարող արձագանք չգտնել Լիբանանում:

– Լիբանանն, ընդհանրապես, բարդ իրավիճակում է հայտնվել: Նախ, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենաք, ասեմ, որ Լիբանանն ինքը միջհամայնքային կառուցվածքով համակարգի վրա կառուցված երկիր է. 7 գլխավոր համայնքներ են այնտեղ` սուննիները, շիաները, դրուզները, մարոնիտ քրիստոնյաները, հույն օրթոդոքսները, հույն կաթոլիկները եւ հայերը: Հայերն էլ դիտարկվում են իբրեւ յոթ գլխավոր համայնքներից մեկը: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ե’ւ պետական կառավարման համակարգը, ե’ւ, ընդհանրապես, հասարակական համակարգը բաշխված է ըստ թվի` համաձայնեցված չափաբաժիններով: Եթե, օրինակ, կառավարություն են կազմում, ուրեմն պետք է 4 սուննի լինի, 4 շիա , 2 հայ եւ այլն, այսինքն` քվոտավորված համակարգ է` ըստ 7 հիմնական համայնքների: Եվ սա` պետական ամենաբարձր պաշտոններից սկսած, մինչեւ ամենաներքեւ: Ներկայացվածության նվազագույն խախտումը կարող է հանգեցնել ներլիբանանյան խնդիրների, կոնֆլիկտի: Շատ զգույշ պետք է տեղաբաշխել կառավարման լծակները, պահպանել հավասարակշռությունը եւ այն նկատառումով շարժվել, որ բոլոր համայնքների իրավունքները հավասար կամ ճշտված քվոտաներով հարգված լինեն:

 

Սրան ավելանում է, իհարկե, տարածաշրջանային խնդիրների լարվածությունը, որոնց անմիջական կրողը Լիբանանն է: Եվ եթե նախապես հարեւանի` Սիրիայի իրադարձություններն անմիջականորեն առնչվում էին Լիբանանին, ապա հիմա արդեն Լիբանանը դուրս է եկել այդ վիճակից` վերածվել է քաղաքական բաց հրապարակի արտաքին ուժերի համար, որոնք այնտեղ սակարկում են, բանավիճում, իրենց խնդիրներն այնտեղ են լուծում:

 

Ինչպե՞ս է դրսեւորվում միջազգային հարաբերությունների օրակարգի կարեւորագույն հարցերի համար քաղաքական «սակարան» դառնալը:

– Տարածաշրջանային յուրաքանչյուր խաղացող Լիբանանում ունի իր ազդեցության գոտին. Իր ազդեցության գոտին ունի Սաուդյան Արաբիան` ի դեմս սուննիների: Շիաները, որ ընդհանրապես իրանամետ են, համարվում են Իրանի ազդեցության գոտի: Քաթարը որոշակիորեն սկսել է ակտիվանալ, եւ ի վնաս մեզ` Թուրքիայի գործոնը տարածաշրջանում բավականին ակտիվացել է, մասնավորապես` ընդգրկելով նաեւ Լիբանանը: Իհարկե, սա որոշակի փոփոխվեց` վերջին ներթուրքական իրադարձությունները նկատի ունենալով, որոշ զսպվածություն բերեց Թուրքիային, բայց նեոօսմանական արտաքին քաղաքականությունը, որ կիրառում է Անկարան, ամենաակտիվ ու ցցուն տեսքով զգում ենք նաեւ Լիբանանում:

 

Կխնդրեի այդ համապատկերում ներկայացնել նաեւ հայ համայնքի դերը` ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, ի՞նչ վտանգներ են սպառնում, ի՞նչ առավելություններ ունի:

– Այստեղ մենք պետք է մի քիչ հետ գնանք, եւ այն ամբողջ համատեքստը նկատի ունենանք, որ Լիբանանը 17-ամյա քաղաքացիական պատերազմ է ունեցել, որով անցել է նաեւ հայ համայնքը: Այնտեղ ուժերի հավասարակշռությունը բոլորովին այլ հարթությունում էր: Սկզբում հակամարտությունը պաղեստինցիների եւ քրիստոնյաների միջեւ էր, հետո նաեւ վերածվեց մուսուլմանների ու քրիստոնյաների միջեւ հակամարտության: Այսինքն` որոշ կերպարանափոխություն ունեցան կոնֆլիկտները, բայց, համենայն դեպս, պատերազմը շարունակվեց:

 

Լիբանանահայ  թե’ քաղաքական, թե’, ինչու ոչ, նաեւ զինվորական գործոնը, որովհետեւ մենք բոլոր համայնքների նման ստիպված էինք նաեւ ինքնապաշտպանվել, լիբանանահայ գործոնը այս բոլոր կողմերի միջեւ փորձեց կամրջողի դեր ստանձնել եւ անվերջ հիշեցնել, որ այս երկիրը քանդվում է իր ժողովրդի տարբեր հատվածների կողմից: Այսինքն` հայտնեցինք դիրքորոշում, որ եղբայրասպան կռիվները որեւէ արդյունքի չեն հանգեցնելու, այլ արդյունքը լինելու է երկրի քայքայումն ու կործանումը: Եվ այդ պոզիտիվ կերպարով շահեց լիբանանահայ համայնքը:

 

Իսկ հակամարտող ուժերի կողմից ինչպե՞ս ընդունվեց հայերի չեզոքությունը:

– Պետք է ասել, որ համայնքի երեք ավանդական հայկական կուսակցությունների այսօրվա քաղաքական վերնախավն ունեցավ խոհեմություն ու լրջախոհություն. այս խնդրում միասնական եւ, անկախ ներազգային տարակարծություններից, որոշեց չներքաշվել եղբայրասպան կռիվների, եղբայրասպան պատերազմի մեջ: Սա սկզբում ճիշտ չընկալվեց հակամարտող տարբեր ուժերի կողմից, որոնք ուզում էին իրենց ազդեցությունը բանեցնել հայկական թաղամասերի վրա: Արդյունքում` մենք տարբեր հանգրվաններում ստիպված էինք հայկական թաղամասերը պաշտպանել ե’ւ պաղեստինցիներից, ե’ւ հետագայում նաեւ քրիստոնյա ուժերից, որոնք ուզում էին իրենց զինվորական առաջխաղացման համար անցնել նաեւ հայկական թաղամասերով:

 

Բայց հայկական գործոնը դա մերժեց, քանի որ այդ դեպքում հայկական թաղամասերը կվերածվեին կռվախնձորի եւ կտուժեր համայնքը, իհարկե: Դրական չեզոքությունը քաղաքական բանաձեւն էր, որ դրվեց լիբանանահայ համայնքի դիրքորոշման հիմքում, եւ դա որոշ դեպքերում զոհերի գնով պահպանվեց` հայկական թաղամասերի ինքնապաշտպանական կռիվներում ունեցանք նահատակներ: Արյան գնով պաշտպանվեց ոչ միայն հայկական թաղամասերի անվտանգությունը, այլեւ հետագայում այդ դիրքորոշումը հարգանքի արժանացավ բոլորի կողմից:

