Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ

0
176

Մեծարգոյ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան,

Ձերդ Սրբութիւն, սիրեցեալ եղբայր ի Քրիստոս,

Գերաշնորհ Հայրեր.

 

Հոգու բերկրութեամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանաւոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ Եպիսկոպոսաց ժողով է գումարւում Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եպիսկոպոսաց դասի մասնակցութեամբ, որը, հաւատում ենք, պիտի դառնայ նոր հանգրուան մեր Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորման ճանապարհին:

Գոհութիւն և փառք ենք մատուցում Տիրոջը, որ Եպիսկոպոսաց այս ժողովի գումարումով շնորհն է պարգևում Մեզ եղբայրական ոգով Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի և մեր Եկեղեցու եպիսկոպոսաց ողջ դասի հետ քայլելու դէպի եկեղեցական մեր կեանքի զօրացման ու պայծառացման հորիզոններ: Ուրախ ենք, որ Եպիսկոպոսաց ժողովն իր ներկայութեամբ պատւում է Հայաստանի Հանրապետության մեծարգոյ Նախագահ Տիար Սերժ Սարգսեանը` կրկին հաւաստելով Հայ Եկեղեցու առաքելութեանը սատարելու, մեր Եկեղեցու և հայրենի պետութեան յարաբերութիւնները արդիւնաւորելու գործում իր պատրաստակամութիւնը: Ողջունում ենք նաև մասնակցութիւնը ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթէշեանի:

Սիրելի հոգևոր հայրեր, այսօր մենք մէկտեղուել ենք հոգևոր-եկեղեցական մեր կեանքի առաւել բարեկարգութեան տեսլականով, որի մարմնաւորման համար կարևոր առաքելութիւն ունի Եպիսկոպոսաց ժողովը` ի մասնաւորի ծիսական, կանոնական և դաւանաբանական հարցերի ուսումնասիրման և սահմանումների բանաձևման գործում: Եպիսկոպոսը Աստծոյ տնտեսն է, ասում է սուրբ Պօղոս առաքեալը (Տիտ. 1.7), և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հաւելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատուութեամբ Եպիսկոպոսաց սոյն ժողովը  պիտի քննարկի և որոշումներ կայացնի Մկրտության ծէսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց Ցեղասպանութեան զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերեալ: Մկրտութեան ծէսի միօրինակութեան ապահովման և Սրբադասման կանոնի հաստատման ուղղութեամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն Հայոց Հայրապետութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համատեղ յանձնախմբերը` հանգամանալից կերպով ուսումնասիրելով պատմական հիմքերը, ներկայ իրավիճակն ու ժամանակի պահանջները, նաև` հավատացեալ մեր հօտի ակնկալիքները: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Կանոնական, Սրբադասման և Ծիսական յանձնախմբերի ատենապետերին և անդամներին` իրենց նախանձախնդիր աշխատանքի համար: Ժողովը կարևորութեամբ անդրադարձ է կատարելու նաև մեր Սուրբ Եկեղեցուն յուզող այլ խնդիրների ու մարտահրաւէրների:

Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինը և հաւատացելոց հաւաքականութիւնը լինելով, նաև ժամանակների մեջ գործող կառոյց է և իր առաքելութեան ճանապարհին զգում է բարեկարգման և բարեփոխումների անհրաժեշտութիւնը: Պատմութեան մեջ մեր Հայրենիքի տրոհումները, քաղաքական բարդ հանգամանքներում մեր ժողովրդի համար ստեղծուած դժուարին կացութիւնները, աղէտները, կոտորածներն ու ցեղասպանութիւնը, աստուածմերժութեան խորհրդային տարիները թոյլ չեն տուել ըստ անհրաժեշտութեան զբաղուելու եկեղեցական բարեկարգութեան հարցերով: Գտնուելով տարբեր պետութիւնների կազմում` մեր Եկեղեցու Նուիրապետական Աթոռները գործել են յաճախ տարբեր, երբեմն` պարտադրուած կանոնակարգերով: Օսմանեան կայսրութեան տիրապետության ներքոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Կոստանդնուպոլսի և Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնները առաջնորդուել են Ազգային Սահմանադրութեան դրոյթներով, իսկ Ռուսական կայսրութեան իշխանութեան ներքոյ Ամենայն Հայոց Հայրապետութիւնը` Պօլօժէնիայով: Մեր Եկեղեցու կեանքը և վարչական գործունէութիւնը ներազդուել են այս պայմաններից` տեղի տալով յաճախ տարակարծութիւնների ու շփոթմունքների: Աննպաստ այսպիսի իրավիճակներում բարեկարգման ծրագրերը, որոնք մեր Եկեղեցու կեանքում օրակարգային են աւելի քան մէկ դար, յետաձգուել են կամ միայն մասամբ կարգաւորուել: Խորհրդային իշխանութեան տարիներին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջև ստեղծուած լարուած յարաբերութիւնները, որ հանգեցրին պառակտման և վարչական բաժանումի, նոյնպես պատճառ հանդիսացան բարեփոխումների գործընթացի յապաղման: Այսօր անկախ է մեր Հայրենիքը, և Եկեղեցին ազատ գործելու և բարեփոխումներ իրականացնելու մեծ հնարավորութիւններ ունի` յաղթահարելու համար մեր առջև ծառացած համաեկեղեցական հիմնախնդիրները:

