ՄՄ անդամակցությամբ նախանշվելու է Հայաստան-ավանդական սփյուռք հարաբերությունների շրջագիծը. Արա Սանջյան

0
147

 

Թե ՄՄ-ին, թե ԵՄ-ին միանալու պարագայում Հայաստանը պետք է համակերպվի նրանցից յուրաքանչյուրում տիրող տրամադրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Միչիգանի համալսարանի (Դիրբորն) (University of Michigan-Dearborn) Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը՝ անդրադառնալով «Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միություն» երկընտրանքին, այդ հարցի շուրջ ծավալված քննարկումներին և ՄՄ-ին միանալու ՀՀ իշխանության ցանկությանը:

Արա Սանջյանը չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանի առջև այս օրերին ծառացած երկընտրանքը՝ Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միությանն անդամակցությունը պետք է վերածել պետական ինքնիշխանությունը պահպանելու կամ կորցնելու հարցի։

Ըստ նրա՝ Հայաստանի նման աշխարհագրականորեն շրջափակված, տնտեսապես թույլ, բայց և միաժամանակ` հակառակ իր թուլությանը, իր դրացիներից երկուսի (գուցե և երեքի) հետ միջազգայնորեն ընդունած սահմանները փաստացիորեն չճանաչող պետությունը երբեք լիարժեք ինքնիշխանություն չի կարող վայելել: Այն իր քաղաքական-տարածքային երազանքները կարող է իրագործել միայն այլ՝ ավելի հզոր պետությունների «բարյացակամության» և նույնիսկ ռազմական անմիջական միջամտության շնորհիվ, իսկ մեծերի կողմից այդպիսի օժանդակությունը երբեք բարեսիրական բնույթ չի կրել: Ուստի, նրա համոզմամբ, երկու միություններից ցանկացածին էլ միանալու պարագայում Հայաստանը պետք է համակերպվի նրանցից յուրաքանչյուրում տիրող տրամադրություններին։

«Ուստի համոզված եմ, որ «Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն» երկընտրանքն առաջին հերթին հայ ժողովրդի համար մոտակա ապագայի սոցիալ-տնտեսական, ընկերային, մտավոր ու մշակութային արժեքների առաջնահերթությունները, դրանց հիերարխիան որոշելու հարց է։

Ես նախընտրում եմ Եվրոպական միությունը, որովհետև, մասնակցելով դրա գագաթնաժողովներին, Հայաստանի նախագահը շուտով պիտի զգա, թե ինչպես են մյուս անդամ երկրների ղեկավարները արագորեն փոխվում՝ որպես արդար ընտրությունների արդյունք։ Իսկ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, ապա այս կազմակերպության հավանական առաջիկա գագաթնաժողովին Հայաստանի նախագահի հետ նույն ժողովասրահում պիտի լինեն բացառապես Նուրսուլթան Նազարբաևը (իր երկրի անփոփոխ նախագահը 1989թ.-ից), Ալեքսանդր Լուկաշենկոն (1994թ.-ից) և Վլադիմիր Պուտինը (1999թ.-ից)։ Գործակիցների այսպիսի խմբակը վստահություն չի ներշնչում, թե մոտ ապագայում Հայաստանը կարող է ձերբազատվել 1995թ.-ից ի վեր արմատավորված թերի և անընդունելի ընտրությունների սովորույթից։ Կարող է հեգնական հնչել, բայց այսօր Մաքսային միության մեջ Հայաստանը` իր բոլոր թերություններով հանդերձ, ժողովրդավարության ջահակիրն է։

Պարզ է, սակայն, որ Հայաստանը պետք է վարակվի հավելյալ պուտինիզմով, լուկաշենկիզմով ու նազարբաևիզմով և ոչ թե այս վերջիններին պիտի առաջնորդի դեպի ժողովրդավարություն»,- նշեց Արա Սանջյանը՝ հավելելով, որ երբ 1920-ին Հայաստանը բռնի խորհրդայնացվեց, մոսկովյան համայնավար վարչակարգը տակավին բավական ավանգարդ գաղափարներ ունեցող ռեժիմ էր, հատկապես կանանց իրավունքների հարցում։

