Հայաստանն Ինքնիշխան Պետութիւն Է. Ջոն Հեֆերնը՝ Մաքսային Միութեանը ՀՀ Անդամակցութեան Մասին

0
131

 Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Հեֆերնը, պատասխանելով Tert.am-ի հարցին, նկատում է, որ Մաքսային միութեանը ՀՀի անդամակցելու որոշումը Հայաստանինն ու հայաստացիներինն է, միեւնոյն ժամանակ աւելացնում, որ Հայաստանը յաջողակի դիրքերում է յայտնւում, երբ ապահովում է ընտրութեան լայն հնարաւորութիւններ՝ քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում:

ՀԱՐՑ.- Պարոն դեսպան, դուք ե՞ւս համարում էք, որ Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցելու որոշումը շրջադարձ է եւ հակասում է վերջին երկու տարում Հայաստանի կողմից վարուող արտաքին քաղաքական կուրսին:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Հայաստանն ինքնիշխան պետութիւն է, որն ունի յստակ գծուած քարտէզ՝ յետագայ առաջընթացի համար, ուստի սա որոշում է Հայաստանի եւ հայաստանցիների համար: Մենք համաձայն ենք, որ այս որոշումները կենսական նշանակութիւն ունեն ձեր երկրի ապագայի համար, սակայն գտնում ենք, որ սա Հայաստանի քաղաքացիների եւ նրանց կողմից ընտրուած ղեկավարութեան խնդիրն է:

ՀԱՐՑ.- ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրոյցում ասել է, որ որեւէ անբնական բան Մոսկուայում տեղի չի ունեցել, որովհետեւ Հայաստանը մշտապէս շեշտել է, որ ինքը կողմնակից է «եւ-եւ»ի քաղաքականութեանը, այսինքն՝ խորացնել յարաբերութիւնները ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, ինչպէս նաեւ՝ երկխօսութիւնը եւրոպական կառոյցների հետ: Համամի՞տ էք պարոն Շարմազանովի տեսակէտի հետ:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Դեսպանատան դիրքորոշումը եւ մեր գործողութիւնները նպատակ են ունեցել եւ ունեն սատարելու Հայաստանի ընտրութեան հնարաւորութիւնը: Ճիշդ է, մենք ուզում ենք, որ Հայաստանն ունենայ յաջողութիւններ, սակայն յաջողութեան համար խիստ կարեւոր է ընտրութեան հնարաւորութիւններ զարգացնելը:

ՀԱՐՑ.- Ըստ ձեզ՝ Մաքսային միութեանը միանալը որքանո՞վ կը փակի ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դուռը, ինչպէս նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու պայմանագրի համաձայնագրինը, որովհետեւ ըստ երեւանեան քաղաքական գործիչների մեկնաբանութիւնների, եթէ ո՛չ Ասոցացման համաձայնագիրը, ապա գոնէ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը հակասում է, Մաքսային միութեան կանոնադրութեանը:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Քանի որ Ասոցացման համաձայնագիրը Եւրամիութեան կողմից մշակուած oրենսդրական ձեւաչափ է, մենք իրաւասու չենք մեկնաբանել, թէ Հայաստանի՝ եւրասիական Մաքսային միութեանը անդամակցելու որոշումը ինչ առանձնայատուկ ազդեցութիւն կ՛ունենայ ԵՄ Ասոցացման համաձայնագրի առնչութեամբ:

ՀԱՐՑ.- Մեկնաբանութիւններ են հնչել, որ սա շանտաժ է Ռուսաստանի կողմից, դուք ինչպէ՞ս կը մեկնաբանէք:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Կարծում եմ այդ հարցը պէտք է ուղղէք Հայաստանի ընտրուած ղեկավարութեանը: Ինչպէս բազմաթիւ առիթներով նշել եմ՝ Հայաստանն իմ գնահատմամբ յաջողակի դիրքերում է յայտնւում այն ժամանակ, երբ ապահովում է ընտրութեան լայն հնարաւորութիւններ քաղաքական, տնտեսական եւ անվտանգութեան ոլորտներում:

ՀԱՐՑ.– Եւրամիութեան ընդլայնման քաղաքականութեան ու հարեւանութեան հարցերով յանձնակատար Շտեֆան Ֆիւլէն հայաստանեան այցի ժամանակ ասել էր, որ Արեւելեան գործընկերութիւնը Հայաստանի առաջ ընտրութեան հարց չի դրել: Ապա աւելացրել էր, որ տարրական համատեղելիութիւն է պէտք ստեղծել, որպէսզի ԵՄն եւ Եւրասիան կարողանան ազատ առեւտրի գօտի ստեղծել Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Ուստի հարց է առաջանում՝ Մաքսային միութեանն անդամակցելու ՀՀ որոշումը ինչո՞ւ է անակնկալի բերել ԵՄի պաշտօնեաներին:
ՋՈՆ ՀԵՖԵՐՆ.- Ես վստահ եմ, որ մեր եւրոպացի գործընկերները կ՛ունենան որոշակի կարծիքներ վերջին զարգացումների առնչութեամբ: Բայց աւելի լաւ է խօսէք նրանց հետ: Կարծում եմ, որ արձագանքներն ու յոյզերը կարող են իրենց վերելքին հասնել, երբ այսքան մարդիկ բաւականին ժամանակ ու միջոցներ են ներդրել համաձայնագրի համար:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here