Գոհութիւն Աստծոյ, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր ի սփիւռս աշխարհի հոգևոր վերազարթօնք է ապրում: Մեր ժողովրդի հոգևոր-եկեղեցական կեանքը վերընձիւղւում է, խմորւում Աւետարանի լոյսով` ամրօրէն խարսխուելով հայրերի հաւատքի, սրբազան աւանդութեան, կրօնական իմացութեան ու գիտելիքի վրայ: Ձեռքբերումներ ունենք հոգևորականների ուսեալ նոր սերնդի պատրաստման, եկեղեցաշինութեան, Աւետարանի քարոզութեան զօրացման, քրիստոնէական կրթութեան ու դաստիարակութեան առաքելութեան մէջ: Այս յաջողութիւններով հանդերձ մեր առջև յառնած են ներեկեղեցական չլուծուած բազում հարցեր, ինչպէս նաև` խնդիրներ, որոնք հետևանք են եկեղեցական իրաւունքի, մեր Եկեղեցու կանոնական սկզբունքների վրա հիմնուած օրէնքների ու կանոնադրութիւնների բացակայութեան, ինչը շատ անգամ տեղիք է տալիս թիւրըմբռնումների ու կամայականութեան դրսևորումների` դժուարացնելով ու բարդացնելով ցանկալի առաջընթացը եկեղեցական մեր կեանքի: Մեր Սուրբ Եկեղեցու գործունեութիւնն ու կեանքը կանոնակարգելու համար անհրաժեշտ պայման է կանոնաւորապէս գործող դարձնել համաեկեղեցական-ժողովական մարմինները և ստեղծել սահմանադրութիւն` եկեղեցական կառոյցների, Նուիրապետական Աթոռների իրաւասութիւնները, գործունէութիւնն ու փոխյարաբերութիւնները սահմանող:

Մեր Եկեղեցու կեանքը վերելքի պիտի առաջնորդեն նաև` ծիսա-արարողական ոլորտի բարեփոխումները, հոգևոր-կրթական և քրիստոնէական դաստիարակութեան ասպարէզներում` ուսուցման արդիւնաւէտ միջոցների ու կերպերի կիրառումը, մեր հայրերի գործերի, ինչպես նաև` արդիական մտածողութեամբ մեր Եկեղեցու վարդապետութեանը հարազատ աստուածաբանական նոր աշխատութիւնների հրապարակումը: Ժամանակի հետ մեր Եկեղեցու ընթացքը համաքայլ պահելու և մեր ժողովրդին յստակ կողմնորոշում ապահովելու համար հարկ է մշակել և հաստատել ընկերային, բարոյական հարցերի, աշխարհաքաղաքական զարգացումների, գիտական նորարարութիւնների, գլոբալիզացիայի և նրանից ծագող երևոյթների վերաբերեալ Հայ Եկեղեցու սոցիալական հայեցակարգը: Տեղեկացնենք, որ այս նպատակով ամիսներ առաջ Մայր Աթոռում հաստատել ենք առանձին գրասենեակ: Եկեղեցին յուզող խնդիրների և անհրաժեշտութիւնների շարքում կ՛ուզենք յաւելել նաև, որ շարունակում են խիստ պահանջ մնալ նոր սերնդի հոգևորականաց պատրաստութիւնը, եկեղեցիների կառուցումը, մեր հնագո|յն վանքերի ու եկեղեցիների նորոգութիւնը և վանական կեանքի կազմակերպումը: Այս ամէնի իրագործման համար անհրաժեշտ են ազգիս համատեղ ջանքերը` հաւատացեալից, հովուից մինչ հովուապետ:

Հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելութեամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու դերը իրապէս բացառիկ է մեր ժողովրդի կեանքում, որը վկայուած է պատմութեամբ և այսօր արդարօրէն ամրագրուած Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան մեջ: Մեր Եկեղեցին ներշաղախ տիրաւանդ իր կոչմանը` դարերի բովում առկայծ է պահել մեր ժողովրդի հոգում ազատութեան սէրը, հայրենի պետականության տեսիլքը` հանդիման բազում վտանգների ու նեղութիւնների: «Վասն հաւատոյ»ն եղել է նաև «վասն հայրենեաց» ու դարձել խորհուրդը մեր ինքնութեան և յարատևութեան: Այս գիտակցութեամբ ու ոգով, ինչպէս անցեալում, այնպէս և այսօր, մեր Եկեղեցին ամէն կարելիութեամբ մասնակից է հայրենի պետականաշինութեան նուիրական գործին: Այսօր բարեփոխման ընթացքների հետ Հայրենիքում տակաւին առկայ են հոգսեր, դժուարութիւններ: Հայրենաբնակ մեր ժողովուրդը դեռևս շարունակում է ապրել շրջափակման և փխրուն խաղաղութեան պայմաններում: Դեռ չեն յաղթահարուել աղքատութիւնն ու գործազրկութիւնը, մտահոգիչ է արտագաղթը: Այս հրամայականների առջև պարտքի ու պատասխանատւութեան մեր բաժինն ունենք` համախմբելու մեր ժողովրդին ու նեցուկ լինելու մեր պետութեանը դժուարին խնդիրների լուծման գործում: Եկեղեցական մեր կառոյցների  առաւել կազմակերպմամբ և միասնական աշխատանքով աւելի պիտի զօրանայ մեր Եկեղեցու գործունէութիւնը, և կարող պիտի լինենք ի Հայրենիս և ի Սփիւռս լիովին վեր հանել մեր ժողովրդի ներուժը` ի խնդիր մեր երկրի առաջընթացի ու զարգացման, տնտեսական, ընկերային դժուարութիւնների յաղթահարման և Սփիւռքում բարձրացող հրամայականների դիմագրաւման: Հայրենիք-Սփիւռք միասնականութեամբ հզօր, ամուր, անխոցելի պիտի լինի մեր Հայրենիքը, առաւել պաշտպանուած, ինքնավստահ և կենսունակ` հայ Սփիւռքը: Հայրենիք-Սփյուռք միասնականութեամբ արգասաւոր պիտի լինեն մեր ջանքերը միջազգային ասպարէզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման և Հայոց Ցեղասպանութեան դատապարտման, որի 100-ամեայ տարելիցի ոգեկոչումը պիտի դարձնենք արդարութեան և պահանջատիրութեան զօրեղ կոչ ողջ աշխարհին: Հայրենիք-Սփիւռք միասնականութեամբ ի զօրու պիտի լինենք դիմակայելու մեր ազգին պատուհասող փորձութիւններին, դժուարութիւններին ու նեղութիւններին, ինչպիսիք այսօր ծառացել են մեր ժողովրդի կեանքում Մերձաւոր Արևելքում, մասնաւորապէս` Սիրիայում: Շարունակուող հակամարտութեան հետևանքով սիրիահայութիւնը այսօր էլ կրում է մեծ նեղութիւններ ու ծանր կորուստներ: Խաղաղության հայցով առ Տէրը, կրկին Մեր յորդորն ենք բերում թեմակալ առաջնորդներին` հաւատաւոր մեր զավակների հետ ամէն կարելիութեամբ աջակցել և սատարել սիրիահայ մեր եղբայրներին ու քոյրերին` քաջալեր պահելու նրանց ոգին` դժուարութիւնները յաղթահարելու համար:

Մեր միասնականութեան բարի արդիւնքներով շէն ու պայծառ պիտի պահենք Սփիւռքի հայ կեանքը, որի խնդիրներին Ձեզանից շատերը քաջատեղեակ են` անձնապէս կրելով այդ մտահոգութիւնները: Այսօր յաճախ ենք խօսում հայ դպրոցի տկարացման, հայոց լեզուի իմացութեան նահանջի, հոգևոր և ազգային կեանքում երիտասարդութեան ներգրաւուածութեան նուազման մասին, որոնք ահագնացնում են ուծացման ընթացքները: Այսօր, երբ ունենք մեր անկախ պետականութեան քաջալերող իրականութիւնը, երբ ցեղասպանութիւնը վերապրած մեր ժողովրդի զաւակները Սփիւռքում այլևս իբրև յարգուած ու վստահելի քաղաքացի` իրենց արդար վաստակով ստեղծել են հոգևոր և ազգային կառույցներ ու հաստատություններ, պիտի ջանանք ազգային-եկեղեցական մեր կեանքը աւելիով դարձնել հարազատ աշխարհ մեր զաւակաց համար: Մեր Եկեղեցին առաւել արդիւնաւէտութեամբ պիտի ծառայեցնի այդ հնարավորութիւնները մեր ժողովրդին հաւատքով, ազգային գիտակցութեամբ, մայրենի լեզուի հանդէպ նախանձախնդրութեամբ կենսունակ պահելու գործին: Հոգևոր արժէքներով ներշաղախ ազգային կեանքի մեջ մեր ժողովուրդը, մասնաւորապէս` երիտասարդութիւնը, պիտի գտնի իր հարցերի պատասխանները, Աստծուն հաւատարիմ իր անսայթաք ուղին, իր երջանկութիւնը և պիտի շարունակի ապրել ազգային ինքնութեամբ` իր ուժերը, իր տեսիլքները բազմապատկելով մեր ազատ Հայրենիքից առնուող զօրութեամբ:

Քսանմէկերորդ դարը գիտատեխնիկական առաջընթացի ու նուաճումների հետ բերել է նաև բարոյական արժէքների անկում, մարդու իրաւունքների ճիշդ ընկալման աղճատում, ազգային ինքնութեան և ընտանեկան արժէքների խաթարում, որոնցից, ցաւօք, զերծ չմնաց նաև ազգային մեր կեանքը, ինչպէս Հայրենիքում, այնպես և` Սփիւռքում: Դարի հոգեզուրկ ընթացքներին, աշխարհայնացման, համահարթեցման վտանգներին պիտի կարողանանք դիմագրաւել մեր ժողովրդի և յատկապէս` երիտասարդութեան հոգում քաջարթուն պահելով սէրը, վստահութիւնը հանդէպ մեր Սուրբ Եկեղեցին, նախանձախնդրութիւնը հանդէպ մեր հայրերի սուրբ հաւատքը և ազգային աւանդները: Մեր Եկեղեցին, իբրև Տիրոջ շնորհաց առատաբուխ աղբիւր, պիտի ոռոգի մեր կեանքի անդաստանները, հոգևոր լոյսով նորոգի ու պայծառացնի բարեպաշտ հոգին մեր ժողովրդի և հաստատուն պահի  արդարութեան, ճշմարտութեան, մարդասիրութեան արժէքների մեջ, որոնցով պիտի բարգաւաճեն, բարիով ու բարիքով լցուեն մեր երկիրն ու համայն հայ կեանքը: Մեր առաքելութիւնը մէկն է` հովուել և առաջնորդել մեր ժողովրդին դէպի փրկութիւն, պահպանել Աստծոյ և հայրենեաց սիրոյ մեջ, որպէսզի ապրենք և յարատևենք իբրև Տիրոջ սեփական և ընտրեալ ժողովուրդ ու Եկեղեցի:

Սիրելի հոգևոր հայրեր, ահա եկեղեցական ոլորտում և ազգային կեանքում այն խնդիրները և գործունէութեան առաջնահերթութիւնները, որ ցանկացանք առանձնացնել, և որոնց վճռումն ու իրականացումը մեր Եկեղեցին Աստծոյ օրհնութեամբ պիտի առաջնորդեն լիաշունչ և արգասաւոր առաքելութեան: Մեր ժողովուրդը մեզ հետ է Հայ Եկեղեցու հանդէպ իր անխախտ նուիրումով, Եկեղեցին զօրացնելու ջերմ զգացումով, և մեր ջանքերը արձագանք պիտի գտնեն հաւատցեալ մեր զաւակների հոգում` աջակցութիւն բերելու պատրաստակամութեամբ:

Առ Աստուած աղօթքով հայցում ենք Սուրբ Հոգու առաջնորդութիւնը Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքներին և բերում առաքեալի յորդորը. «Եղբայրներ, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ` արդարութեամբ, ինչ որ` սրբութեամբ, ինչ որ` սիրով,… այն խորհեցէք:… Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ» (Փիլիպ. 4.8-9):

Թող Տէրը խաղաղութիւն պարգևի աշխարհին, պատերազմական դժվարութիւններ կրող ժողովուրդներին, Իր բարի հայեացքի ներքոյ անխռով պահի Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրն ու աշխարհասփիւռ մեր ժողովրդին, անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին` Նուիրապետական Աթոռներով ու սպասաւորներով, պարգևելով հոգևոր առաջընթաց ու բարօրութիւն:

Բարի ընթացք մեր աշխատանքներին:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here