Արդյո՞ք «Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան՝ դառնալու գիտնական»

0
146

 Երկու տարի առաջ Ծաղկաձորում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հնչեցրել է հետևյալ միտքը՝ հո չե՞նք թողնելու, որ բոլորը գիտնական դառնան։ Այսօր դրությունը շրջադարձային փոփոխություն է կրել. օրեր առաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նախագահն ասել է՝ մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական։

Անհասկանալի այս շրջադարձին դժվար է բացատրություն տալ։ Կամ նախագահի ընդունակությունները երկրի կառավարման ու զարգացման ուղիները գտնելու հարցում աճ են տվել, կամ, որ ավելի հավանական է, համաներումը գիտնականների վրա էլ է տարածվել. հիմա արդեն ոչ միայն չի արգելվում գիտնական դառնալ, այլև հորդորվում է։ Բայց… այստեղ միայն մի բայց կա։

Նոր սերունդն ավելի իրատես է կարծես. նա կցանկանա՞ արդյոք ընտրել մի ուղի, որտեղ սկզբնական շրջանում վաստակելու է ամսական 35 000 դրամ, իսկ երբ հասնի դոկտորության ու պրոֆեսորության բարձունքներին, 60–70 հազար դրամ։ Այստեղ նախագահի խոսքում «մի փոքր» հակասություն կա. արդյոք «մեր երեխաներ» ասելով ինքը նկատի ունի նաև իր ու իր հարազատների երեխաներին և թոռնիկներին նո՞ւյնպես, թե՞ սա նման է իր՝ ընտրություններից առաջ տված խոստմանը, երբ ասում էր՝ լա՛վ ենք ապրելու, ժաղավո՛ւրդ, բայց հետագայում պարզվեց, որ այդ լավ ապրել–ը միայն իրենց էր վերաբերում և ոչ թե ժողովրդին։

Նախագահի այս նախադասությունը համացանցում բուռն քննարկումների ու ծաղրի առիթ տվեց։ Ահա, օրինակ, մի քանի մեջբերումներ այդ քննարկումից՝ Ես էլ եմ ցանկանում, որ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Արմեն Աշոտյանի երեխեքն ու թոռները դառնան գիտնական: Մեկ ուրիշը՝ Բա էս ուրախ օրով մարդու կանիծե՞ն. ի՞նչ գիտնական, ո՞ւմ համար, ինչի՞ համար, դառնան, որ ի՞նչ անեն։ Մեկն էլ՝ Լրիվ արդեն ձեռք են առնում, տրամաբանությունն ու՞ր է, ո՞վ է սենց բան տեսել աշխարհում, եթե մի քանի բառով կարելի է արտաքին քաղաքականության մայրուղին փոխել, սրանք ո՞նց չեն հաջողացնում երկու տարում բան փոխել՝ էսքան խոսելով հանդերձ, ինչ–որ շատ կարևոր բան փչացել է։ Եվս մեկը՝ Սերժ Սարգսյան. Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան՝ դառնալու «ախրաննիկ»:

Իսկ ի՞նչպես կառաջարկեք բացատրել նախագահի հետևյալ միտքը՝ Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին: Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, և ե՞րբ պիտի դրվի բարեփոխումների շենքի հիմնաքարը, երբ որ Հայաստանում այլևս գիտնական չի՞ լինի, երբ գիտահետազոտական ինստիտուտների ու ակադեմիայի շենքերն արդեն վերածված կլինեն խաշանոցների ու խաղատների՞։

Ես առաջարկում եմ, որ նախագահի համար խոսք գրողը նախօրոք մի քիչ տեղեկանա «գործին», որ անհեթեթություններ ու ռեբուսներ չստացվեն։ Հո մենակ խոսքը գեղարվեստա–սենտիմենտալ մոտիվներով կառուցելը չէ. ի վերջո, ո՞նց կարելի է գրել ու նախագահի ձեռքը կարդալու տալ մի բան, որտեղ գրված ամեն ինչը հակասում է նրա իսկ վարած քաղաքականությանը։

Մի՛ դրեք նախագահին անհարմար վիճակների մեջ, գիտնականներին էլ մի՛ վիրավորեք, քանի որ նման կերպ խոսելը, գիտության հանդեպ նման քաղաքականություն վարելու պարագայում, միայն կարող է ընկալվել՝ որպես ձեռառնոց։

 

Նաիրա Վարդապետյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here