 

Ներկայումս հայկական համայնքի դերն ինչպիսի՞ն է Լիբանանի ներքին կյանքում, ինչպե՞ս է հայկական համայնքը դիրքավորվել ներլիբանանյան ու տարածաշրջանային զարգացումներում:

– Ընկալումը դրական է, քանի որ, ինչպես նշեցի, ե’ւ լիբանանյան զանազան քաղաքական շրջանակներ`թե’ իսլամական եւ թե’ քրիստոնյա, հետո հասկացան, որ լիբանանահայ քաղաքական կազմակերպությունների կամ, առհասարակ, համայնքի կեցվածքն էր ճիշտը: Այս պահի դրությամբ քաղաքական երկբեւեռ դրություն է երկրում: Կան որոշ արեւմտամետ, նաեւ հակաարեւմտամետ կամ, այսպես ասած, շիաներով պայմանավորված իրանամետ շրջանակներ:

 

Ընտրական հանգրվաններում կարելի է որոշ դաշինքներ կնքել այս կամ այն բեւեռի հետ: Եթե այն ժամանակ` պատերազմի թոհուբոհի մեջ կամրջողի դեր էինք ուզում ստանձնել, ապա հիմա նաեւ հայկական կուսակցությունները կամ ներկայումս առավելաբար ՀՅԴ-ն, ուզում են քաղաքական բեւեռացած մթնոլորտի մեջ տարբեր շրջանակների հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Չէի ասի կամրջումի դեր, դա առնվազն որպես առաջադրանք կա, բայց դժվար թե իրականանա, քանի որ բեւեռացումն ու լարվածությունը բավական շիկացել են:

 

Ինչպե՞ս են դրսեւորվում թեժացումն ու բեւեռացումը:

– Այն առումով, որ կառավարությունը մի քանի ամիս առաջ հրաժարական է տվել, կա նոր նշանակված վարչապետ, բայց կա նաեւ հրաժարյալ, սակայն դեռեւս գործող վարչապետ, որովհետեւ նոր վարչապետը նախագահի հետ արդեն երեք ամիս է` չեն հաջողում նոր կառավարություն կազմել: Ու քանի որ չկա նոր կառավարություն, փաստորեն, հրաժարական տված կառավարությունն է ընթացիկ առաջադրանքները կատարում` նոր որոշումներ չի կայացնում, սակայն ընթացիկ աշխատանքները շարունակում է: Սա էլ է քաղաքական որոշակի լարվածություն ստեղծում:

 Բայց այս պահի դրությամբ լարվածությունը ոչ թե քաղաքական ճամբարների միջեւ է, այլ ավելի ներիսլամական է: Այսինքն` սուննի-շիա ճամբարների միջեւ: Եվ դա խոսում է տարածաշրջանային հարթության վրա աշխարհաքաղաքական ուժերի բաժանարար ծրագրերի մասին, որի մանրանկարն է Լիբանանում ստեղծված կացությունը` սուննիներն ընդդեմ շիաների կամ հակառակը:

 

Լիբանանում երբեմներբեմն գրանցվող միջադեպերը այդ կացությա՞ն հետեւանքներն են, թե՞ սիրիական զարգացումները կամացկամաց փոխադրվում են Լիբանան:

– Փաստ է, որ այդ լարվածությունը հանգում է որոշակի միջադեպերի` բախումներ, սպանություններ եւ այլն: Բայց հայտնի է, որ կա նաեւ համալիբանանյան պատերազմ չբռնկելու մոտեցում: Որովհետեւ սահամանափակ, տեղայնացված միջադեպեր են, որոնք չեն տարածվում` համալիբանանյան ընդգրկում չեն ստանում: Սա կարեւոր է այն առումով, որ լարվածությունը կա, այն հանգեցնում է որոշակի միջադեպերի, բայց նաեւ կան որոշակի զսպիչ գործողություններ: Այս ամենը կարող է բացատրվել նաեւ այլ հանգամանքներով` որ արտաքին խաղացողները, Սիրիայի խնդիրը չվերջացած, մեծ խնդիր չեն ուզում առաջացնել նաեւ Լիբանանում, քանի որ դա արդեն քաոսային իրավիճակ կստեղծի: Առավել եւս, որ Սիրիայի խնդիրն էլ անորոշության փակուղի է մտել:

 

Կա նաեւ երկրորդ հարցը, որ Լիբանանն արդեն անցել է 17-ամյա քաղաքացիական պատերազմի փուլով, եւ ընդհանուր տարածաշրջանի խնդիրների տեղավորման համատեքստում մենք` իբրեւ երկիր, իբրեւ հասարակություն, արդեն անցել ենք վերադասավորությունների փուլը: Բայց դա չի բացառում հակամարտության վերսկսումը, քանի որ դրա նախադրյալները կան` ենթահողը, լարվածությունը կա, քանի որ սուննիներն ու շիաներն այնտեղ են:

 Եվ, վերջիվերջո, եթե հաշվի առնենք, որ Սիրիայում ալեւիներն ու սուննիներն իրար են բախվում` ալեւիները` որպես վարչակարգի կողմնակիցներ, եւ սուննիները` իբրեւ ժողովրդի մեծամասնություն, որը ապստամբել է, չհաշված ծայրահեղ իսլամականներին, իսկ ալեւիները նաեւ շիաների ռազմավարական գործընկերներն են, ուստի Լիբանանում ոչ թե սուննի-ալեւի, այլ արդեն սուննի-շիա բախումներ կարող են սկսվել: Բավական բարդ է իրադարձությունների` հակասությունների տրամաբանությունը, եւ անմիջական ազդեցություն բերելու առումով բավականին պարարտ հող է ստեղծվել Լիբանանում:

 

 Դուք ավելի մոտ եք գտնվում Սիրիային, եւ, բնականաբար, ուշադիր հետեւում եք այնտեղ ծավալվող իրադարձություններին: Այսօր Սիրիայում ստեղծված իրավիճակն ինչպիսի՞ փուլում է:

