Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են…

0
179

 Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ում խելքին ինչ փչի, կարող է ներկայացնել «Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» համոզիչ փաստարկի տակ։ Բայց, ցավոք, դա արդեն հակառակ արդյունք է սկսել տալ, քանի որ վերջին շրջանում, բանից դուրս է գալիս, բրիտանացի գիտնականներն այնքան անհեթեթ ու գիտության հետ կապ չունեցող բաներ պարզելով են զբաղված, որ ամոթ է պարզապես այդ ամենին «գիտական հայտնագործություններ» անվանումը տալ։

Օրինակ՝ «Բրիտանացի գիտնականները հայտնագործել են, որ հավն էլ հաշվել գիտի», «Բրիտանացի գիտնականները բենզին են ստացել օդից», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սեքսը պետք է լինի սպասված և ցանկալի», «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հավի ապուրն ունի ջերմիջեցնող հատկություն», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու են զեբրաները շերտավոր», «Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչու է միշտ վերջին կտորը համեղ» և այլն։ Շատերը, որպես այս ամենի շարունակություն, ավելացրել են նաև՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրենց մեջ հայ կա», կամ՝ «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ իրանց ֆբ-յան էջը մարդիկ լայքում են՝ մտածելով, որ սրանք իսկականից բրիտանացի գիտնականներն են» և ուրիշ նմանատիպ «հայտնագործություններ»։

Ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ, ե՞րբ, ո՞ւմ շնորհիվ հանկարծ բրիտանացի գիտնականները, որ տվել են Նյուտոն՝ իր մեխանիկայով և օպտիկյով, Մայքլ Ֆարադեյ՝ դաշտի մերձազդեցության տեսությամբ ու մագնիսականությամբ, Ջեյմս Կլերկ Մաքսվել՝ իր էլեկտրամագնիսականությամբ, Թոմսոն, Ռեզերֆորդ, Դիրակ և շատ ու շատ ուրիշներ, այսօր այսքան պարզունակացել են իրենց «հայտնագործություններում»։

Գուցե թվերի մեջ շատ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Բրիտանիան տվել է աշխարհում գիտական կարևորագույն նվաճումների մոտ մեկ քառորդը։ Բրիտանիան գիտության գլխավոր կետերից է, շատ ու շատ նոր գիտելիքի սկզբնաղբյուրը։ Այն պետություն է, որը միշտ կարևորել է գիտության առաջընթացն ու զարգացումը և միշտ նպաստել դրան, հետևաբար, այն գյուտերին միշտ լավ է վերաբերել ու լայնածավալ ներդրում կատարել դրանց ստացման համար։

1705 թ.-ին Աննա թագուհին Իսահակ Նյուտոնին շնորհել է ազնվականի տիտղոս: Այդուհետև Նյուտոնն սկսել է կոչվել արդեն Սը՛ր Իսահակ Նյուտոն: Դա առաջին դեպքն էր Անգլիայի պատմության մեջ, երբ տիտղոս էր շնորհվում գիտական նվաճումների համար: Եվ ի՜նչ լավ է, որ փոխադարձաբար գնահատվում են պետությունն ու գիտնականը, և այդ «փոխըմբռնումը» տալիս է գիտական լուրջ «պտուղներ»։ Նյուտոնն այն ժամանակը, որը չէր ծախսում գիտության վրա, համարում էր կորած:

Բրիտանիայի՝ աշխարհին գիտական մեծ արդյունք տալը գուցե կապված է առաջին հերթին հենց պետության վարած քաղաքականությա՞ն հետ. պետությունը գնահատում է գիտնականին, ստեղծում արդյունավետ աշխատանքի բոլոր պայմանները, գիտնականն էլ հանգիստ ու խաղաղորեն կենտրոնանում է իր գործի վրա, ի տարբերություն մեր պետության, որ 21–րդ դարում անգամ դեռ չի հասել գիտությունը որպես առաջընթացի հիմք համարելու մակարդակին։

Այնուամենայնիվ, վերադառնալով ասելիքիս, բրիտանացի գիտնականները դարեր ի վեր աշխարհին նվիրել են լուրջ արդյունքներ և ոչ թե աղբ, ինչով այսօր լցված է ինտերնետը՝ «բրիտանացի գիտնականները հայտնաբերել են» խորագրի տակ։

Այս ամենն արդեն նմանվել է չինական անորակ ապրանքին, որն այնպես է ողողել աշխարհը, որ մարդիկ մոռացել են արդեն, թե եղել են ժամանակներ, որ չինական ապրանքը հազվագյուտ էր ու բարձրորակ, դրանից այսօր պահպանվել է միայն չնաշխարհիկ բառը՝ որպես գեղեցիկի, կատարյալի, հրաշալիի հոմանիշ, որի ստեղծման աղբյուրն այսօր դժվար հասականալի է արդեն դարձել (մանավանդ մեր երկրում) ամենուրեք չինական աղբ տեսնող նոր սերնդին։

Ցավալի է, որ մեր սերունդը, նման հաջողությամբ, մի օր մոռանալու է իրապե՛ս բրիտանացի գիտնականների համաշխարհային գիտական ներդրումն ու առաջնորդվելու է «բրիտանացի գիտնակնները հայտնաբերել են» պարզունակությամբ։

 

Նարե Խուդոյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here