Պարոն Վարչապետից պահանջում ենք խոսքը գործի՛ վերածելու հմտություն

0
150

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան,  հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը։

Առիթը եկել է, ու պարոն վարչապետն այն բաց չի թողել՝ փայլելու գիտելիքի և գիտության փառաբանման իր հմտությամբ։

Շնորհավորելով տոնի կապակցությամբ, վարչապետն ասել է՝ «Իմ համոզմամբ, Արցախի ազատագրական պայքարի ճակատը այսօր հենց գիտության բնագավառում է։ Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Ուրեմն, էլի՛ գիտության մասին վերամբարձելու գործ է բացվել, ու մեր պարոն վարչապետն էլի փայլում է խոսքարվեստի իր դերում. ոնց որ՝ ձուկը ջրում, կամ, ինչպես ռուսը կասեր՝ в своем амплуа։

Երկու օր է, որ ինտերնետը ողողել է այս պերճախոսությունը։ Եվ արձագանքը, որ կարող էր լինել նման կամ հենց նույն խոսքի հանդեպ մի հինգ տարի առաջ, ծայրահեղ տարբեր է այսօրվանից, քանի որ, ինչպես ընդունված է ասել՝ ժողովրդի «տառապանքը փորձ ունի»։

Այսօր վարչապետի այս կոչը կա՛մ ծաղրական, կա՛մ զայրացած մեկնաբանությունների տեղիք է տվել։

Օրինակ, Լուսինե Սարգսյանը գրել է՝ «Վարչապետի խոսքերը մեծ ապտակ է գիտնականների համար։ Մեզ ձեռ է առնու՞մ, թե՞… բա որ այդքանը գիտի, ինչու՞ է գիտնականն այսքան արհամարհված»։

Արմենուհի Նազարյան՝ «Չեմ հասկանում, էս մարդն իրո՞ք… թե՞ ձևանում է էդպիսին»։

Պատասխանելով Արցախի պետական համալսարանի ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը, Տիգրան Սարգսյանը նշել է. «Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին»: 

Կարծիքներ կան, որ այստեղ վարչապետի խոսքում փոքրիկ ուղղում է պետք կատարել՝ հանելով «լուծելու» բառը, «բարձրաձայնելն» էլ փոխարինելով «խոսել»-ով։  Այդ դեպքում արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի։

1980-87 թվերին, այսինքն՝ 7 տարի տևել է, որ վարչապետը հմտացել է խոսքարվեստում, մոտենում ենք նրա վարչապետության 6–ամյակին։ 1 տարի ևս՝ և կգա սրբազան 7 թիվը։

Հարց է ծագում ՝ հուսա՞նք, պարո՛ն վարչապետ, որ դրանից հետո կհմտանաք նաև խոսքը գործի վերածելու գործում։ Թե չէ, գիտնականները համատարած լքում են կա՛մ գիտությունը, կա՛մ հայրենիքը։

Եթե Հայաստանի ու Արցախի ապագան կապում եք գիտության առաջընթացի հետ, գիտության մարդկանց էլ սովի եք մատնել՝ «վճարելով» հանրապետությունում ամենացածր աշխատավարձը և դրանով իսկ իրենց «գլխի ճարը» իրենց ձևով տեսնելու արտասահմանյան ճանապարհ ցույց տվել, ինչո՞ւ այդ դեպքում միանգամից ազնվորեն չեք ասում, որ երկիրը հասատուն քայլերով տանում եք դեպի անդունդ։

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here