– Նախ’ Սիրիայում այսօր հստակ երեւում են ե’ւ աշխարհագրական, ե’ւ, որոշակի առումով, նաեւ ժողովրդագրական պատկերի նոր սահմանագծումներն ու տեղաբաշխումները: Այս կոնցեպտով ուզում եմ ասել, նախ` օրինակ, ծովեզրյա Սիրիան. մենք հաճախակի կապի մեջ ենք այնտեղի բնակիչների’ մեր համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ասում են, որ այդ գոտին, կարծես, տարբեր երկիր է, ու այնտեղ որեւէ ապստամբ, բախում կամ ընդհարում չկա, պատերազմական իրավիճակ չէ: Այնտեղ առավելաբար ալեւի բնակչություն է, կան, իհարկե, սուննիներ, նաեւ հայեր, հատկապես` Լաթաքիայում, ավելի նվազ` Տարտուսում եւ այլն: Այդ ծովեզրյա Սիրիան, կարծես, անջատված լինի պատերազմական վիճակում գտնվող Սիրիայից: Սա մտածելու տեղիք է տալիս` կարծես, լուռ համաձայնություն կա, որ այդ շրջանում դեպքեր չեն լինելու: Չմոռանանք նաեւ, որ այնտեղ ծովում ռուսական ռազմանավերն են` իբրեւ այդ շրջանի անվտանգության, նաեւ, ինչու ոչ, ռուսական ազդեցության գոտու պահպանման երաշխավորներ: Կա Քամիշլիի շրջանը, որտեղ նաեւ հայ համայնք է ապրում, դա արդեն բոլորի վկայությամբ ինքնավար Քրդստանի վիճակում է: Կա նաեւ Դամասկոս կենտրոնական քաղաքը, որտեղ վարչակարգն է գտնվում: Այսինքն` ունենք Քրդստան, ծովեզրյա Ալեւիստան` երաշխավորված նաեւ ռուսական ռազմանավերով, եւ ցավոք, այսօր ունենք շրջափակված Հալեպ: Հալեպն առանձնացվում է, ոչ միայն սիրիական ամենակազմակերպված հայ համայնքի գոյությունը նկատի ունենալով, այլ նաեւ այն պատճառով, որ եթե ծովեզրյա Սիրիան ավելի շատ ռուսական ազդեցության գոտի է, ապա Հալեպը հայտնվել է թուրքական ազդեցության ներքո: Ստացվում է այնպես, որ Սիրիայի ամենակազմակերպված հայ համայնքը ամենաթեժ կետում է հայտնվել, որտեղ զինյալ խմբավորումներն ակնհայտորեն գտնվում են թուրքական գործոնի ազդեցության ներքո: Դա մեզ շատ է մտահոգում:

 

Ինչպե՞ս է Սիրիայում դրսեւորվում թուրքական ազդեցությունը, որքանո՞վ է դա ուղղված հայերի դեմ:

– Մտածում եմ, որ սա ուղղակիորեն թիրախավորված չէ հայության դեմ. որեւէ հայկական հաստատության դեմ ուղղորդված թուրքական գործողություններ չեն գրանցվել: Այստեղ կարող ենք մտածել, թե Սբ Գեւորգ եկեղեցին ինչո՞ւ հրդեհվեց, հայկական վարժարանն ինչո՞ւ վնասվեց, ինչո՞ւ որոշ արխիվային նյութեր, ձեռագրեր ոչնչացվեցին, Դեր Զորի մատուռն ինչո՞ւ վնասվեց…

 Անկարա-Դամասկոս մերձեցման աննախադեպ հարաբերություններ էին ծավալվում պատերազմից առաջ: Դրանից հետո սիրիացիները հասկացան, որ դա թուրքերի կողմից արվում էր Սիրիա ավելի խորը ներթափանցելու համար, որովհետեւ շատ կարճ ժամանակում դիրքորոշումները տրամագծորեն’ 180 աստիճանով, փոխվեցին, եւ այդ աննախադեպ բարեկամական հարաբերությունները վերածվեցին աննախադեպ թշնամական հարաբերությունների: Բայց այդ մերձեցման ժամանակամիջոցում, մենք զգում էինք նաեւ սիրիական իշխանությունների զգուշավորությունը մեր նկատմամաբ, որ հանկարծ Անկարային նեղացնող դրսեւորումներ չունենանք` թե’ բողոքի ցույցերի, թե’ Ցեղասպանության ճանաչման առումով:

 

Թուրքիայի կողմից հայ համայնքը դատարկելու կոնկրետ մտադրություններ ի սկզբանե չե՞ն եղել:

-Այստեղ այլ ուղղվածություն կա, որ պետք է նկատի ունենալ. ոչ միայն Սիրիայում, այլ, ընդհանրապես, տարածաշրջանում քրիստոնյա ազգաբնակչության արտահոսք կա, եւ դա ծրագրված է: Այսինքն` մի քանի եկեղեցիների ռմբահարումն Իրաքում բավարար էր, որ տեղի շուրջ 1 միլիոնանոց քրիստոնյա ազգաբնակչությունը վերածվի մի քանի հարյուր հազարի: Այսինքն` քրիստոնյաների արտահոսքը Իրաքից կտրուկ արագացավ: Դրանից առաջ, փաստերով, շատ պարզ է, որ հատուկ կազմակերպություններ են աշխատել, որ իրանահայ համայնքից միգրացիա լինի դեպի ԱՄՆ` Վիեննայում կանգառով: Իրաքից այդ տեղաշարժը, Իրանից այդ տեղաշարժը, ինչպես նաեւ, վերջին տվյալներով, Եգիպտոսի քրիստոնյաներն են սկսել պակասել: Մենք գիտենք նաեւ, որ Սիրիայի քրիստոնյաները, այդ թվում` նաեւ հայեր, որոշ ճանապարհներով գնում են Շվեդիա, Հոլանդիա: Այսինքն` այդ ճանապարհներն աշխատում են:

 

Այսինքն` այդ ճանապարհները դիտավորյա՞լ են թողնվել` որպես միջանցքներ, որ քրիստոնյաները լքեն տարածաշրջանը:

– Այո’, եթե այս բոլորի հանրագումարը նայենք` քրիստոնյա ազգաբնակչություններն այդ տեղերից այս կամ այն ձեւերով տարհանելու ծրագիր է:

 

Ձեր կարծիքով` դա ո՞ւմ կողմից ծրագրված գործողությունների համալիր է:

-Այստեղ քաղաքական բանականությունը շատ չի օգնում, որովհետեւ կան վերլուծություններ, որ այս տարածաշրջանի «արաբական գարունը», քրիստոնյաների տեղաշարժերը, սուննի-շիա լարվածությունը` այս բոլորը նաեւ բխում են Իսրայելի շահերից: Որովհետեւ, եթե առերեւույթ ԱՄՆ-ի շահերն են երեւում, չմոռանանք, որ ԱՄՆ-ի, հատկապես’ միջինարեւելյան բաժանմունքի պատասխանատուները` որոշման ընդունման գործընթացի մասնակիցները, հիմնականում ծագումով հրեաներ են: Սա եւս պետք է նկատի ունենալ: Հավաստի կամ ոչ հավաստի’ դեռ քննարկելի է, բայց կան հրապարակված տվյալներ, հոդվածներ, որ մեջբերել են այս կամ այն ժողովների, խորհրդակցությունների ժամանակ, թե պետք է քրիստոնյաները Մերձավոր Արեւելքից «մաքրվեն»: Սրանք, իհարկե, տեսություններ են, բայց փաստն այն է, որ կա քրիստոնյաների տեղաշարժ:

 

Ի՞նչ միտումներ եք Դուք տեսնում սիրիական իրադարձությունների զարգացումներում`  ծանոթ լինելով թեարաբական մենթալիտետին, թետարածաշրջանային զարգացումներին` գրեթե կենտրոնից հետեւելով:

-Պետք է նախ տարանջատել` Սիրիան «արաբական գարնան» մյուս մանրանկարների հետ կապ չունի: Կապ ուներ, արդեն չունի. կտրվեց այդ կապը: Որովհետեւ Լիբիայում արտաքին միջամտություն կար, Եգիպտոսում տարբեր միջամտություններից բացի, զանգվածային ըմբոստություն կար, կամ Թունիսում առաջին իսկ խմորումների ժամանակ նախագահը փախուստի դիմեց: Այս երեքի տրամաբանության տակ էլ  չի տեղավորվում սիրիական ընթացքը’ ո’չ նախագահն է փախչում, ո’չ արտաքին միջամտություն կա, ո’չ էլ ամբողջ ժողովուրդն է փողոց դուրս գալիս` վարչակարգի հրաժարականը պահանջելու:

 

Բայց սիրիական խնդրում արտաքին միջամտություն կա

– Այստեղ անուղղակի է ռազմական միջամտությունը, միջոցներ տրամադրելով է դրսեւորվում: Բայց պետք է նշել նաեւ այն վճռականությունը, որ, օրինակ, Ռուսաստանն ունի Սիրիայի վարչակարգի պահպանման հարցում. նույն մոտեցումը Ռուսաստանը չցուցաբերեց մյուս երկրներում: Այս հարցում ԱՄՆ-ի ազդեցությունը հզորանում է: Կարծում եմ, որ խնդիրը երեւութապես սիրիական, բայց ավելի շատ աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել:  Ռուսական ռազմանավերի մասին խոսեցինք, բայց նաեւ չմոռանանք Ռուսաստանի վետոները միջազգային ամբիոններում: Ռուսական շահագրգռվածությունն այստեղ ակնհայտ է` Սիրիայում դիրքերը զիջելը տարածաշրջանում ռուսական ազդեցության, ես կասեի, վերջին գոտու, կետի հանձնումը կլինի: Այսինքն` Ռուսաստանը դա համարում է իր խնդիրը: Եվ շատ ավելի դուրս է եկել ներսիրիական տարողությունից: Միայն Ռուսաստանը չէ, որ այս պահվածքով, այս վերաբերմունքով է մոտենում խնդրին, որովհետեւ թուրքերը նույնքան առնչվում են, Սաուդյան Արաբիան իր չափով է առնչվում, ԱՄՆ-ը` իր չափով եւ այլն: Այստեղ, անշուշտ, որոշակի փոփոխություն ունեցավ դիրքորոշումների ուղղվածությունը, որովհետեւ անկանխատեսելիորեն զարգացավ ծայրահեղ իսլամականության խնդիրը, եւ այսօր սիրիական բանակը շատ լուրջ խնդիր ունի ծայրահեղ իսլամականների հետ:

 

Վերջ ի վերջո, Սիրիայի զարգացումներն ո՞ւր են տանում:

– Ես կարծում եմ, որ այս քաոսային վիճակը որոշ ժամանակ շարունակվելուց հետո, վերջ ի վերջո, կդառնա ստատուս քվո: Համոզված եմ, որ այնտեղ նաեւ ուրիշ առանցքի խնդիր կա, այն առումով, որ Սիրիան մինչեւ այն ժամանակ, քանի դեռ Իրանի հետ ռազմավարական գործընկեր չէր, այս ներքին խլրտումները չէին հրահրվում: Հարցը փոխվեց, երբ Իրան-Սիրիա-Ռուսաստան առանցքը, իբրեւ շրջանում գերակա կամ աշխարհաքաղաքական ուժ, ինքն իրեն զգացնել տվեց: Չմոռանանք, որ Իրանը տարածաշրջանում ներկա է նաեւ «Հըզբոլլահի» միջոցով: Ճիշտ է` «Հըզբոլլահը» Լիբանանում է տեղակայված եւ առերեւույթ լիբանանյան կազմակերպություն է, բայց, ըստ էության, իր կադրերով, իր զինուժով, իր մասնագետներով, իր ստրատեգներով իրանական դպրոցի արտադրանք է: Եվ «Հըզբոլլահ»-Իսրայել պատերազմը խորքի մեջ իրանա-իսրայելական պատերազմ է: Մի խոսքով` «Հըզբոլլահը» իրանական բանակի մեկ ստորաբաժանումն է` տեղակայված Լիբանանում: Իրանից ցամաքային ճանապարհով դեպի «Հըզբոլլահ» ռազմական օժանդակության ճանապարհն անցնում էր Սիրիայով: Իրանը «Հըզբոլլահին» կապող այդ կամուրջը պետք էր քանդել: Եվ ես, ճիշտ է, կարող եմ սխալվել, բայց համոզված եմ, որ եթե Սիրիան Իրանի հետ հատուկ ռազմավարական գործընկերություն չզարգացներ մեծ թափով, հնարավոր է, որ ներքին խլրտումները, խռովությունները, ապստամբությունները առնվազն դրսից օժանդակություն չստանային: Պետք է այս բոլոր գործոնները նկատի ունենալ’ այս հարցում որոշակի կանխատեսումներ կատարելու համար, բայց, իմ համոզմամբ, այս գոյավիճակը` ստատուս քվոն, առայժմ կմնա. իմ ներկայացրած բոլոր երեւույթները դրան են տանում:

 

Տարածաշրջանային խաղատախտակի վրա ինչպիսի՞ ֆիգուրի տեսքով է հանդես գալիս հիմա Թուրքիան:

– Թուրքիան դիտարկենք նոր օսմանականության ծրագրով կամ «Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքական  առաջադրանք-կարգախոսով  ու օբյեկտիվ հայացք նետենք` հասկանալու համար, թե ինչ ստացվեց: Թուրքիան Իրաքի հետ ժամանակավոր լուծել է իր խնդիրը, քանի որ այնտեղ ինքնավար Քրդստանը իրողություն է. իրենք լեզու գտել են իրաքյան Քրդստանի այսօրվա ղեկավարության հետ, աշխատում են լեզու գտնել նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության` Օջալանի հետ, որ հենց Թուրքիայի ներսում փորձեն չեզոքացնել քրդական գործոնը, որպեսզի ռազմական դրսեւորում չունենա: Թուրքական մղձավանջը Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի քրդերի միավորումն է, որը խոսում է Մեծ Քրդստան ստեղծելու հնարավորության մասին, որն, ի միջի այլոց, այսօր բերվել է աշխարհաքաղաքական օրակարգ: Մենք չմոռանանք ԱՄՆ պետքարտուղարության վերլուծական բաժանմունքի առաջիկա 20 տարվա կանխատեսումը, մասնավորապես` Պետերսի քարտեզը, որում նշվել է Քրդստանի ձեւավորման եւ հստակ նաեւ` Թուրքիայի մասնատման հավանականության մասին: Ուրեմն` Թուրքիայի մասնատման առաջին քայլը Քրդստանի ստեղծումն է:

 

Իսկ իրադարձություններն ինչպիսի՞ հեռանկար են խոստանում:

– Թուրքիայի գերխնդիրը հետեւյալն է` լեզու գտնել Իրաքի քրդերի հետ, չեզոքացնել Թուրքիայում առկա քրդական գործոնը եւ Թուրքիա-Սիրիա սահմանին, միջազգային ընտանիքի կողմից երաշխավորված, իբրեւ թե մարդասիրական գոտի ստեղծել: Խորքում դա այն պատնեշն է, որը պետք է խոչընդոտի Սիրիայի, Թուրքիայի եւ Իրաքի քրդերի միավորմանը: Խոսում են մարդասիրությունից, գաղթականներ են ընդունում եւ այլն, բայց իրականում այդ գոտին իր համար անվտանգության գոտի է: Ու քանի խոսում ենք հարեւանների հետ զրո պրոբլեմ ունենալու նպատակադրումից, ապա նշենք նաեւ Հայաստանի հետ էլ փակ սահմանների մասին: Ստացվում է` շրջափակում, անվտանգության գոտի, ժամանակավոր զգուշավոր, նորմալ հարաբերություններ Իրաքի քրդերի հետ եւ լարված հարաբերություններ Իրանի հետ: Այսինքն` Թուրքիան այսօր հայտնվել է իր հայտարարած քաղաքականության հակառակ արդյունքի առջեւ` բազմաթիվ պրոբլեմներ հարեւանների հետ: Եվ հայկական վերլուծական հայացքը սա անպայման պետք է խոշորացույցի տակ առնի` դեռ մի քիչ էլ մեծացնի խնդիրը:

 

Եթե նախկինում շատերը նշում էին, որ մուսուլմանական աշխարհի համար ընդունելի է թուրքական իսլամիզմի մոդելը, ապա Թուրքիայի վերջին զարգացումներից հետո այդ մոդելի հիմքերը, կարծես, խարխլվեցին: Դրանից հետո ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում:

– Վերադառնանք Թուրքիայի ներքին իրավիճակին: Այդ առումով Թուրքիայում բարձրացված խնդիրները բնապահպանական են, ձախակողմյան գաղափարախոսության, մարդու իրավունքների, նույնիսկ սեռական խնդիրների տեսքով, եւ դեռ ինքնության հարցը չի եկել: Որովհետեւ դա ամենահուժկու հարվածը կլինի` Թուրքիայում ներքին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու առումով: Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ հարցը գալու է, եւ սրա առաջատարն, իհարկե, մենք չենք, այլ քրդերն են եւ թուրքաբնակ ալեւիները. Թուրքիայում ապրում են շուրջ 20 միլիոն ալեւիներ, եւ մինչեւ հիմա Սիրիային չի հաջողվել այդ մարդկանց կազմակերպված քաղաքական գործոնի վերածել: Եթե կա Թուրքիայի մասնատման աշխարհաքաղաքական օրակարգ եւ, ըստ երեւույթին, կա, եւ եթե Սիրիայի ալեւի վարչակարգին, պայմանների բերումով, այսօր չի հաջողվում ոտքի կանգնեցնել այդ ալեւիներին, բայց եթե կա այլ հաշվարկ` այլ ուժերի կողմից, ուրեմն այդ ուժերն այդ գործոնը Թուրքիայում պետք է օգտագործեն` ներքին պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու համար: Առայժմ այդ թեմաները` ո’չ քրդական, ո’չ ալեւիական,  ո’չ ասորական եւ ո’չ էլ հայկական, չեն օգտագործվում: Բայց ես կանխատեսում եմ, որ ինչ-որ պահի ինքնության զարթոնքը պետք է զարգանա: Որովհետեւ ազգությամբ թուրքերը եւ քաղաքացիությամբ թուրքերը բոլորովին տարբեր հասկացություններ ու երեւույթներ են, եւ մի օր Թուրքիան այդ հանգամանքի բերումով կարող է շատ նեղ կացության մեջ հայտնվել` քաղաքացիությամբ թուրք, բայց ծագումով ոչ թուրք հատվածները կարող են ինքնադրսեւորվել:

 

Այդպիսի դրսեւորումներ երեւո՞ւմ են:

– Այդ վտանգները Թուրքիան փորձում է թաքցնել եւ ցույց տալ, թե իբր իր ազդեցությունը հանգիստ ընդարձակվում է մինչեւ Միջին Արեւելքի երկրներ, բայց դեպքերի հետագա ընթացքը, ինձ թվում է, հակառակն է ցույց տալու:

 

Թուրքիան ինչպե՞ս կվերադասավորի իր դիրքերը  տարածաշրջանային գործընթացներում, եւ ներկայումս իսլամական աշխարհում ո՞վ է դառնում գլխավոր` լոկոմոտիվային ուժը, քանի որ ակնհայտորեն Թուրքիայի դերն այդ հարցում առնվազն միանշանակ չի ընկալվում:

– Թուրքիան վերջին խնդիրներից առաջ մի թատրոն բեմադրեց արաբական աշխարհի համակրանքը շահելու ձգտումով` հակաիսրայելական կեցվածքներ ցույց տալով: Նավի հետ կապված պատմությունները, ներողություն պահանջելու խնդիրը, դեսպանատուն կանչելու եւ նվաստացնելու խնդիրը դեկլարատիվ եւ ցուցադրական էին: Հակաիսրայելական թատրոններ բեմադրվեցին, բայց խորքում մինչ այժմ գործում է եւ չի առկախվել Թել Ավիվ-Անկարա հատուկ ռազմավարական գործընկերության պայմանագիրը: Վերջերս տեղեկատվություն կար, որ իսրայելական օդուժը թուրքական ռազմաբազա է օգտագործել` իր ռազմական ինքնաթիռներով սիրիական օբյեկտներին հարվածելու համար: Դա, իհարկե, հերքվեց Թուրքիայի կողմից, սակայն Իսրայելը չհերքեց դա: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանային խնդիրների դեպքում Իսրայել-Թուրքիա գործընկերությունը լավ էլ աշխատում է:

 

