Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից

0
128

 

Վերջին շրջանում գիտության հետ կապված խնդիրների մասին շատ է խոսվում, և  ստացածս բավականաչափ ինֆորմացիան առիթ է տվել ինձ, ինչպես և հավանաբար շատերին, շատ խորհելու այդ թեմայի շուրջ։

Գիտնականները դժգոհ են: Իհարկե, կան հատուկենտ գիտնականներ, որոնք համարում են, թե մեզ մոտ գիտության հանդեպ պետության քաղաքականությունն արդարացված է. դրա համար կան ինչ–ինչ օբյեկտիվ պատճառներ, բայց այդպիսիք, որպես կանոն, ունեն պաշտոններ, հետևաբար՝ պաշտոնը պահելու ձգտումը նրանց դարձրել է ոչ իրատես: Բայց գիտնականների մեծ մասը կարծում է, որ չի կարելի այսպես շարունակել. պայքարել, բարձրաձայնել է պետք։

Պայքարելու ձևերի հետ կապված էլ տարբեր կարծիքներ կան։ Շատերը գիտության ու գիտնականի այս վիճակի համար մեղադրում են իրենց՝ գիտնականներին՝ ասելով, որ «Խեղդվողի փրկության գործն իր՝ խեղդվողի ձեռքերում է գլխավորապես», և որ գիտնականները ճիշտ ձևով չեն կարողանում ղեկավարությանը բացատրել այն, որ այս 20 տարվա բարձիթողի վիճակից գիտությունը Հայաստանում գնում է դեպի անկում, որ գիտնականը երկրում ստանում է ամենացածր աշխատավարձը, որ չկա երբեմնի հարգանքը գիտնականի հանդեպ, որ գիտահետազոտական ինստիտուտներն ու լաբորատորիաները գնալով քայքայվում են, իսկ սարքավորումները դադարում լիենք պիտանելի, որ երիտասարդ գիտնականները հեռանում են երկրից՝ չցանկանալով դառնալ փոխարինողներ նախորդ սերնդին, իսկ թոշակառու գիտնականները ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել երիտասարդներին, անգամ նրանց մեջ առանձնահատուկ ավանդ ունեցողները այդ պատճառով դառնում են քննադատությունների թիրախ, քանի որ հնարավոր չէ գոյատևել միայն 40 000 թոշակով, որ եթե այսպես շարունակվի, 1-2 տասնամյակ անց Հայաստանն այլևս գիտություն չի ունենա:

Ես,օրինակ, համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե ղեկավարությանը լավ չի բացատրվում։ Եթե ղեկավարությունն անտեղյակ է գիտության կարևորությունից ու  գիտության հիմնախնդիրներից, ապա նա ունի՞ իրավունք ղեկավար համարվելու։ Դա ի՞նչ արդարացում է, որ 22 տարին բավական չի եղել՝ հասկանալու, թե դեպի ուր է գնում Հայաստանի՝ երբեմնի հզոր ու սեփական երկրի համար հպարտանալու առիթ հանդիսացող գիտությունը։

Ինձ շատ է զարմացնում այն, որ շատերն ասում են՝ իսկ գիտնականները բացատրե՞լ են իշխանություններին, որ էսպիսի վիճակ է, կամ՝ ո՞վ է մեղավոր, որ գիտնականները չեն կարողանում լավ բացատրել: Ի՞նչ է նշանակում սա. նույնն է, ինչ որ վարսավիրին բացատրես, թե մկրատն ինչպես բռնի ու ոնց կտրի մազերը, հաշվապահին բացատրես, թե ոնց հաշվի, հացթուխին՝ թե ինչքան ալյուր ու ջուր լցնի, կթվորուհուն բացատրես, թե ո՞նց կովը կթի: Ուրեմն՝ էլ ինչի՞ համար է «ընտրվել» առաջնորդ, ուրեմն՝ էլ ինչո՞վ է հասել երկրի առաջին դեմքը կոչվելու պատվին, ուրեմն ո՞ր արժանիքի շնորհիվ է արժանացել երկրի նախագահ կոչմանը, եթե երկրի համար առաջին կարևորության հարցերը նրան պիտի բացատրել:

Ճիշտ է, վերջին 2-3 տարում գիտնականներն ավելի շատ են բարձրաձայնում, բայց չի նշանակում, թե նախորդ 20 տարում ոչ մի բողոք չի հնչել: Իսկ ի՞նչ է՝ 22 տարվա բացատրությունը բավական չէ՞ր՝ հասկանալու: 22 տարին իմ տարիքն է, որից մի մասը՝ ո՛չ գիտակցական, բայց ես հասցրել եմ հասկանալ գիտության կարևորությունն ու գիտնականի աշխատանքի գնահատման անհրաժեշտությունը, այդ ինչպե՞ս է, որ մեր նախագահները 22 տարի անց դեռ բացատրության կարիք ունեն: 🙂

Գուցե սա այն դեպքն է, որ բարի ցարը տեղյակ չէ՞ երկրի վիճակից: Սա ինձ հիշեցնում է 1905 թ.-ի Արյունոտ կիրակիի նախաշեմը, երբ բանվոր դասակարգն ու գյուղացիությունը կիրակի օրը, հագած տոնական զգեստներ, ցարի նկարներով ու սրբապատկերներով պլակատներ վերցրած, երեխաների թաթիկներից բռնած գնացին դեպի Ձմեռային պալատ՝ բացատրելու և պատմելու ցարին, թե ինչ աղքատության մեջ են ապրում իրենք, թե ինչքան են ճզմված հարկերի տակ և այլն: Նրանք համոզված էին, որ ցարը տեղյակ չէ իրենց վիճակից, որ նա, լինելով շատ բարի, երբ լսի իրենց, անմիջապես կթեթևացնի իրենց վիճակը:

Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք. եղավ այն, ինչը դարձավ հարյուրավոր կտավների, երաժշտական ու գրական ստեղծագործությունների թեմա. հրամայվեց կրակ բացել խաղաղ ժողովրդի վրա:

Մի՞թե «ցարերը» կարող են անտեղյակ լինել վիճակից, ու դառնո՞ւմ են բարի, եթե ի սկզբանե բարի չեն լինում: Արդյոք կարիք կա՞ նրանց բացատրելու մի բան, ինչը իրենք պարտավոր են իմանալ՝ համապատասխան աթոռին բազմելուց առաջ: Իսկ բազմելուց առաջ պիտի լա՜վ իմանան, թե մեր նման աղքատ երկրում, գիտության՝ զարգացում ապահովելու ունակ միակ հենարանի հետ նման քաղաքականություն վարելու պարագայում, քանի՞ տարի անց մենք այլևս գիտություն չենք ունենա և քանի՞ տարի անց երկրում քանի՞ տասնյակ հայ կմնա:

Մանկապարտե՞զ է, ի՞նչ է…

 

Նարե Խուդոյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here