Գիտության դերը

0
168

 Գիտնականի համար նոր գիտելիքի ստեղծումը հանդիսանում է իր հիմնական խնդիրը, գիտնականը մշտապես զբաղված է նոր գիտելիքի արարմամբ: Ինչպես ասել է Կ. Հելվեցիուսը՝ «Զարմանալու համար հարկավոր է մեկ րոպե, զարմանալի բաներ անելու համար հարկավոր են շատ տարիներ»։

Իհարկե, պետք է լուրջ ուշադրություն դարձնել գիտության ձեռքբերումների կիրառությանը պրակտիկ մշակումներում, քանի որ, ինչպես ասել է Ի.Դ. Մենդելեևը՝ «Գիտությունների դերն է՝ ծառայել, նրանք բարօրության հասնելու միջոցներ են»։

Բայց պետք է նկատել, որ դա ժամանակ և լուրջ ներդրումներ է պահանջում ու, հիմնարար գիտության պարագայում, սովորաբար տեղի է ունենում տարիների, տասնամյակների ընթացքում։

Այստեղ մեջբերում կատարենք աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մտքերից՝ «Ո՞րն է գիտության դերը անցյալի, ներկայի և, հատկապես, ապագայի մարդկային հասարակության համար: Այստեղ ուզում եմ մի փոքր շեղվել: Ինձ, օրինակ, միշտ էլ զարմացրել է այն հանգամանքը, թե ինչո՞ւ է այդքան «չտեսնելու» տրվում գիտության նշանակությունը մարդկային հասարակության զարգացման գործում: Այո, ասում են, խոսում են գիտության «մեծ դերի» մասին: Բայց մի՞թե այդքանը: Մի՞թե ողջ մարդկության պատմությունը, հասարակության զարգացման շրջադարձները, տարբեր իրավիճակների հերթագայությունը կարող են բացատրվել միայն ու միայն սոցիալքաղաքական բնույթի գործոններով: Մի՞թե հնարավոր կլիներ, օրինակ, արդյունաբերության հեղաշրջումը՝ առանց Ուատտի շոգեմքենայի, Ստեֆենսոնի շոգեկառքի, Ֆուլտոնի շոգենավի: Ի՞նչ կմնար այսօրվա քաղաքակրթությունից, եթե չլինեին Ֆարադեյն ու Մաքսվելը: Ինչպե՞ս կընթանար մարդկության պատմությունը, եթե գերմանացի քիմիկոս Հաբերը չհայտնագործեր մթնոլորտային օդից ազոտային միացություններ ստանալու գաղտնիքը և մասնավորապես վառոդի բաղադրիչ մասերից մեկի` սելիտրան: Մի՞թե ատոմային պատերազմ սանձազերծելու արհավիրքը, վերջին հաշվով, չի բխում գիտությունից»:

«Ինչը չի զարգանում, չի ապրում, ինչը չի ապրում, մահանում է»,– ասել է Վ.Գ. Բելինսկին։ Հասարակության զարգացումների համար մեծապես պարտական ենք գիտությանը։ Ճիշտ է՝ գիտությունը ներդրումներ է պահանջում, բայց նաև վաղ թե ուշ արդարացնում է իր վրա ծախսածը՝ ապահովելով այդ զարգացումը։

Այստեղ կարևոր դեր ունի տնտեսությունը, արտադրությունը` որպես պատվիրատու և որպես ներդրող: Ցավոք, տնտեսությունը մեր երկրում շատ թույլ է զարգացած, և այսօր գիտության խթանման հարցում համարյա անմասն է։ Իսկ ղեկավարությունը գիտության մասով վերամբարձ խաստումներից ու ամպագոռգոռ հայտարարություններից այն կողմ չի անցնում։

Կզարգանա ու կապրի՞ արդյոք գիտությունը մեր երկրում, կհասնե՞նք  արդյոք այն ժամանակներին, որի մասին Ժյուլ Վեռնն է ասել՝ «Կգա ժամանակ, երբ գիտությունն առաջ կանցնի ֆանտազիայից»։

Դժվար է ասել։ Թեպետ, դատելով մեր կառավարության խոսքի ու գործի մշտական տարբերությունից, լավատեսության համար հիմքերը քիչ են…

 

Նարե Խուդոյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here