Գիտություն, Արցախ, Վարչապետ, Նեմեսիս

0
121

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը փաստացի գուժում է Հայաստանի իշխանությունների մտադրությունը` հանձնելու Արցախը. հարց` կլինի՞ արդյոք «Նեմեսիս» գործողություն։

Հայաստանի իշխանությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով հանդես են եկել Արցախի ճակատագրի վերաբերյալ գերկարևոր քաղաքական հայտարարությամբ։ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետն ասել է.

«Իմ համոզմամբ, Արցախի ազատագրական պայքարի ճակատը այսօր հենց գիտության բնագավառում է։ Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը»։

Այս հղումն ինձ այնքան զայրացրեց ու դառնացրեց, որ, ինչպես տեսնում եք, ես կորցրի, հուսամ՝ ժամանակավորապես, հարցերին հումորով նայելու ընդունակությունս:

Դատելով նրանից, թե ինչ վիճակում է գտնվում այսօր Հայաստանի գիտությունը, ինչպես է ՀՀ կառավարությունը վերաբերում գիտության ոլորտին, մասնավորապես, ինչ գումարներ են նախատեսված գիտության զարգացման համար 2014 թ. ՀՀ պետական բյուջեով և 2015-2016 թթ. միջնաժամկետ ծրագրերով, այս հայտարարությունը կարող է ընկալվել միայն մեկ կերպ` Հայաստանի իշխանությունները մտադրություն ունեն հանձնելու Արցախը մոտակա ժամանակում, ըստ ամենայնի, առաջիկա 1-2 տարում։ Այսինքն, այս հայտարարությամբ Հայաստանի իշխանությունները ուղերձ են հղում միջազգային հանրությանն առ այն, որ պատրաստ են հանձնելու Արցախը, հավանաբար, որոշ դիվիդենտների դիմաց։

Դիվիդենտներ, ըստ երևույթին ակնկալվում են, քանի որ, շարունակելով խոսքը, վարչապետն ասել է. «Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Իսկ ի՞նչ հաղթանակի մասին է խոսքը՝ գիտության և կրթության բնագավառում: Ուզում է ասել, որ այդ ոլորտի աշխատողին, պահելով սոցիալապես ամենացածր դիրքում, կամաց-կամաց բնաջնջում է նրանց, դրանով իսկ տանելով հաղթանա՞կ: Եթե գիտության ոլորտում հաղթանակը գիտության վերացումն է, ապա, պետք է կարծել, որ Արցախի ճակատում հաղթանակն էլ Արցախի հանձնումը պիտի լինի: Շատ պարզ ուտրամաբանական եզրահանգում:

Ինչպես ասում են` առը հա՛։ Ուրեմն, նախ` վարչապետն առիթը բաց չի թողել` գիտելիքի և գիտության գովաբանման իր ունակություններով լսարան հիմարացնելու համար։ Միաժամանակ, ըստ ամենայնի, այս դարձվածքով նա փորձել է երկու-երեք նապաստակ էլ խփել` և՛ ակնարկել եվրատերերին ու մյուսներին` որ արվելիք ծառայության դիմաց ականկալում են լուրջ փոխհատուցում (ինչպես միշտ, դա փողային տեսք պետք է ունենա), և՛ ասելու, որ հանրությանը, մասնավորապես, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, երևի դրանից մի փշրանք կհասնի` դա է այն տուրքը, որն իրենք պետք է վճարեն, ու պատրաստ են այդքանը վճարելու։

Բայց ինչպես արդեն ասվեց, առիթն այս անգամ արտառոց է, հայտարությունն էլ առանձնահատուկ ցավոտ, քանի որ խոսքը մեր ազգային ամենանվիրական խնդրի մասին է` Արցախի անկախության։ Ու եթե վարչապետը ճիշտ է, որ այսօր այդ պայքարի ճակատը հենց գիտության բնագավառում է, ապա ելնելով նրանից, թե ինչ արհամարհված վիճակում է գտնվում հայրենական գիտությունը, կարելի է պնդել, որ Արցախը շուտով հանձնելու ենք։ Այսինքն, իր այս խոսքով վարչապետը գուժում է Արցախի մոտալուտ հանձնումը և իբր թե խոստանում ինչ-որ փոխհատուցում, որով կկարողանան հանրությանը հանգստացնել։

Պետք չէ խաբվել։ Անգամ երեխային է այսօր հայտնի, թե ինչ ողբերգական վիճակում է գտնվում մեր գիտնականը` հասարակության ամենաարհամարհված, ամենաքիչ վարձատրվող, կարելի է առանց չափազանցության ասել` հանրության աչքում ամենանվաստացած, սոցիալական սանդղակի ամենաստորին աստիճանին գտնվողը։

Մի՛ հանձնեք Արցախը, պարոն վարչապետ, ինչպիսի դիվիդենտեր էլ որ ակնկալելու լինեք։ Վախեցեք, որ դրան կհետևի «Նեմեսիս» գործողություն։ Այդ դեպքում վախենամ, որ ձեզ չեն փրկի ոչ կուտակած գանձերը, ոչ էլ ընկեր-բարեկամ սրբերը:

 

Արամ Պապայան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here