ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ՝ ՀՊԱՐՏՕՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐ ՄԻԱՍԻՆ ՆՐԲՕՐԷՆ ԱՆՑԱՆՔ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՒՈՐ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՎ

0
134

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Վեհափա՛ռ Տեր,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յ ք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ:

Արդեն քսաներկու տարի մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետեւ մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: Սա Երվանդունիների ու Արտաշեսյանների Հայաստանն է, սա Արշակունիների եւ Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետությունն է, որ արդեն մտել է Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարված ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դեպի լույսն ենք գնում: Եվ հետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցյալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Հետ ենք նայելու եւ հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով: Անկասկած:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպված եղել լուծել ոչ թե զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատեւման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխված է. այժմ մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է աշխարհում բոլորի համար, եւ մենք բացառություն չենք: Անվտանգության հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտրում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսությանը: Արդյունքներ էլ ունենք: Հնարավորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպեսզի հստակ պարբերականությամբ ամեն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետեւողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման եւ մնացած բոլոր ուղղություններով: Մեր քաղաքականությունը այս նպատակներին է միտված:

Հայաստանի իշխանությունների, ինչպես նաեւ հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից եւ արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք եւ կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարեւորում եւ հաստատ ոչ ճակատագրական:

Հայոց պետություն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը: 1991 թվականին անկախության վերականգնմամբ իրողություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները, եւ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականություն դարձած սեփական երազանքի: Արդյո՞ք ներկա աշխարհում մենք ի զորու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածված մեր երազանքը: Այո՛, եթե չգերագնահատենք եւ չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատվածների կանխավ ճիշտ գնահատելը:

Երվանդունիների Հայաստանը եւ Արտաշեսյանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, եւ մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողություն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանվելով, բայց եւ հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգության վրա: Հետադարձ հայացքը հստակ ցույց է տալիս, թե ինչ հսկա ճանապարհ ենք անցել եւ ինչ հսկա վտանգներ ենք շրջանցել: Նաեւ համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք ավելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ իր դերակատարությունն ունի այս գործում: Եթե դեռ որեւէ մեկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միաժամանակ նպատակ է եւ կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, եւ ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա եւ անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է: Իրականացված երազ եւ պարտավորություն, որ միշտ մեզ հետ է: Տոն, որ ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով, եւ պարտավորություն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների եւ մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում եւ հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here