Հակասությունների երկիր Հայաստանս

0
155

Մեր նախագահն ու վարչապետը շատ նման են բաժակաճառեր արտասանող ու ամեն նոր բաժակից հետո խոստումներն ավելի ու ավելի մեծացնող այն քեֆչիներին, որոնք, խմիչքի ազդեցությունից դուրս գալուց անմիջապես հետո, սկսում են ձևեր փնտրել՝ փոխելու արդեն իսկ հնչեցրած խոստումը կամ էլ առերեսումից ու սեփական խոստման հանդեպ պատասխանատվությունից մշտապես փախած են:

Ամեն անգամ նման խոստման չկատարումից հետո նրանք ստանում են, մեղմ ասած, ամոթանքի նոր տարափ, բայց դաս չեն առնում՝ հավանաբար մտածելով՝ …«հո մեր գետի ջրից շա՞տ չի», կամ էլ՝ «անձրև է գալիս»:

Այս հերթական անգամն էլ նախագահը հանդիսավոր կերպով խոստացավ, որ 2014 թ. հունվարից կբարձրանան աշխատավարձերը: Հիմա հայտարարում են, թե հունվարից կբարձրանան միայն ուժային կառույցների աշխատողներինը, իսկ պետական համակարգում այլ աշխատողներինը կարվի 2014 թ. հուլիսին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին, թե ինչու աշխատավարձերի բարձրացումը չի կատարվում 2014 թ. սկզբից՝  ինչպես խոստացել էր նախագահը, պատասխանեց, թե անմիջապես սրընթաց բարձրացումը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել տնտեսավարող սուբյեկտների համար, և ոչ միայն բյուջետային առումով:

Լավ է, չէ՞. ուրեմն՝ խոստումը կրակում են, հետո նոր սկսում քննարկել հնարավոր խնդիրների առաջացումները:

Հավանաբար մեկնումեկը կարողացե՞լ է հաշվել, որ բոլորի աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացումն ահռելի գումարներ է պահանջում: Երկուսուկես տարի է արդեն, որ գիտնականները պայքարում են, որպեսզի իրենց աշխատավարձերը գոնե հանրապետության մինիմալ աշխատավարձից բարձր լինի, և ոչ մի արդյունք: Հենց փողից խոսք էր գնում, չինովնիկից մինչև նախագահ, թաշկինակները վերցրած, լաց էին լինում: Բա էդ ո՞նց եղավ, որ հանկարծ 40 տոկոս բարձրացնելու հնարավորություն առաջացավ: Դեռ սկզբում 100 տոկոս էին խոստանում, հետո, սովորության համաձայն, հետ կանգնեցին խոսքից ու սարքեցին 40:

Եթե կարող են բարձրացնել բոլորի աշխատավարձերը 40 տոկոսով, ինչո՞ւ ընդամենը 4000 գիտնականինը չէին կարող բարձրացնել, օրինակ, երկու անգամ: Չէ՞ որ դա այս բարձրացումների համար պահանջվող գումարի համեմատ ուղղակի մի շատ աննշան բան է` չերևացող, չնչին թիվ, պետբյուջեում հաստատ ճեղքվածք չէր առաջացնի, բայց փոխարենը զգալի կլիներ գիտնականի համար: Լավ, ինչո՞ւ չապահովել գիտնականին, որպեսզի նա լծվի երկրի զարգացման գործին: Ի վերջո, չէ՞ որ երկրի զագացման հույսը դրված է միայն գիտնականների վրա. ո՛չ շինարարի, ո՛չ վարորդի, ո՛չ դերասանի կամ գրադարանավարի, ո՛չ անգամ ուսուցչի, այլ գիտնականի, մի՞թե իրոք այդքան դժվար է դա հասկանալը:

Եթե անգամ գիտության մասին էլ հոգ չեն տանում, դա պիտի անեն ամոթից, հենց թեկուզ իրենց իսկ սարքած հակասություններից գոնե մեկից ազատվելու համար, այն հակասությունից, որ ամենուր ազդարարում են իրենց գիտելիքահենք տնտեսությունը, գիտության ու գիտնականի կարևորումը, միևնույն ժամանակ, գիտնականին տալիս են երկրում ամենացածր աշխատավարձը: Ինչպես կասեր ԿԳ նախարարը՝ կատարյա՛լ նոնսենս:

Եթե 40 000 ուսուցչի աշխատավարձը, որ առանց այն էլ բավական բարձր է գիտության դոկտորի աշխատավարձից, կարող են բարձրացնել 50 000-ով, ապա ինչո՞ւ չեն կարող տաս անգամ պակաս թվով` ընդամենը 4000 գիտնականինը բարձրացնել 100 000-ով՝ գոնե խուսափելու այն զավեշտից, որ, ինչպես ասել է ԿԳ նակարարը՝ գիտաշխատողը Հայաստանում կրկնակի անգամ ցածր է վարձատրվում, քան կրթական հիերարխիայում ավելի ցածր կանգնած՝ հանրակրթական դպրոցի ուսուցիչը: Չէ՞ որ 4000 գիտնականին՝ 100 000-ի ավելացումն հինգ անգամ ավելի քիչ ծախս է, քան 40 000 ուսուցչին 50 000:

Սրա՞ն էլ համաձայն չեք: Այդ դեպքում մի տարբերակ ևս՝ կարող եք աշխատավարձերը բարձրացնել ոչ թե 40, այլ 39 տոկոսով, ու այն մեկ տոկոս տարբերությունը տալ գիտնականներին: Գիտնականներն այնքան քիչ են մնացել երկրում, որ այդ 1 տոկոսը լիուլի կբավարարի նրանց, ու կարևորը, որ դա, միևնույնն է, բյուջեի համար չնչին ու չերևացող կլինի:

Դրա՞ն էլ համաձայն չեք: Որեմն՝ հստակ որոշո՞ւմ է կայացվել՝ գիտնականի աշխատավարձը սահմանել՝ որպես երկրում աշխատավարձի նվազագույն չափ: Դա ի՞նչ է՝ ծա՞ղր՝ ուղղված գիտնականներին: Դե էլ ինչպե՞ս չմտածել, որ այս խայտառակությունն ու ամոթալի վիճակը դրսի պատվեր է, ըստ որի՝ մեր իշխանությունը գիտակցաբար ոչնչացնում է գիտությունը: Ուրեմն՝ եզրակացությունը մեկն է՝ սա հատուկ տարվող քաղաքականություն է՝ ոչնչացնելու երկրի ապագան:

Ուզում եմ միտքս ամփոփել Խաչիկ Մանասելյանի ֆեյսբուքյան գրառումով. ՀՀ «գիտականահենք» կառավարությունը մտադիր է, որպես աշխատավարձի նվազագույն չափ, վերցնել գիտնականների աշխատավարձը` առանց դրա վրա որևէ հավելում անելու: Իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձերը, քանի որ վերջիններս ավելի «կարևոր» գործեր են անում և չեն հասցնում գոնե ամիսը մեկ անգամ ծախծխել ու փոխփխել իրենց «բենթլիներն ու մերսեդեսները», կբարձրացվի այդ նվազագույն աշխատավարձի համեմատ որոշակի գործակիցներ անգամ (հարյուրավոր տոկոսներով), ընդ որում` որքան ավելի բարձրաստիճան է պաշտոնյան, այնքան այդ գործակիցն ավելի բարձր կլինի: Կարճ ասած` սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է. էլ ինչ գիտնական, ինչ բան….

Այս աստիճան… կառավարություն հայ ժողովուրդը ո՛չ անցյալում է երբևէ ունեցել, ո՛չ էլ երևի ապագայում կունենա:

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here