Հայաստանյան գիտությունը մեկ դոլարի դիմաց տված արդյունքով աշխարհում առաջիններից մեկն է

0
137

 

Վերջերս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանն իր մամլո ասուլիսում անդրադարձավ Հայաստանում գիտության հիմնախնդիրներին: Այդ մամլո ասուլիսը ծնունդ տվեց բազմաթիվ հոդվածների ու ռեպորտաժների, որոնց միայն վերնագրերն ի մի բերելով, ստանում ենք հայաստանյան գիտության ընդհանուր պատկերն ու այդ ոլորտում պետության ռազմավարությունը՝ խոսքի և գործի հակասությամբ:

«Հայաստանում գիտությունը ծերանում է», «Հայաստանում գիտնականն ամենաանտեսված խավն է», «300 մլն դրամն առ ոչինչ է», «Գիտությունը ծերացել է». Արթուր Իշխանյան» ու էլի շատ նյութերի ցանկում տեղ են գտել նաև հետևյալ վերնագրերով նյութեր՝ «Չնայած պետական խղճուկ, աղքատիկ ֆինանսավորմանը՝ հայ գիտնականները զբաղեցնում են առաջին տեղը», «Армянские ученые в крайне тяжелом положении, но по продуктивности они первые в мире», որոնք, ամենայն հավանականությամբ ծնվել են «անթել հեռախոսի» սկզբունքով՝ որպես սկզբնաղբյուր ունենալով «Հայ գիտնականների վիճակը ծայրահեղ է, բայց արդյունավետությամբ նրանք առաջինն են աշխարհում» նյութը, որում բառացիորեն գրված է հետևյալը՝ ՀՀ գիտության ոլորտում վիճակն այսօր ծայրահեղ է. գիտնականների թիվը շատ քիչ է և շատ ծեր են, մինչդեռ զարմանալի պարադոքս կա, այս պայմաններում Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ առաջինն են աշխարհում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը։

Նման հայտարարությունը առաջացրել է ալիք. մեկը զարմանում է, մյուսը ճշտում, թե ինչ է ճշգրիտ ասվել, երրորդը՝ քննադատում սխալ ինֆորմացիա տարածողին, չորրորդը՝ «անթել հեռախոսի» սկզբունքով գործողին: Մասնավորապես, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան էջում Լիլիթ Վարդանյանը գրել է հետևյալ մեկնաբանությունը՝ Հետաքրքիր է, ինչո՞վ են հայ գիտնականները զբաղեցնում առաջին տեղը: Եթե խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է` համաձայն եմ: Ուրիշ ոչ մի բանով հայ գիտնականին ես առաջին հորիզոնականում չեմ տեսնում: Ի պատասխան, Արմեն Պետրոսյանը գրել է հետևյալը՝ Արթուր Իշխանյանն ասել է, որ մեկ դոլարի դիմաց տված արդյունքով երևի առաջին տեղում է, կամ առաջիններից մեկը, որովհետև այդքան ցածր ֆինանսավորման դիմաց տված արդյունքը պետք է համարել հրաշալի։

Այնուամենայնիվ, որոշեցի այս հարցը ճշտել անձամբ իրենից՝ Արթուր Իշխանյանից:

Պարո՛ն Իշխանյան, հավանաբար տեղյակ եք, որ Ձեր հնչեցրած միտքն առ այն, որ Հայաստանի գիտնականներն իրենց արդյունավետությամբ առաջինն են աշխարհում, բնականաբար, բուռն քննարկում է առաջացրել տարբեր լսարաններում, ի՞նչ կասեք այդ մասին:

ԱՊՀ երկրների և մեր տարածաշրջանի երկրների մեջ, համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանի Հանրապետությունն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Իսրայելից հետո՝ մեկ գիտնականի հաշվով տված հոդվածների թվով և դրանց վրա կատարված հղումների թվով: Հաշվի առնելով, որ հակառակը` ֆինանսավորմամբ մենք զբաղեցնում ենք վերջին տեղերից մեկն աշխարհում, ապա կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանի գիտական համակարգը գործում է համեմատաբար արդյունավետ` համեմատած այլ ոլորտների հետ:

Իրոք, եթե համեմատենք այլ համակարգերի հետ, օրինակ՝ դատաիրավական համակարգի, ապա համեմատության եզրեր ուղղակի չենք գտնի, քանի որ մնացած բոլոր ոլորտներում, դատաիրավականում՝ առավել ևս, խոսք կարող է գնալ աշխատանքի և արդյունավետության ամենացածր մակարդակների մասին և ամենաբարձր վարձատրության:

Վարչապետը, տեղի տալով հանրության ուժեղ ճնշմանը, 2013թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփիչ իր ելույթում ասաց՝ մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը:

Ուրեմն՝ եթե արդյունավետ է, ապա

Վարչապետի այս խոսքը պարզապես ծաղր է հարուցում. Հայաստանում մեկ գիտնականի հաշվով կատարվող ծախսը 100-ից ավել անգամ պակաս է, քան եվրոպական երկրներում: Ծախս չեն անում, բայց արդյունավետություն են պահանջում, և դա այն դեպքում, երբ արդյունավետությունը պարզապես աչքներն է մտնում…

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here