«Հայերի Հողերի Բացայայտումը Թուրքիայի Փլուզումն Է, Գոյքը Տեղում Է, Տիրոջը Գտնելու Խնդիրը Կայ»

0
133

 

«Մոտուս Վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը տեղին է համարում թուրք վերլուծաբանների անհանգստութիւնը, որ հնարաւոր է` Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ Թուրքիայում հայերին պատկանող անշարժ գոյքը վերադարձնելու գործընթաց սկսուի, որի բոլոր իրաւական հիմքերը կան:

«Թուրք վերլուծաբանների մտահոգութիւնը տեղին է, եթէ մենք աշխատենք, այդ վկայականներն ու փաստաթղթերը հաւաքենք, մէկտեղենք ու ներկայացնենք ծրարով», լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա եւ աւելացրեց, որ Հայոց ցեղասպանութեան մասին խօսում են աւելի ընդհանրական, ժամանակն է իջնել եւ գործնական քայլերով աջակցել Ցեղասպանութեան ճանաչմանը:

Արա Պապեանն ընդգծեց, որ սեփականութիւնը  վերադարձնելու գործընթացը կարող է կատարուել երկու մակարդակում` անհատական եւ համայնքային: Անհատական, երբ Արեւմտեան Հայաստանի ժառանգներն ունեն իրենց պապերից փոխանցուած կալուածագրեր, իսկ համայնքայինը, օրինակ` հայկական եկեղեցիների ու բազմաթիւ ազգային կառոյցների գոյքի սեփականութիւնը:

«Անհատների սեփականութեան կալուածագրերը քիչ են պահպանուած, բայց կան նաեւ թուրքական արխիւներում բաւական պահպանուած փաստաթղթեր, որոնք ուժի մէջ են: Ժամանակին Ցեղասպանութիւն իրականացնելիս դա ի պահ է տրուել պետութեանը եւ պարբերաբար որոշումներ են կայացրել դրանց վաւերացման համար: Այսօր հայերը հետեւելով հրեաների օրինակին եւ ներկայացնելով սեփականութեան կալուածագրերը` իրաւական դաշտում կարող են փոխհատուցում ստանալ», յայտարարեց նա:

Արա Պապեանի կարծիքով, այդ գործընթացը որոշ ժամանակ կը պահանջի, քանի որ երկու փուլ պէտք է անցնի. առաջին փուլում` Թուրքիայի տարածքում սպառելով ներպետական դատական գործընթացը, անցնել երկրորդ փուլին` դիմել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:

«Մոտուս Վիվենտի» կենտրոնի ղեկավարը նշեց, որ ազգային մակարդակով խրախուսելի է երկու վեհափառների համատեղ յայտարարութիւնը, մինչդեռ ցաւալի է, որ հետեւողական աշխատանք առ այսօր չի իրականացուել:

Փորձագէտի առաջարկն է առաջին փուլում գրասենեակ բացել եւ անհատական մակարդակով հաւաքագրում սկսել: «Յետոյ մարդկանց գործուղեն աշխարհի տարբեր երկրներ, առաջին փուլը` մէկտեղում, վերլուծում, դասակարգում, եւ դրանցից առանձնացնեն այն միաւորները, որոնց յաղթանակի հաւանականութիւնը շատ աւելին է»,  ասաց նա:

Աւելի՛ն. ըստ Արա Պապեանի, այս գործընթաց սկսելը նոյն իրաւական գրասենեակների համար կարող է շահութաբեր լինել, ինչպէս Իսրայէլի դէպքում է: «Այսինքն` մի մասը գրասենեակին, մի մասը սեփականատիրոջը եւ մի մասը պետութեանը, ինչպէս Իսրայէլի դէպքում է: Սա լաւ փող աշխատելու միջոց է, մեծ գումարներ են, ինչպիսիք Հայաստանը ոչ մի անգամ չի տեսել»,  ասաց նա:

Աւելի՛ն. ըստ Արա Պապեանի, այսօր արդէն իսկ նման գործընթացներ գնում են եւ` յաղթանակներ գրանցում: «Մօտ 1000 միաւորից աւելի վերադարձուել է հայ սեփականատէրերի ժառանգներին, հիմնականում` Ֆրանսայի կողմից, բայց` Պոլսի շրջանում, իսկ Արեւմտեան Հայաստանի տարածքում, որը Թուրքիայի արեւելեան տարածքն է, խրթին է, վախը կայ», ասաց նա:

Հարցին, թէ կարող է նման պահանջը հիմք դառնալ ոչնչացնելու այդ փաստաթղթային արխիւը, Արա Պապեանը նշեց, թէ, ըստ էութեան, ամէն ինչը արդէն իսկ քանդուած է: «Բայց, ի վերջոյ, այդ փաստաթղթերը կան, օրինակ` Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Ատանայի կենտրոնում ունեցել է 30,000 քառ. մեթր խանութ, այդ տարածքը կայ, հիմա աւելի լաւ չէ՞, հանգանակութիւն չմուրան, կարող են վերականգնել: Եկեղեցապատկան փաստաթղթերը հիմա գտնւում են Երուսաղէմում, ուղղակի չեն ուսումնասիրուել», ասաց նա:

Պոլսահայ, ազատամարտիկ Սարգիս Հացպանեանը սեփական օրինակով է ասում, որ անհատական գործը շահել դժուար է, քանի որ Թուրքիան հեռու է իրաւական պետութիւն լինելուց, բայց նկատում է, որ դա հնարաւոր է հէնց Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ:

«Այդ փաստաթղթերը` սեփականութեան կալուածագիրը, կինս ունէր եւ դատական քաշքշուկների մէջ է մտել, բայց չի կարողացել վերցնել: Բայց ես համոզուած եմ, որ Թուրքիայում այս հարցի բարձրացումը ոչ թէ մեր դիմումներով է լինելու, այլ` հէնց իրենց դիմումներով: Այդ գործողութեանը պէտք է մասնակից դարձնենք հէնց Թուրքիային: Այս թեմայով պէտք է խօսուի, որովհետեւ շատ լաւ հասկանում են, որ հայերի հողերի բացայայտումը Թուրքիայի փլուզումն է, գոյքը կայ, տեղում է, դրա տիրոջը գտնելը խնդիր ունի Թուրքիան», ասաց նա:

Պոլսահայ ազատամարտիկը ներկայացրեց թուրքալեզու մի գիրք, որը հրատարակուել էր հէնց ծագումով թուրք, հայերի հետ կապ չունեցող երիտասարդ Ումիթ Քուրթի կողմից, ով հանդիպելով նման խնդրի` անդրադարձել էր Ցեղասպանութեան հարցին եւ օրէնքներով բացատրել, որ Հայոց ցեղասպանութիւնը պէտք է ճանաչեն հէնց հողերի տարածքների ճանաչման գնով:

Այնուհետեւ նա շարունակեց, որ Թուրքիայում «Քատասթր» կոչուած պետական հիմնարկութիւնն ինքն է 2005թ. նախաձեռնել Օսմանեան կայսրութեան հողերի սեփականութեան բոլոր փաստաթղթերը հրապարակել համացանցային կայքում:

«Սա երկրաշարժ արեց, անմիջապէս Ազգային անվտանգութեան ժողովը նամակ ուղարկեց, որ յանկարծ նման բան չանէք, քանի որ Թուրքիայի անվտանգութեանը խարխլող նախաձեռնութիւն է, եւ առ այսօր «Քատասթր»-ի վրայ արգելանք է դրուած», ասաց նա եւ աւելացրեց, որ այդ որոշումը նաեւ թուրքերի համար է դժուարացրել հողային վաճառքի հարցը:

«Թուրքիայում ամէնից շատ դատական գործերը անշարժ գոյքին են վերաբերւում, իսկ, ինչպէս գիտենք, հողերի մեծ մասը հայերին է պատկանել», ասաց նա:

Հացպանեանը օրինակը շարունակեց` ասելով, որ 6 ամիս առաջ Վանում թուրք յայտնի լրագրողը տեղեկացել է, որ իրեն պատկանող սեփականութիւնը հայոց վանքերից մէկին է պատկանել:

«Այդ մասին իմանալով` ինքը յայտարարեց, թէ պատրաստ է վերադարձնել», ասաց նա եւ յոյս յայտնեց, որ հնարաւոր է` մի օր էլ յետ ստանայ իր սեփականութիւնը, որի կալուածագիրը ունի, եւ որտեղ հիմա քարիւղ է հոսում:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here