ԴԻԱՆԱ ԱՂԱԲԵԿ ԱԲԳԱՐ`աշխարհի առաջին կին դեսպանը,

0
212

 գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ: Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին: Ծննդյան անունը Անահիտ, օրիորդական ազգանունը Աղաբեկյան: Ծնվել է 1859թ. հոկտեմբերի 12-ին Արևմտյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում, նորջուղայեցի բարեկեցիկ ընտանիքում: Հայրը առևտրական Հովհաննես Աղաբեկի յոթերորդ զավակն էր: Մայրը Զմրուխտ Ավետումյանն էր, Թադեոս Խաչիկ Ավետումյանի դուստրը: Հետագայում Աղաբեկները տեղափոխվել են Կալկաթա: Այստեղ Անահիտը անգլիական կրթություն է ստացել կանանց մենաստանում, իսկ հայերեն գրել ու կարդալ սովորել է տանը: 1889թ. հունիսի 18-ին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի վաճառական Միքայել Աբգարյանի, ով զբաղվում էր մետաքսի վաճառքով Հնդկաստանի և Ճապոնիայի միջև: Ապա նորաստեղծ ընտանիքը տեղափոխվում է Ճապոնիայի Կոբե նավահանգստային քազաք` մշտական բնակության: Նրանք հիմնել են Ա. Մ. Աբգար առևտրական ձեռնարկությունը, ինչպես նաև բացել են Մեծ Արևելյան հյուրանոցը: Ունեցել են հինգ զավակ: 1892թ. Դիանա Աբգարը Կոբեում հրատարակել է իր առաջին` Սյուզան վեպը, մի քանի տարի անց Պատերազմի տնային պատմություններ վեպը` նվիրված ճապոնացի ժողովրդին: 1906թ.,ամուսնու անակնկալ մահից հետո Դիանա Աբգարը շարունակել է ընտանեկան գործը, մինչև որդու չափահաս դառնալը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դիանա Աբգարը հանդես է եկել հայ ժողովրդի մասին դասախոսություններով: 1910թ. տեղի է ունեցել Յոկոհամայի գրական-երաժշտական ընկերության առաջին ժողովը, որի ընթացքում Դիանա Աբգարը բանախոսել է Ադանայի հայերի կոտորածների և հայ-թուրքական հարաբերությունների մասին: 1919թ. մայիսին Դիանան մասնակցել է Խարիբունում կայացած Սիբիրի Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, ընտրվել պատվավոր նախագահ: Համագումարի օրակարգի գլխավոր և կարևորագույն հարցը եղել է Հայաստանին շուտափույթ օգնություն հասցնելը: 1920թ. մարտի 7-ին Ճապոնիան de facto ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչ խոսք այս գործում իր դերն է ունեցել Դիանա Աբգարը: 1923թ. Ճապոնիայի մեծ երկրաշարժի ժամանակ Դիանան իր ընտանիքով, հրաշքով ողջ է մնացել: 1926թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե. Սուրենյանցի կատուկ կոնդակին: Դիանա Աղաբեկ Աբգարը մահացել է 1937թ. հուլիսի 8-ին Յոկոհամայում: Թաղված է Յոկոհամայի օտարերկրացիների գերեզմանատանը ամուսնու կողքին: 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here