Լիբանանահայ համայնքը պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

0
157

Բեյրութի yerepouni-news.com  եռալեզու  կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրմտյանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումների մասին ասաց, որ Հայաստանը և Սփյուռքն այս հարցի շուրջ չեն կարող առանձին-առանձին գործել, Հայաստանը և Սփյուռքը միասնաբար պետք է գործեն՝ համադրված, պետական մակարդակի վրա, թե ինչպես պետք է դրվի հարցը, ինչպիսի մարտավարությամբ, ռազմավարությամբ պիտի ձևավորվի պահանջատիրությունը։

Նրա կարծիքով՝ սփյուռքահայերը, որպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած կամ զոհ գնացած հայերի սերունդներ, այլ կերպ, յուրովի պետք է ներկայացնեն պահանջատիրությունը, սակայն այս բոլորը պետք է համադրված աշխատանք լինի, համադրված ձևով առաջ մղվի, ինքնագլուխ աշխատելու անհրաժեշտություն չկա այս պարագայում: Ըստ նրա՝ այս համադրության մեջ է հաջողությունը:

«Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի մեջ, եթե ոչ առաջինը՝ առաջիններից էր, և պետք է ասել, որ բավականին աշխույժ գործունեություն է ծավալում, զանազան աշխատանքներ են կատարվում՝ քարոզչական, մշակութային, նաև հատկապես մեր մշակույթը, մեր պատմությունն օտար զանգվածներին ներկայացնելու իմաստով»,- ասաց «Արարատ» թերթի գլխավոր խմբագիրը:

Վերջին վեց-յոթ ամսում Լիբանանում Ցեղասպանության ժամանակաշրջանի մեծաթիվ նկարների երեք-չորս ցուցահանդեսներ են եղել: Օսմանյան Թուրքիայի մեջ տառապող հայերի մասին օտար մամուլում գունավոր նկարազարդ մեկնաբանությունների ցուցադրություն է եղել նաև, որը բավականին լուրջ հետաքրքրություն է առաջացրել։ Հայոց ցեղասպանությանն առնչվող մի քանի վավերագրական ժապավենների ցուցադրություն է տեղի ունեցել, քարոզչական բնույթի ակցիաներ են եղել:

«Մեծ, հիմնական ձեռնարկը ապրիլի 24-ի օրը քայլարշավ տեղի ունեցավ և միտինգ, այդ էլ մաս է կազմում Ցեղասպանության աշխատանքներին: Լիբանանի մեջ Հայկական ցեղասպանության 100-ամյակի մարմինը կարող եմ ասել, որ Սփյուռքի մեջ կազմված գրեթե բոլոր մարմիններից ավելի շուտ կազմվող մարմինը դարձավ։ Հայաստանի մեջ գերագույն ժողով տեղի ունեցավ՝ եղավ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորության տակ»,- նշեց Ահարոն Շխրտմյանը:

Նրա կարծիքով՝ հիմնականում քարոզչական այնպիսի աշխատանքներ են կազմակերպվելու, որ հանրային կարծիքը ուղղակի համոզվի և տպավորվի, որ Թուրքիայի այս հակաքարոզչությունն անտեղի է և ժամանակավրեպ։

«Թրքական աղբյուրներն այստեղ շատ են վխտում, Լիբանանում ունեն լծակներ, որ կարող են փորձել խափանել մեր կազմակերպչական աշխատանքները: Պետք է այս բոլորը այնպիսի ձևով, զգուշավորությամբ, լավ ձևով կազմակերպել, որ մինչև վերջին վայրկյանը հաջողվի: Սակայն քարոզչական, մշակութային, կազմակերպչական բավական լուրջ աշխատանքներ կան, որ պատրաստվում են և շատ լուրջ կարծիքներ կարող ենք ակնկալել, որ կլինեն: Իրավական հենքի վրա լիբանանցի իրավագետները շահագրգռված են պաշտպանելու (Ցեղասպանության հետ կապված) հայերի շահերը: Տեղացի՝ լիբանանցի փաստաբանները, իրավաբանները շահագրգռված են պաշտպանելու Հայկական ցեղասպանության մեր առաջ քաշած թեզերը»,- նշեց Ահարոն Շխրտմյանը:

Նրա տվյալներով՝ հողային պահանջ կա, ոչ միայն ճանաչման ակտ է գրված, այլ նաև իրավական ճանաչման, այն բոլոր կորուստների, որ Ցեղասպանության հետևանքով առաջացան՝ մշակութային, հողային կալվածքների, եկեղեցիների, հուշակոթողների, այս բոլորի հետ կապված պահանջներ են դրվում Թուրքիայի առջև: Պահանջ է դրվում ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչելու, այլև հետևանքները կրելու, պատասխանատվություն և հատուցում տալու այս ամենին:

«Բավականին ծանր թղթածրար է պատրաստվում։ Հավատացեք, որ նպատակը Ցեղասպանության միջոցառում, միտինգ կամ հավաք անելը չէ, որքան Ցեղասպանության հարցը ամենօրյա բնույթով հետապնդելն է, այն բանը, որ եթե ամեն կողմից էլ՝ Հայաստանի կողմից էլ, Սփյուռքի երկրների կողմից էլ, որ օտար մարդիկ, հանրությունն էլ իր ֆունկցիան ինչ-որ տեղ զգա, որ հաշվետու է, սա կարևոր է»,- ասաց Ահարոն Շխրմտյանը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here