Վերջինիս խոսքով՝ այս գաղափարների մի մասը փորձարկվեց 1920-ական թթ., թեկուզև հաճախ Դոն Քիշոտին ու Ընկեր Փանջունիին հիշեցնող մեթոդներով, էությունը, սակայն, հեղափոխական էր: Ստալինն էր, որ 1928-ից հետո քայլ առ քայլ պահպանողականությունը վերահաստատեց խորհրդային տարածքում: Այդուհետ պուտինյան Ռուսաստանը չի փայլել հրապուրիչ ավանգարդ գաղափարներով։ Արա Սանջյանի համոզմամբ՝ այն պարզապես կփորձի իր նախկին փառքը պահպանել՝ ամրանալով ամուր պատերի հետևում և իր հետ ուրիշներին էլ այնտեղ խցկելով։

Անդրադառնալով Սփյուռքի հետաքրքրվածությանը՝ նա ասաց, որ այս բանավեճով պետք է հետաքրքրված լինի նաև ավանդական Սփյուռքը, քանի որ առաջիկա մի քանի տասնամյակների համար Հայաստանի արժեքային համակարգի ընտրության հարցը անխուսափելիորեն պիտի նախանշի նաև այդ ժամանակաշրջանի Հայաստան-ավանդական Սփյուռք հարաբերությունների շրջագիծը։

Դոկտոր Սանջյանն ընդգծեց, որ իրեն չի համոզում հօգուտ Մաքսային միության նշվող անվտանգության փաստարկը, թեև չի ժխտում, որ չի իմանա մանրամասները այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններին անմիջականորեն մասնակից հայաստանցի ղեկավարները շարունակում են լուռ մնալ։ Նրա խոսքով՝ քանի դեռ Ադրբեջանը Մաքսային միության անդամ չէ, Հայաստանի ղեկավարության հույսն այն է, որ Մոսկվան Ադրբեջանին թույլ չի տա զենքով փորձել վերանվաճել Լեռնային Ղարաբաղը։

Խոսելով այն պնդումներից, թե ՄՄ-ի ձևավորումը ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է, համոզմունքով նշեց, թե Մաքսային և Եվրասիական միություններ ստեղծելու մոսկովյան ջանքերը նախկին ցարական ու խորհրդային կայսրությունները հնարավորինս վերականգնելու փորձեր են։

«Այն, ինչ 1921-ին բոլշևիկները չկարողացան պահել, Ստալինը մեծ մասամբ կարողացավ վերանվաճել 1939-ին՝ Գերմանիայի հետ Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի համաձայնությամբ, և ապա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելով։ 1945-ից հետո Կարսն ու Արդահանը վերանվաճելու անհաջող փորձն էլ նույն տրամաբանության շրջագծից էր։ Այժմ էլ, կարծում եմ, ի վերջո Ադրբեջանը ու հնարավորինս շատ թվով նախկին խորհրդային այլ հանրապետություններ Մաքսային և Եվրասիական միություններին լծելը կմնա մոսկովյան երազանք։ Եթե վաղ, թե ուշ Մոսկվային հաջողվի իրականացնել այդ երազանքը, ապա մոսկովյան վարիչների մոտ ի՞նչ մեկնաբանություն պիտի ստանա «Արցախի անվտանգություն» հասկացությունը։ Ի՞նչ եզրակացության պիտի հանգի Ռուսաստանի Համայնավար կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստին նորացված տարբերակը։ Հայաստանը այդ ժամանակ պիտի կարողանա՞ հակադրվել իր համար աննպաստ որոշմանը:

Բացի դրանից՝ 1994-ի զինադադարից հետո Հայաստանի իշխանավորներից ու նրանց գովեստով զբաղված հայաստանցի որոշ փորձագետներից հազարավոր անգամներ լսեցինք, թե Լեռնային Ղարաբաղը կայացած պետություն է, թե հայկական բանակը տարածաշրջանում ամենահզորն է, և թե Ադրբեջանի բանակը ունակ չէ նրա նման օգտագործելու իր ձեռք բերած սպառազինությունը։ Ինչպե՞ս եղավ, որ միանգամից Հայաստանի ղեկավարության համար պարզվեց, թե Հայաստանն ու Ղարաբաղը անվտանգության երաշխավորի կարիք ունեն, և դրա համար Հայաստանը պետք է հեռանա եվրոպական գործընթացներից։ Հիմա ինչպե՞ս արժևորենք տարիներ շարունակ կրկնված խոսքերը, որ վերևում մեջբերեցի։ Ո՞վ էր ճիշտ և ո՞վ սխալ»,- մեկնաբանեց Միչիգանի համալսարանի (Դիրբորն) (University of Michigan-Dearborn) Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչը:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական հնարավոր վերադասավորումներին՝ նա ասաց, որ Մաքսային միությանը միանալու-չմիանալու բանավեճը Հայաստանում կարող է առիթ դառնալ քաղաքական ուժերի ներքին վերադասավորման։ Նրա դիտարկումներով՝ Միությանն ընդդիմացողները ո՛չ թե խորհրդարանական, ընդդիմադիր, քաղաքական կուսակցություններն են, այլ մտավորականության մի փոքր հատվածը՝ ներառյալ լրագրողներ, հասարակական կազմակերպություններ ու քաղաքացիական նախաձեռնություններ, որոնց ներուժը ներկայումս անբավարար է նախագահ Սարգսյանի հանձնարարությունը կասեցնելու համար, բայց բացառված չէ, որ Հայաստանում նույնպես շուտով՝ ինչպես 19-րդ դարին Ռուսաստանում, բյուրեղանան «սլավոնաֆիլների» և «զապադնիկների» (արևմտականների) հոսանքները։ (Ի դեպ, այդ երկու հոսանքները տակավին նկատելի են Ռուսաստանում։ Առաջին բոլշևիկները հավատավոր «արևմտականներ» էին, բայց Ստալինը նրանց վերածեց «սլավոնաֆիլների», իսկ Պուտինի վարչակարգը այսօր շարունակում է սլավոնաֆիլական ավանդույթները): Մաքսային միության մեջ Հայաստանի «արևմտականներին» մնում է հնարավորինս համագործակցել իրենց ռուս ընդդիմադիր համախոհների հետ»,- ասաց Արա Սանջյանը:

Իբրև դրսից դիտորդ՝ նա շատ հետաքրքրված է առաջին հերթին այն բանով, թե այս ամենը ինչ անդրադարձ պետք է ունենա Հայ ազգային կոնգրեսի շարքերում՝ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին հավատարիմ մնացած «հին գվարդիայի» մնացորդածին ու ընդամենը մի քանի ամիս առաջ անվանափոխ կուսակցությանը միացած երիտասարդական զանգվածում. նրանք նո՞ւյն մոտեցումը պիտի որդեգրեն Մաքսային միության նկատմամբ։

Անդրադառնալով ՀՅ Դաշնակցության Երևանում հաստատված գործադիր գերագույն մարմնին (բյուրո) և արևմտյան երկրներում գործող մի քանի կենտրոնական կոմիտեներին՝ նա նկատեց, որ դրանց միջև կուսակցության որդեգրելիք ռազմավարության շուրջ տարակարծությունները արդեն քանի տարի է՝ զգալի են։ «Հետաքրքիր է տեսնել՝ արդյոք Մաքսային միության հարցը մաս պիտի դառնա՞ այս ներկուսակցական հակամարտության, թե՞ ոչ»,- այսպես ավարտեց իր խոսքը դոկտոր Արա Սանջյանը։

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here