Թուրքիայի 20 հայկական դպրոցներում սովորում է 3000 աշակերտ. ի°նչ դժվարություններ կան

0
153

Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Գարո Փայլանը խոսել է թուրքական կառավարության կողմից ներկայացված «ժողովրդավարացման փաթեթի» բարեփոխումների մասին, որոնք  առնչվում են Թուքիայի ազգային փոքրամասնություններին:
Փայլանը թուրքական «Ռադիքալ» թերթին տված հարցազրույցում պատմական ակնարկ է կատարել՝ նշելով, որ 90 տարի առաջ փոքրամասնություններին կրթության ոլորտում տրված իրավունքները ավելի լայն հնարավորություններ էին ընձեռում, քան այժմյան օրենքները և նախատեսվող բարեփոխումները: Օսմանյան շրջանում հազարավոր դպրոցներ են եղել, որտեղ ուսումը եղել է առանց սոցիալական  խտրականության:

 Հանրապետական շրջանում արդեն հայկական դպրոցները,  համապատասխան իրավական կարգավիճակ, նյութական օգնություն չստանալով, համապատասխան ենթակառուցվածքներ  չունենալով հանդերձ, շարունակել են իրենց գործունեությունը:

Հարցազրույցի ժամանակ հայկական դպրոցի տնօրենը անդրադրձել է մայրենի լեզվով կրթությանը, ինչպես նաև դրա և մասնավոր դպրոցների տարբերությանը:

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայում մայրենի լեզվով դպրոցներ միշտ էլ եղել են, սակայն այժմ այնպես է ներկայացվում, կարծես թե, մայրենի լեզվով կրթությունը առաջին անգամ է մատուցվելու: Նա, որպես օրինակ հայտնել է, որ Օսմանյան շրջանում ազգային փոքրամասնություններին պատկանող 6500 դպրոց է եղել,  որտեղ  կրթությունը եղել է մայրենի լեզվով: Իսկ այժմ մայրենի լեզվով կրթություն ասելով՝ հիմնականում քրդերենով կրթությունն են հասկանում:
Ըստ Փայլանի՝  եթե մայրենի լեզվով կրթությունը փոխարինվի մասնավոր դպրոցներով, ապա հասարակությունը իր վրա ընկած պատասխանատվությունը հավուր պատշաճի չի կատարի: Քանի որ առանց այդ էլ  քիչ աշակերտներ ունեցող հունական, հայկական համայնքների համար մասնավոր հատվածը գումարներ չի հատկացնի և դպրոցներ չի բացի: Այդ իսկ պատճառով իրենք  տարիներ շարունակ պահանջել են, որ մայրենի լեզվով դասավանդող դպրոցներին իրավական կարգավիճակ տրվի: «Վախենում են, որ հունական, հայկական, հրեական դպրոցներին օգնություն ցուցաբերելու դեպքում, մյուս ժողովուրդներն էլ պահանջներ կներկայացնեն: Մեզ միշտ ասում են. «սպասե՛ք»: Քուրդ ժողովուրդը  տասնյակ տարիներ պայքարում է, գուցե մի տասը տարի էլ կարող է սպասել: Սակայն անբարենպաստ պայմաններում գտնվող համայնքների լեզուները (հայերեն, հունարեն, ասորերեն) առանց այդ էլ վերանում են: Սրանց համար անհապաղ միջոցառումներ պետք է ձեռնարկել: Այդ լեզուների կրողներն էլ են քչանում»,- ընդգծել է Փայլանը:

Նա խոսել է նաև հայկական դպրոցի  խնդիրների մասին. «Մեր խնդիրներից մեկն էլ դասագրքերի պակասությունն  է: Նորերը չենք կարողանում ստեղծել: Աշակերտները  հայերեն սովորում են 40 տարի առաջ տպագրված գրքերով, որոնց հնության պատճառով առանց այդ էլ առօրյա կյանքում քիչ օգտագործվող մայրենի լեզվի ուսուցանումը ընկալվում է ոչ կարևոր, երկրորդական: Այս տեսանկյունից հասարակական աջակցություն է անհրաժեշտ: Այս լեզուների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը պահպանելու համար լավ մասնագետներ պետք է պատրաստել:
Թվով 20 հայկական դպրոցներում սովորում է 3000 աշակերտ, այնինչ այդ թիվը կարող է լինել 6 հազար:
Աշակերտների քչության պատճառները երկուսն են.

1. Ազգության գաղտնի կոդը:

Այսինքն՝ հայկական դպրոցում սովորելու համար երեխայի ծնողները պարտադիր հայ պետք է լինեն և պետության գաղտնի գրանցամատյաններում գրանցված լինեն 2-րդ համարով, որն էլ հայերի ազգության գաղտնի կոդն է:
Փայլանը հայտնել է, որ այդ կոդավորումը վերացնելու նպատակով դատական գործ են բացել:

2. Թուրքիայի քաղաքացիությունը:
Միայն Թուրքիայի քաղաքացիները կարող են դպրոց ընդունվել: Սակայն Թուրքիայում կան Հայաստանից և Սիրիայից եկած բազմաթիվ աշակերտներ: Նրանք սովորում են հյուրի կարգավիճակով և  նրանց օրագիր չի տրվում: Անհրաժեշտ է այս արգելքը նույնպես վերացնել»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here