Խոսքս գիտության մասին է

2
263

 

Թեև ասելիքս գիտության մասին է, բայց մի՜ քիչ հեռվից պիտի սկսեմ:

Ես շատ եմ սիրում պապիկներին: Նրանք հիմնականում ունենում են բարի, պղտոր ու հոգնած աչքեր: Չգիտեմ, թե ինչպիսին են եղել նրանք երիտասարդ ժամանակ, բայց սովորաբար, ի տարբերություն տատիկների, նրանց երիտասարդական ավյունից հետք անգամ չի լինում մեծ տարիքում. նրանք միշտ խաղաղ են լինում, իմաստնացած հանդարտությամբ ու զգուշավոր քայլվածքով:

Ես սիրում եմ գիտության մարդկանց՝ գիտնականներին: Նրանք մի տեսակ կարծես ուրիշ աշխարհից լինեն, ու թեև սովորական զրույցներում շատ դեպքերում նույնիսկ ձգտում են չտարբերվել, միևնույնն է՝ մի հայացքից տարբերվում են, եթե նույնիսկ խոսում են ինչ-որ հասարակ, թեկուզ շատ առօրեական հարցերի շուրջ:

Թող ներեն ինձ պապիկներն ու գիտնականները, ես ամենևին էլ վատ մտքով չեմ ասում սա, բայց պիտի ասեմ, որ ես շատ եմ սիրում նաև փոքրիկ շնիկներին… ասենք՝ ինչո՞ւ միայն փոքրիկ, նաև մե՜ծ շներին:

Եվ ահա այս երեք սերերը պատճառ դարձան, որ ես վերելակի մեջ ծանոթանամ, հետո ընկերանամ, մտերմանամ ու շա՜տ-շատ սիրեմ մեր մուտքից մի շնատեր գիտնական պապիկի:

Ասելիքս գիտության մասին է, բայց ահա այն սկսեցի մեր հարևանների պատմությունից:

Մյուս հարևանս, ավելի ճիշտ՝ հարևանուհիս օլիգարխի դուստր է, 26 տարեկան, ամուսնացած, ունի երկու տարեկան տղա, որի հանդեպ իր մայրական պարտականությունների ու սիրո գլխավոր, ավելի ճիշտ՝ միակ դրսևորումն ամեն օր բրենդային խանութներից ու տոնավաճառներից նորանոր հագուստներ գնելն է: Սոնան (անունը փոխել եմ՝ ապահովության համար, թեև նա դժվար թե կարդա, քանի որ, նախ՝ մեր շենքից տեղափոխվում ու գնում է Հյուսիսային պողոտա, 2-րդ՝ չեմ կարծում, թե նա տառաճանաչ է ու կկարողանա կարդալ, թեև իր հայրիկի անմիջական միջամտությամբ «ավարտել է» ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետը) ու գիտնական պապիկը ապրում են կողք-կողքի բնակարաններում, միևնույն ժամանակ՝ մոլորակի երկու հակադիր բևեռներում:

Ասելիքս՝ մեր երկրում գիտության մարդու աղքատ վիճակի  և անգրագետ օլիգարխիայի ցոփության հակադրումն է:

Սոնան պատմեց, որ իր հայրն ամսական 10 հազար դոլար է հատկացնում իրեն՝ ընթացիկ ծախսերի համար, և այդ գումարն ամսվա կեսին, որպես կանոն,  վերջանում է: Նա ձեռքի հետ բողոքեց հորից, որ «էդքան փող ունի» և իրեն ընդամենն ամսական տասը հազար դոլար է հատկացնում: Նրա տանն աշխատում են տուն մաքրող, ճաշ եփող, դայակ, արդուկ անող: Արդուկ անողին ամենաքիչն է վճարում՝ 40 հազար դրամ, քանի որ նա գալիս է շաբաթը մեկ կամ երկու անգամ:

Ինչու եմ շեշտում 40 հազարը, քանի որ մյուս հարևանիս՝ 90-ամյա գիտության դոկտոր, պրոֆեսոր պապիկի ամսվա ողջ գումարն է կազմում այդ 40 հազար դրամ թոշակը:

Ասելիքս գիտության մարդու վիճակի մասին է մեր երկրում, օլիգարխիայի ցոփ ու դատարկ կյանքի մասին ու այն մասին, թե ինչպես են մեր պետության ղեկավարները, թաշկինակը վերցրած,  «փող չկա» ասելով լաց լինում՝ հենց որ գիտնականները մարդուն վայել ֆինանսավորում են պահանջում:

Սոնան, որ տառերը չի ճանաչում ու պորտաբույծի կյանք է վարում, ամիսը 10 000 դոլար ունի, դե եթե կնունք-ծնունդի առիթ կա՝ կրկնակի, ու, միևնույնն է՝ քիչ է համարում, իսկ պրոֆեսորը, ով իր գոյությամբ ու գործունեությամբ պետությանն ու աշխարհին մեծ օգուտ է տվել ու տալիս, ամսական ստանում է ճիշտ Սոնայի որդու փամփերսի վրա ծախսվածի չափ:

-Նարե ջան, շանս, ի վերջո, քեզ եմ կտակելու, ինձ էլ եղբայրս է կտակել ու գցել կրակը: Իմ 40 հազարով ես հազիվ կիսաքաղց կյանք էի վարում, որ հերիքացնեմ՝ մի քիչ էլ կոմունալ տամ, սրան էլ ժառանգություն ստացա ու լրիվ ընկա կրակը, սրան կերակրելը պրոբլեմ է դարձել ինձ համար: Մենք նայում ենք Օրանժի տխուր ունքերին ու իր լքվածության հետ համակերպված տեսքին ու ծիծաղում:-Ա՛յ Օրանժ, հո չասացի՝ հենց հիմա, երբ որ ես չեմ լինի, է՜դ ժամանակ… և հետո՝ մի կասկածիր, Նարեն քեզ ինձնից լավ կպահի, ես էլ դեռ միտք չունեմ մեռնելու:

Երբ նա խոսում է, պատմում իր գործերից, ֆիզիկայից, արտասահմանյան ուղևորություններից ու դասախոսություններից, այն հարգանքից, որ դրսևորում են գիտությունը հարգող երկրներում գիտության դոկտորի հանդեպ, ես այնպես եմ ամաչում, որ քիչ է մնում ներողություն խնդրեմ նրանից՝ մեր նախագահի, վարչապետի և այլ պաշտոնա-օլիգարխիկ անձանց անունից, ինչպես նաև Սոնայի ու իր թալանչի հայրիկի անունից:

Իսկ հաջորդ պահին նա, երևի նկատելով վիճակս, կատակում է և ինձ հորդորում քիթիկս վեր պահել: Ես հասկանում եմ, որ նա իր 40 հազարով 40 հազար անգամ հարուստ է մեր երկրի հոգով աղքատ հարուստներից, 40 հազար անգամ էլ բարձր է բոլորից, որոնց անվանացանկն, ավաղ, նախագահ-վարչապետով է սկսվում և վերջանում Սոնայով ու իր հայրիկով:

Ուզումեմ ասել, որ ես շա՜տ եմ ամաչում…

Ասելիքս գիտնականի և այն էլ՝ միայնակ թոշակառու գիտնականի վիճակի մասին է մեր երկրում:

Ասելիքս ներողությունն է, որ խնդրո՜ւմ եմ բոլոր գիտնականներից ու հատկապես իրենց վաստակով խորը հարգանքի արժանի թոշակառո՛ւ գիտնականներից՝ այս անմարդկային վերաբերմունքի համար:

Ասելիքս… ճիշտ նույնն է, ինչ ասում է հայտնի կինոնկարի հերոսուհին՝ Կեղնի՞ մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ

 

Նարե Խուդոյան

2 COMMENTS

  1. Աշխարհը ծուռ եղել է, կա և պետք է լինի, որպեսզի ապրելու իմաստը արդարացվի; Ապրում ես պայքարելու, կռվելու համար հանուն մի նպատակի, հանուն իրավունքի, հանուն բարօրության;ԵՎ պետք չէ բողոքել ծռությունից, այլ հպարտորեն պետք է մարտնչել;

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here