Հեռուստամարաթոն 2013ի Դրամահաւաքը Կ՛ուղղուի Վարդենիս-Մարտակերտ Աւտոճանապարհի կառուցմանը

0
155

Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2013ի դրամահաւաքի արդիւնքում հաւաքագրուած միջոցները կ՛ուղղուեն Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի կառուցմանը: Սա կը լինի Հիմնադրամի գործունէութեան ընթացքում համահայկական ջանքերով կառուցուած երրորդ խոշոր աւտոճանապարհը (մօտ 116 կմ.), որի կառուցումն ու բարեկարգումը մեծ խթան կը հանդիսանան մեր երկու հանրապետութիւնների սոցիալ-տնտեսական կեանքի զարգացման համար: Այսօր դժուար է թերագնահատել մէկը միւսին յաջորդած «Գորիս-Ստեփանակերտ» եւ «Հիւսիս-հարաւ» աւտոմայրուղիների կարեւորութիւնն ու ազդեցութիւնը Հայաստանի եւ Արցախի տնտեսութիւնների եւ դրանով պայմանաւորուած՝ բնակչութեան կենսամակարդակի վրայ:
Այս աւտոմայրուղիները Հիմնադրամին հնարաւորութիւն ընձեռեցին արդիւնաւէտ ձեւով եւ առաւել կարճ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի գիւղերում եւ քաղաքներում կեանքի կոչել կարեւորագոյն ենթակառուցուածքներ. կառուցուեցին եւ վերակառուցուեցին դպրոցներ, բուժհաստատութիւններ, ջրամատակարարման ու գազամատակարարման համակարգեր, մշակութային հաստատութիւններ եւ այլն:
Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհն արդէն իսկ անհրաժեշտութիւն դարձած այլընտրանքային ճանապարհ է, որն ուղիղ կապ է հաստատում Հայաստանի եւ Արցախի հիւսիսային շրջանների միջեւ՝ զգալիօրէն կրճատելով այն տարածութիւնը, որն այսօր անցնում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Ճանապարհի գործարկումը կ՛աշխուժացնի միջհամայնքային կապը (որն առ այսօր հնարաւոր էր միայն Բերձորի համայնքի միջոցով), ինչպէս նաեւ նոր խթան կը հանդիսանայ յարակից համայնքների բնակչութեան կեանքի պայմանների բարելաւման համար:
Ճանապարհի բարեկարգումը ենթադրում է ոչ միայն ասֆալտապատում, այլեւ ճանապարհաշինութեան մի շարք չափորոշիչների ապահովում՝ ներառեալ  ճանապարհի ջրահեռացման, ձիւնապաշտպան միջոցների, արգելափակոցների ապահովում: Տեղ-տեղ առաջացած սողանքային երեւոյթների եւ հնարաւոր հետեւանքների կանխարգելումը եւս խիստ կարեւոր է ճանապարհի անվտանգ շահագործումն իրականացնելու համար, ինչի նպատակով ճանապարհի որոշ հատուածներում կը կառուցուեն հենապատեր, ափապաշտպան կառոյցներ, կը կատարուեն քարաթափման աշխատանքներ: Կառուցման աշխատանքների աւարտից յետոյ ճանապարհը կը նշագծուի եւ կը կահաւորուի համապատասխան նշաններով: Կառուցուող ճանապարհի վրայ անհրաժեշտ կը լինի վերանորոգել թուով 16 կամուրջ:
Ճանապարհի կառուցումն ու մշտական աւտոհաղորդակցութիւնն իր ուղղակի ազդեցութիւնը կ՛ունենայ ճանապարհից մինչեւ երկու տասնեակ կիլոմետր հեռաւորութեան վրայ տարածուող համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական կեանքի վրայ: Ճանապարհից մինչեւ 2-3 կմ. հեռաւորութեան վրայ ընկած  համայնքներն են՝ Դրմբոնը, Կոճողուտը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը, Հաթերքը, Գետաւանը, Չափարը, Խնկաւանը, Չարեքթարը, Նոր Էրքեջը, Դադիվանքը, Նոր Գետաշէնը, Քնարաւանը, Եղեգնուտը: Շահառու համայնքների թւում կը լինեն նաեւ 5 կմ. եւ ավելի հեռաւորութեան վրայ գտնուող համայնքները, այդ թւում Քարվաճառի շրջկենտրոնը, Նոր Ղարաչինար, Յարութագոմեր, Զարդախաչ, Համշակ, Չափնի, Չինաւան, Նոր Խարխապուր, Շիկքար, Նոր Բրաջուր, Եղցին, Զովք, Նոր Վերնաշէն, Մշենի, Նոր Մանաշիդ գիւղերը:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here