Տարածաշրջանի մեկ այլ` նախկինում էական, իսկ այժմ ոչ այնքան լուրջ դերակատարություն ունեցող երկրում` Եգիպտոսում, ընթացող զարգացումները ի՞նչ ազդեցություն ունեն տարածաշրջանի համապատկերի վրա:

– Մենք պետք է իմանանք, որ մահմեդական ազգաբնակչության մեծամասնությունը սուննի է: Իսկ սուննիների վրա ազդեցություն ունենալու համար երեք հիմնական մրցակից պետություններ են պայքարում` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Թուրքիան: Եգիպտոսի` խաղից դուրս գալը հօգուտ Թուրքիայի էր, որովհետեւ Թուրքիան ի սկզբանե շատ ավելի նկրտումներ ուներ` լիդերության առումով: Բայց այստեղ մեկ հանգամանք կա, որ անպայման պետք է նկատի ունենալ` եգիպտական զանգվածային վերջին բողոքը իսլամական վարչակարգի դեմ էր: Եվ Թուրքիան եւս իսլամական վարչակարգ է… Այստեղ պետք է որոշ փակագծեր բացել ու նշել, որ ֆակտորները մի քիչ տարբերվում են: Թուրքիայի իսլամական վարչակարգը խորքի մեջ փորձում է երկրորդ բեւեռը հանդիսանալ խորքային պետության` Թուրքիայի զինվորական իշխանության: Մինչդեռ Եգիպտոսում այդպես չէ` թեեւ եգիպտական բանակն էլ, առերեւույթ չմիջամտելով, փորձեց իշխանափոխություն իրականացնել, բայց հանգամանքները տարբեր են:

 

Մեզ` հայերիս, ինչպիսի՞ Թուրքիա է ձեռնտու:

– Այստեղ հայկական ոսպնյակը պետք է անպայման աշխատի` դեպքերը վերլուծելու առումով: Որովհետեւ եթե նժարի վրա դնենք Թուրքիայի այսօրվա իսլամական ու զինվորական իշխանությունները եւ չափման միավոր ընտրենք Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ երկու վարչակարգերի վերաբերմունքը, բացահայտ կարող ենք ասել, որ այսօրվա գործող իշխանությունները շատ ավելի հանդուրժող են: Սա ունի իր բացատրությունը` որովհետեւ այս իշխանություններն են, որ, հակառակ ազգայնական ու զինվորական իշխանությունների, վազում են դեպի Եվրոպա: Իսկ Եվրոպան խաղի իր կանոններն է թելադրում` հանդուրժողականություն, ժողովրդավարություն, ազատ կարծիք արտահայտելու իրավունք, մարդու իրավունքներ եւ այլն: Այս արժեհամակարգը, որ փորձում են ցույց տալ այսօրվա իշխանությունները, ինչ-որ փոփոխություն մտցրել է Թուրքիայում: Այսինքն` պետք է շատ ավելի կշռադատել, թե, անկախ արեւմտյան ուժերի ցանկացած սցենարներից, անկախ նաեւ դեպքերի ընդհանուր զարգացումներից,  ի վերջո` հայկական շահերի տեսակետից, Թուրքիայում իշխանափոխության դեպքում ո՞ր ուժն է համեմատաբար նպաստավորը մեզ համար:

 

Իսկ ո՞րն է

– Հիմա մտածենք` եթե իշխանափոխություն լինի ի՞նչ ուժ կամ ո՞ր ուժն է գործող իշխանությունների այլընտրանքը` ազգայնականնե՞րը, զինվորականությո՞ւնը, թե՞, ինչպես ասում են, խորքային պետությունը: Իսկ դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ազգային փոքրամասնությունների համար: Մենք տեսանք, որ հայկական «Նոր զարթոնք» շարժումը Ստամբուլի  ցույցերի ժամանակ այնտեղ էր, հակավարչական տրամադրություններով բավականին ակտիվացած էին, բայց իրենց պատկերացրած այլընտրանքը ձախակողմյան ուժերն են` Հրանտ Դինքի շարժումը: Եթե այդ այլընտրանքը, որ ազգային փոքրամասնությունների կամ  բնապահպանական խնդիրների, մարդու իրավունքների հանդեպ շատ ավելի հանդուրժող է, կգա իշխանության, ուրեմն կարելի է նաեւ այդ ուղղությամբ մտածել: Բայց եթե հետդարձ պետք է կատարվի, ապա դա ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ մեզ համար: Այս նրբությունները պետք է անպայման նկատի ունենալ: Հետո կա նաեւ քաղաքական պրագմատիկ տրամաբանությունը` հարց է առաջանում` իսկ այս ամեն ինչը` շարժումը եւ այլն, որեւէ ձեւով թուլացնո՞ւմ են Էրդողանին:

 

Մինչեւ «արաբական գարունը» հզոր Եգիպտոս կար, իսկ այժմ քայքայված ու ներսից ցնցվող: Արդյո՞ք եգիպտական ներկա քաոսային իրադարձությունները տարածաշրջանի համար նախատեսված սցենարների մեջ վերանայումներ, ճշգրտումներ չեն մտցրել:

– Նշենք, որ Եգիպտոսում շատ լուրջ վտանգ կա, որ տապալվող իշխանության թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրները», որ, իհարկե, տարբերվում են Թուրքիայի իսլամականներից իրենց ծայրահեղականությամբ, անցնեն ընդհատակ: Իսկ ընդհատակն արդեն քաղաքացիական անհնազանդության, բռնամիջոցների կիրառման եւ ահաբեկչական գործողությունների սկիզբն է, որը կարող է սկսվել Եգիպտոսում: Սա, իրոք, քաոս է…

 

 

Թուրքիայի ներքին խժդժությունների արդյունքում  փլուզվեց կարծիքը, որ թուրքական իսլամիզմի մոդելն էտալոն է: Պարզ դարձավ, որ «արաբական գարուն» գաղափարն ամենեւին իդեալական չէ, որ սիրիական իրադարձություններն ամենեւին էլ դրա տրամաբանության սցենարներով չեն զարգանում եւ այլն: Բայց  այդ ամբողջը կատարվում է Հայաստանին անմիջապես հարող տարածաշրջաններում ու, անկախ մեր կամքից, ազդում է մեզ վրա, առավել եւս` եթե հաշվի առնենք, որ գրեթե բոլոր թեժ կետերում էլ հայ համայնքներ կան: Որտե՞ղ մենք պետք է դիրքավորվենք, ինչպիսի՞ դիրքերից հանդես գանք:

– Այս բոլոր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային վերլուծությունները, ի վերջո, պետք է նաեւ դիտարկվեն, թե մեզ` հայ համայնքների վրա ինչպես կամ որքան կազդեն` ազգային փոքրամասնությունների վիճակի կամ քրիստոնյաների տեղաշարժերի համատեքստում: Ի վերջո, ճիշտ է այն դիտարկումը, որ պետք է գանք ու հասնենք այն հարցին, թե մենք ինչ ուղղությամբ ենք գնալու: Ես լիբանանյան օրինակով ասեմ, հետո սկսենք դիտարկել տարածաշրջանային մակարդակով, թեեւ հանգամանքների հսկայական տարբերություններ կան: Լիբանանահայ համայնքը 17 տարվա քաղաքացիական պատերազմի բովովէ անցել: Համայնքը չչքացավ, չչեզոքացվեց, շարունակում է գործել եւ պահում է իր դերակատարությունը` երկրում հայերի համամասնությանը համապատասխան: Սա փաստ է: Հիմա` լիբանանահայ համայնքին հաջողվեց կուտակել տոկալու, վերապրելու, կազմակերպված համայնք մնալու հատուկ դիմադրողականություն, նույնիսկ` լրացնել այն բացերը, որոնք հայկական անկախ պետականության բացակայությամբ էին պայմանավորված: Լիբանանում միջհամայնքային բախումներ էին, եւ հայ համայնքը պատվով դուրս եկավ թե’ բախումներից, թե’ տնտեսական, թե’ հասարակական ճգնաժամից: Ու այսօր Լիբանանի հայ համայնքը` իր կուսակցական, հոգեւոր, մշակութային, հասարակական, միութենական եւ այլ հաստատություններով, շարունակում է պահպանել իր` համասփյուռքյան կարեւորագույն կենտրոններից մեկը  լինելու հանգամանքը` կաթողիկոսությունն է այնտեղ, Սփյուռքի միակ հայկական համալսարանն է այնտեղ, ճեմարանն է այնտեղ եւ այլն: Բազմաթիվ օրինակներ են սրանք, որոնք միայն տեղական, լիբանանյան կյանքի համար մարդուժ  չեն արտադրում, այլեւ իրենց դրվածքով համասփյուռքյան կառույցներ են: Իհարկե, թիվը նախկինը չէ, եւ եթե Լիբանանից գաղթը, արտահոսքը չլիներ, ապա այսօր շատ հանգիստ 300-350 հազար, նույնիսկ գուցե կես միլիոնանոց համայնք կունենայինք, բայց 125 հազարանոց համայնք ունենք: Բայց կա հայկական շրջան, գյուղ, եւ սրանք Սփյուռքի եզակի երեւույթներ են, հայ քաղաքապետներ, հայ նախարարներ, պատգամավորներ, որովհետեւ միջհամայնքային հասարակություն է, հայ ժողովուրդն էլ համարվում է Լիբանանի յոթ հիմնական համայնքներից մեկը` իր չափաբաժին լիազորություններով, եւ այդ չափաբաժինը հարգվում է: Ես նույնը չեմ կարող ասել անշուքացող, չեզոքացվող, երբեմն նույնիսկ վերացող այլ համայնքների մասին:

 

Ես Ձեզ ճի՞շտ հասկացա` Դուք, որպես նմուշ, առաջարկում եք լիբանանահայ համայնքի մոդե՞լը: Այդ մոդելը կիրառելի կլինի՞ այս տարածաշրջանի համար:

– Ես պարզապես նշեցի փաստը, որ եթե դիմադրողականության ոգին ու համայնքը պահելու կամքը կան, ինչպես դա լիբանանահայ համայնքի դեպքում էր, ապա արդյունք կլինի: Բայց նաեւ այլ օրինակներ կան: Եթե նկատի ունենանք եգիպտական համայնքի անցյալը եւ ներկան, հսկայական տարբերություն կա: Մենք էլ` լիբանանահայ համայնքն էլ, հարվածներ է ստացել, բայց պահել է իր ինքնությունը, կազմակերպվածությունը, եւ, ինչու ոչ, նաեւ առաքելությունը: Բայց եգիպտահայ համայնքը, որտեղ կուսակցություններն իրենց ներկայացուցչություններն են ունեցել, մամուլն է ծաղկել, մշակույթն է ծաղկել, ինչպես նաեւ պատկառելի թիվ է եղել, այսօր սակավաթիվ է, խեղճացած վիճակում, եւ դա ինձ ավելի լավատես չի դարձնում: Մեկ այլ օրինակ` Իրաքի հայ համայնքի արագ պարպումը… Ես նույնը չէի ասի իրանահայ համայնքի մասին` չնայած այն էլ հարվածներ ստացավ: Իսկ Սիրիայի դեպքում շատ կարեւոր է, թե հակամարտությունը որքան կտեւի, քանի որ այսօրվա դրությամբ էլ բազմաթիվ մարդիկ են այնտեղ մնացել, չեն լքել իրենց երկրը, եւ հաստատ ահագին մարդ էլ կվերադառնա: Այսինքն` ամենակարեւոր հարցն է, թե իրավիճակը դեռ ինչքա՞ն կշարունակի այսպես մնալ, որովհետեւ անհեռանկար վիճակն էլի շատ մարդկանց է դուրս հանելու Սիրիայից: Ճիշտ նշեցիք` անկախ մեր կամքից կարող են գործընթացներ թափ առնել, որ մարդիկ դուրս գան այս տարածաշրջանից: Ու երբ քրիստոնյաները դուրս են գալիս, նաեւ հայերը դուրս պետք է գան` հակառակ հանգամանքին, որ կոնկրետ թիրախ չեն հակամարտող կողմերի համար: Ամբողջ խնդիրը դուրս եկողների հունավորման խնդիրն է: Եվ հենց այստեղ մենք չենք հաջողում այդ հունավորումը միանշանակ կամ գոնե գերակշիռ մասով դեպի Հայաստան կազմակերպել:

 

Իսկ հնարավոր չէ՞ տարածաշրջանային զարգացումների այս խառնաշփոթ իրավիճակը ծառայեցնել հայկական շահերին:

– Հայկական շահը` գործնական տեսքով, ես առաջին հերթին պատկերացնում եմ հայության տեղաշարժերի հունավորումը դեպի Հայաստան: Ցավոք, Հայաստանն ինքը արտագաղթի հետ կապված խնդիր ունի: Իսկ անձնական շահագրգռվածությունը շատ կարեւոր է տեղաշարժի ուղղությունը ճշգրտելու համար: Զուտ հայենասիրության գործոնն այստեղ չի աշխատում: Երկքաղաքացիության օրենքի ընդունումից հետո բավական ժամանակ է անցել: Ես մոտիկից հետեւում եմ, բայց դիմումների թիվը մեծ չէ, մարդիկ չեն դիմում` երկքաղաքացիություն ստանալու: Մենք թերթում հայտարարում ենք, հոդվածներ ենք գրում, ես գնում եմ դասախոսության ու բացատրում, դեսպանի հետ հարցազրույցներ ենք անցկացնում, բայց զգում ես, որ չի ալիքավորվում, արձագանք չի գտնում… Երբ իրավիճակը կտրուկ լարվեց, երբ Լիբանանի քաղաքացիներին արաբական երկրներում սկսեցին մի քիչ տարբեր նայել` ոչ միայն հայերին, այլ, ընդհանրապես, լիբանանցիներին, եւ հանկարծ Հայաստանի անձնագիրը սկսեց շատ ավելի հանգիստ ընդունվել, քան Լիբանանինը, Հայաստանի քաղաքացիության համար դիմումները թափ ստացան: Նույնը` Սիրիայում, երբ սկսեց հետզհետե խորանալ ճգնաժամը, այնտեղ էլ թափ ստացան: Ուզում եմ ասել, որ անձնական շահն էլ պետք է  մարդկանց մղի դեպի Հայաստանի քաղաքացիություն:

 

Այսինքն` ավեի համալիր մոտեցո՞ւմ պետք է ցուցաբերել:

– Այո’, բայց նաեւ Հայաստանում պետք է ստեղծել մի միջավայր, որի պայմանները առնվազն նույնն են տվյալ մարդկանց երկրների միջավայրերի պայմանների հետ, եթե ոչ ավելի լավը: Իրաքից եկան, որովհետեւ Հայաստանում Իրաքի պայմաններից լավ էր, Սիրիայից եկան ճգնաժամի պատճառաբանությամբ եւ այլն: Լիբանանում էլ կարող է վաղը նույնը լինել: Ես իդեալական տեսություն եմ ասում, բայց մենք պետք է կարողանանք այն պայմանները ստեղծել Հայաստանում, որ ոչ թե իրենց երկրների պայմաններն այնքան վատանան, որ մարդիկ գան Հայաստան, այլ նույնիսկ այնտեղի լավ պայմաններում Հայաստանի պայմաններն ավելի լավը լինեն: Դրա համար պետք է նրանք տեսնեն, որ Հայաստանը զարգանում է, ավելի արդար հասարակարգ է, օրենքով պաշտպանված ներդրումային դաշտ կա, զարգանալու հնարավորություններ կան, հանգիստ է եւ այլն: Այսինքն` գան դեպի բարեկեցություն, ինչը զուտ մարդկային հոգեբանության առանձնահատկություն է: Սա նկատի ունեմ` ասելով, որ  հունավորման խնդիրը կարեւոր է: Ենթադրենք, թե Հայաստանում նույն լիբանանահային, սիրիահային եւ այլն, նույնիսկ բնակարան տան, բայց նա աշխատանք, միեւնույն է, չգտնի, ապա ինչ նշանակություն ունի, թե նա տուն ունի, եթե ապրուստի միջոց չունի:

 

Բայց պետությունը նույնիսկ տեղացիների համար չի կարողանում այդ պայմանները ստեղծել:

– Ես նաեւ կողմ չեմ հեռվից նայելով ասելուն, թե պետությունը թո’ղ այս խնդիրները լուծի, որ մենք գանք ու հաստատվենք հայրենիքում: Եթե կա խնդիր, ուրեմն բոլորով պետք է լուծենք, որովհետեւ, եթե ասում ենք, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, ապա հայրենիքի դժվարություններն էլ բոլորինս պետք է լինեն: Եվ ճիշտ չէ` հեռվից ձեռքներս ծալած նստենք ու սպասենք, թե երբ են մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվում, որ մենք էլ գանք ու  հաստատվենք: Սակայն պետության պարտականություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն տա մեզ, նաեւ որոշումների ընդունման գործընթացներին մասնակցել: Ինչ-որ բաներ արվում են, չեմ ժխտում, բայց ավելի խոշորամասշտաբ պետք է արվի` ամբողջ Միջին Արեւելքի հայության անվտանգության խնդիրն այսօր օրակարգում է:

 

Դուք տարածաշրջանի բոլոր գործընթացներից քաջատեղյակ եք: Ձեր կանխատեսմամբ` մոտ ապագայում ինչպիսի՞ն կլինի տարածաշրջանի պատկերը` արդյոք նո՞ւյնը կլինի, թե՞ էականորեն փոփոխված: Եվ արդյո՞ք այդտեղ հայերը ուրախանալու առիթ կունենան:

– Ես կարծում եմ, որ գերտերություններն ինչ-որ բաժանարար ծրագրեր ունեն` այս տարածաշրջանի հետ կապված, նաեւ` Իրանի վտանգը չեզոքացնելու համար: Որովհետեւ փաստ է, որ իսրայելական կղզին, որ հայտնվել է արաբական աշխարհի մեջ, պետք է իրենց: Զուտ քաղաքագիտական տեսությամբ եմ ասում` դրա կիրառումը կարող է երկար տասնամյակներ տեւել. Իսրայելին ճնշելու բոլոր պոտենցիալները, վնասազերծելու, արաբա-իսրայելական հակամարտությունը լուծելու համար տարբեր սցենարներ գործի կդրվեն: Ի վերջո, նաեւ արաբական աշխարհում այսօր կա Իսրայելի հետ նորմալ հարաբերություներ զարգացնելու մտայնություն. Քաթարի, Եգիպտոսի օրինակը նշենք: Նույնիսկ Եգիպտոսի իսլամականները, որ այժմ տապալվեցին, մինչեւ վերջ չգնացին Իսրայելի դեմ: Այսինքն` քաղաքական լաբորատորիաներում արաբա-իսրայելական կոնֆլիկտների լուծման համար տարբեր սցենարներ պետք է փորձարկվեն,- իսկ ես կարծում եմ, որ անպայման կփորձարկվեն,- մշակութային խնդիրների լուծման, անվտանգության եւ նույնիսկ տրանսպորտային խնդիրների լուծման առումով: Որովհետեւ Իսրայելն այսօր փակ սահմաններ ունի Լիբանանի հետ, խզված հարաբերություններ` Սիրիայի եւ արաբական որոշ հանրապետությունների հետ: Այս ամենը կարգավորելու օրակարգեր կան: Եվ ամբողջ խնդիրն այն է, թե այդ սցենարների կիրառումների ընթացքը ցնցումներո՞վ, թե՞ հանգիստ անցումային պրոցես կլինի: Ես կարծում եմ, որ մեզ դեռեւս ցնցումներ են սպասում, ու այդ ցնցումները տեղի են ունենալու նաեւ այն միջավայրերում, որտեղ հայ համայնքներ են ապրում: Չէի ասի, թե հայ համայնքներն այդ տարածքներից կվերանան, բայց  տուժելու են: Ու հենց այստեղ է կարեւորվում, որ այդ ցնցումներից հեռացող հայերի տեղաշարժը պետք է ուղղորդվի դեպի Հայաստանի Հանրապետություն:

 

Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here