Գալիքի գանգրահեր տղան մնաց անցյալում

0
209

 Ինչը Չարենցի համար լուսավոր գալիք էր, մեզ համար կարծես արդեն լուսավոր անցյալ է:

Այսօրվա մեր գալիքն այլևս չունի լուսավոր ապագա՝ գանգրահեր տղա երազանքով: Եվ տեսնես ի՞նչ նկատի ուներ վարպետը՝ լույս քայլեր ասելով: Պարզ է, որ լավ գալիքը բարեկեցիկ ու ապահով կյանքին պիտի վերաբերեր, իսկ լույս-ը, կարծում եմ, գիտելիքին ու կրթությանը, քանի որ գիտելիք չունեցող մարդը չէր կարող մեր լավ գալիքի ոսկեբեր մանուկը լինել:

Կարծում եմ, որ դժվար թե Չարենցը գիտությունը նկատի ունենար, քանի որ նրա մտքով չէր էլ կարող անցնել, թե Հայաստանում գիտություն է զարգանալու:

Չարենցի կյանքի վերջին տարիներին դրվեցին գիտության, լույսի առաջին սերմերը Հայաստանում: Եվ ինչպիսի՜ ծիլեր արձակեցին այդ սերմերը, դա իհարկե չիմացավ Չարենցը և չէր էլ կարող պատկերացնել՝ որքան էլ որ նրա հավատը լուսավոր լիներ գալիքի հանդեպ: Եվ ո՜չ ոք չէր կարող դա պատկերացնել:

…Տեսնես, ըստ նրա պատկերացումների, մեծանալով ինչպիսի՞ն պիտի դառնար գանգրահեր տղան. գրագե՞տ, կրթվա՞ծ, խելացի՜… Իսկ նա ոչ միայն ուսում ստացած ու գրագետ մարդ դարձավ, այլ դարձավ գիտնական, և ոչ միայն դարձավ, այլև տվեց լույս ու գիտություն արարողների ու տարածողների նոր սերունդ: Եվ ահա այդ նոր սերունդը, որ տվել է գիտության մարդու էլի մի սերունդ, այլևս հիմք չունի ասելու՝ Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա, Մեր լա՛վ գալիքի ոսկեբե՛ր մանուկ

Ավաղ, այսօր մեր պետությունը մեծապես սպանել է գանգրահեր տղայի մեջ լուսավոր գալիքի հավատն ու ստիպել նրան՝ լքելու հայրենիքը:

Չարենցին դաժանաբար սպանեցին նրանք, ովքեր նրա հանճարի կողքին ոչնչություն էին, փոշեհատիկ, բայց Չարենցն այնուամենայնիվ, ի տարբերություն այսօրվա պոետի, մի առավելություն ունեցավ՝ լավ ապագայի հավա՛տ:

…Տեսնես ի՜նչ զգացողություն է ունեցել Չարենցն այդ ժամանակ, տեսնես ի՞նչ ցավ է ապրել… սարսափելի է անգամ պատկերացնել… այնուամենայնիվ, այդ ցավն ավելի սարսափելի չէր լինի հաստատ այն բանի կողքին, եթե նրան այդ նույն տականքն ասեր, որ մեկ դար հետո, այն նույն հավատը, որով լեցուն էր պոետը, չի ունենալու իր հերոսը՝ լավ գալիքի խորհրդանիշ մանուկը, ցավոք, նրա մեջ սպանվելու է հավատը. նա իր ապագան ուրիշ երկրում է պատկերացնելու:

Այո, իմ պատկերացումներում մե՛ր լավ գալիքի գանգրահեր տղան մեր երիտասարդ գիտնականն է, որն այսօր բռնել է արտագաղթի ճամփան: Արդյո՞ք Չարենցին սպանող խուժանից վատը չէ, արդյո՞ք հանցագործ չէ այն ղեկավարությունը, որը խլել է ապագայի հավատն ու դրա փոխարեն արտագաղթի ճամպրուկ տվել ձեռքը նրա, ով երկրի սերուցքն է ու լավ ապագայի կերտողը:

Եվ արդյո՞ք այսօր նա, ով «տնօրինում է» գանգրահեր տղայի ապագան, նույնպես ոչնչություն ու փոշեհատիկ չէ գիտության մարդու, լուսավոր գալիք կերտողի կողքին:

Եվ հիմա, ինչքան էլ Փակում եմ հոգնած աչքերըս մի պահ…

Ավաղ… ես չեմ տեսնում

Գալիք մի գարուն, վառ մի օր ահա,

Որտեղ

Կապո՛ւյտ, կապո՛ւյտ, կապո՛ւյտ երկնքից
Թափում է կարծես երգ ու խնդություն

 

Նարե Խուդոյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here