ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ, ԳՐՈՂ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ

0
127

Ժամանակակից հայ արձակի նշանաւոր ներկայացուցիչ Հրանտ Մաթեւոսեանի անունը կրող դպրոցի բակին մէջ տեղի ունեցաւ գրողին արձանին բացման արարողութիւնը։ Դպրոցի տնօրէն Լարիսա Մկրտչեանը նշեց, որ 2005 թուականէն դպրոցը հպարտութեամբ կը կրէ Հրանտ Մաթեւոսեանի անունը:
«Գրողները կամ փիլիսոփաները այս կամ այն կերպ են բացատրում աշխարհը, բայց խնդիրն այն փոխելն է, Հրանտ Մաթեւոսեանը այն բացառիկ գրողն ու խոհուն փիլիսոփան է, ով իրեն յատուկ աշխարհընկալմամբ ոչ միայն բացատրեց, այլեւ փոխեց աշխարհը», դիտել տուաւ Մկրտչեան:
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեան յայտնեց, որ Մաթեւոսեանը գրական ստեղծագործական ժառանգութեան մէջ պահպանեց հայուն կերպարը, հայուն դրսեւորումը, որակներն ու յատկանիշները՝ միեւնոյն ժամանակ հանդիսանալով պետականամէտ գործիչ: «Նա զարմանալի ջանք ներդրեց բաւական բարդ ժամանակաշրջանում՝ կարողանալով լինել ժողովրդի կողքին, նրան յորդորողը, ուղղորդողը, ճանապարհ ցոյց տուողը», նշեց Սուքիասեան՝ շնորհակալութիւն յայտնելով Հրանտ Մաթեւոսեանի արձանի հեղինակ քանդակագործ Արտաշէս Յովսէփեանին:
«Արտաշես Յովսէփեանի մակարդակի քանդակագործը մեր եւ ձեր դպրոցին նուիրել է Հրանտ Մաթեւոսեանի արձանը… Բոլորս յիշում ենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը եւ որպէսզի միայն այդ ֆիլմով չյիշենք, այլեւ գրողի բոլոր ստեղծագործութիւնները իմանանք, մեզ պէտք է աշխատանք, եւ այդ աշխատանքը տարւում է», ըսաւ Հրանտ Մաթեւոսեանի որդին՝ «Հրանտ Մաթեւոսեան» հիմնադրամի գործադիր տնօրէն Դաւիթ Մաթեւոսեանը:
Ան նշեց, որ Հրանտ Մաթեւոսեան այն մեծութիւնն է, որ՝ «ծնուած էր իր ժողովրդից եւ իր ժողովրդին հասցրել էր նոր մակարադակի: Նա այսօր էլ առաջ է տանում մեր մշակոյթը»:
«Մաթեւոսեանը մնում է մեծ գրող, մեծ գիժ, մինչեւ չգժուես չես սիրի, գիժ հէնց այդ իմաստով: Դժուար եւ հետաքրքիր մարդ էր: Նրան հասկանալ էր պէտք, ամէն մարդ նրան չէր կարողանում հասկանալ: Ես բախտ եմ ունեցել ծանօթ լինելու նրա հօր եւ մօր հետ եւ «Աշնան արեւ» ֆիլմում ես կերպում էի իր հօր կերպարը, իրենից լաւ յուշեր ունեմ, եւ հիմա էլ արդէն ինքը չկայ ես կամ, վաղն էլ ես չեմ լինի», լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Կարէն Ճանիբեկեանը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here