Տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում

0
107

Հոկտեմբերի 12-ին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպում, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը:

Հավաք-հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահներ Գեորգի Տեր-Ղազարյանը և Վլադիմիր Աղայանը, հայ համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հավաքի մասնակիցներին ու հյուրերին, խոսեց Սփյուռքի  հիմնախնդիրների մասին,կարևորեց լեզվի պահպանության հարցը: «Մտահոգիչ է, որ Լատինական Ամերիկայում, ԱՊՀ երկրներում երիտասարդությունը համարյա չի խոսում հայերեն: ՀՀ սփյուռքի նախարարությունը շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր, միջոցառումներ՝ հայոց լեզուն պահպանելու և տարածելու նպատակով», ասաց նա:

Ներկաներին ողջունեց և Սփյուռքում հայապահպանության խնդիրների մասին խոսեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մասնավորապես ասաց. «Վստահ եմ, որ այս հավաքը մեծապես կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: Հայաստանը և Սփյուռքը ուժեղ են միասին: Երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, այն ողնաշարն են, որի շուրջ պետք է համախմբվի սփյուռքը: Համահայկական կառույցների գլխավոր նպատակը պետք է լինի հայապահպանությունը, սփյուռքի ներուժի համախմբումը, ազգային ինքնության պահպանումը»:

«Ինչպես պահպանել լեզուն, հայրենիքի, ազգային ավանդույթների,  մայրենիի նկատմամբ հետաքրքրություն ու սեր սերմանել երիտասարդության մեջ» հարցի շուրջ ծավալվեց շատ լուրջ քննարկում:

Առաջարկություններով հանդես եկան ու իրենց դիտարկումները ներկայացրեցին Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվայի, Խաբարովսկի, Աստրախանի, Սոչիի, Սամարայի, Կալինինգրադի, Սակտ Պետերբուրգի, Տվերի համայնքների ղեկավարները:

ՀՀ սփյուռքի նախարարն ամփոփեց  ԱՊՀ երկրների հայ համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը: Նախանշվեցին հիմնախնդիրները, հստակեցվեցին հետագա անելիքները, առաջարկվեցին հնարավոր լուծումներ:

 

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here