Խորենացու Անուան Պատմաբանասիրական Խմբակ

0
129

Forty years ago, in October 1973, a clandestine group calling itself “Khmpag” was established in Yerevan, Armenia by a handful of Diaspora students studying in the homeland. By 1980, when it had gained considerable prestige and experience within the student body, “Khmpag” created a front-line legal entity named after the “Father of Armenian Historians” Movses Khorenatsi. Keghart.com will reflect on “Khmpag”s history in the future. Editor

Մովսէս խորենացու անուան պատմաբանասիրական խմբակի անունից ողջունում ենք ձեզ, եւ մաղթում որ նորաստեղծ խմբակը զարգանալով, իր պարտականութիւնները լիովին կը կատարի, մշակութային աշխատանք տանելով հայրենիքում սովորող սփիւռքահայ ուսանողների շրջանում, մեր բոլորիս աջակցութեամբ:

Լինելով այն սերունդի ներկայացուցիչները, որոնք ծնուել  են հեռու հայրենի հողից եւ հայրենիք են եկել բարձրագոյն ուսում ստանալու, մենք անբաժան մասն ենք հայ ժողովրդի այն երիտասարդութեան, որը այսօր ամէն ճիգ անում է մեր ժողովրդի մի ստուար մասին հայ պահելու եւ մայրենի հողին մօտեցնելու, աշխարհի չորս ծագերում: Մեր սերունդը սփիւռքում ժառանգորդն է հակասութիւններով լի մի աւանդութեան: Մենք ծնունդ ենք այն օրերի, երբ եղբայրասպան կռիւներով էին յատկանշուում հայկական գաղթօճախների մի մասը, այլամերժութիւնն  ու նեղմտութիւնը եղել էին չափանիշ հասարակական գործունէութեան: Միաժամանակ լինելով ազգութեամբ հայ եւ օտար քաղաքացի, ենթարկւում ենք երկբեղկման:

Պարզ է որ այդ յեղձուցիչ ներքին մթնոլորտը, գաղթօճախները շրջապատող տեղական եւ միջազգային անցուդարձերը անդրադառնում են մեր վրայ, ստեղծելով յոռետեսութեան, ոչնչապաշտութեան, անիշխանութեան ձգտումներ: Զարգանում է մեր մէջ աշխարհաքաղաքացիութիւնը (քոզմոփոլիթիզմը):

Դիպուկ է ասուած վարդգէս համազասպեանի խօսքերը, որը ասել է սփիւռքահայութեան ներկայացուցիչների ժողովին ”… չի կարելի չնկատել այն տարաձայնութիւնները, խմորումները, որ առկայ են քաղաքական կուսակցութիւնների ներսում, այն խուլ, երբեմն բացայայտ պայքարը, որ յաճախ թաքթիքական ու ծրագրային հարցերում առաջանում են յատկապէս հին ու նոր սերունդների ներկայացուցիչների միջեւ:

«Բոլորովին նոր երեւոյթ է նաեւ այն, որ սփիւռքում ակտիւ գործունէութիւն են ծաւալել առանձին խմբեր, կազմակերպութիւններ…  որոշ տարածում են գտել նաեւ անարխիստական, արկածայնութեան տեսութիւնների, որոնք յաճախ նպաստաւոր հող են գտնում նոր ազգային զարթօնք ապրող երիտասարդութեան առանձին շրջաններում»: (”Հայրենիքի Ձայն” 28 Նոյ, 1980, թիւ 48 (800):

Բայց սփիւռքահայ երիտասարդութեան մի որոշ մասը  գիտակցելով այս բոլոր երեւոյթներին, պրպտուքների մէջ է ամէն տեղ: Մշակոյթային աշխատանքի շուրջ վերարժեւորումներ են կատարուում, համաձայնութիւնների գալով սրբագրուում են որոշ թերութիւններ:

Այսույանդերձ սփիւռքահայ երիտասարդութիւնը միայնակ այդ առաքելութիւնը չի կարող կատարել: Մեր զգացումնքներին հարազատ են հնչում Լոս Անճելոսի ”Լրաբեր” շաբաթաթերթի խմբագիր Լութֆի Թապաքեանի խօսքերը, որը նոյնպէս մասնացում էր սփիւռքահայ ներկայացուցիչների ժողովին, ”…Սփիւռքի երիտասարդութիւնը որոնումներու մէջ է, կ’ուզէ գտնել իր ինքնութիւնը, կ’ուզէ կառչիլ իր արմատներուն՝ ամուր կանգնելու, հպարտ կանգնելու համար: Եւ ան պատրաստ է զոհաբերութեան, պատրաստ է կրցածը ընելու յանուն սփիւռքի ինքնութեան պահպանման: Հայացքը յառած է հայրենիքին եւ հայրենիքը պէտք է իր ուշադրութիւնը սեւեռէ առաջին հերթին երիտասրդութեան վրայ, որը վաղուայ սփիւռքն է, վաղուայ սփիւռքի սիւնը: Եթէ այսօր  երիտասարդութիւնը չկարողանանք բերել դէպի հայութիւն, եթէ զինք չկարենանք հետաքրքրել մեզ յուզող հարցերով, ուրեմն վտանգուած է վաղուայ սփիւռքը…”: (”հայրենիքի Ձայն”, 17 Դեկտ- 1980, թիւ 51 (803):

Այստեղ մենք ուզում ենք անդրադառնալ աւելի այն աւանդութեանը, որը մեզ տուեց հայրենիքը, եւ որ ապագայում մեզ պիտի օգնի դիմագրաւելու շատ այլեւայլ հարցեր:

Այստեղ ամենից առաջ մենք բոլորս զգացինք որ պատկանում ենք ինչ որ մի ամբողջութեան դա իրականութիւն է՝ ոչ թէ զգացմունք, դա գործ է՝ ոչ թէ խօսք: Հայրենիքը իր զաւակներին տալիս է ուսում, որպէսզի նրանք ապագային աւելի կողմնորոշուած լինեն իրենց անհատական թէ հաւաքական կեանքում: Դրա լաւագոյն ապացոյցն էր Երեւանում ուսանած, այժմ սփիւռքում պատասխանատու հասարակական պաշտօնների վրայ եղող անձերի ներկայութիւնը՝ սփիւռքահայ ներկայացուցիչների ժողովին:

Հայրենիքում՝ զուտ գիտութիւնների կարգին մեզ տրուում են սոցիալական գիտութիւններ, որը մեր մէջ, զարգացնում է մտաւորականի անհարաժեշտ նկարագիրը: Հնարաւորութիւն է տրուում կազմակերպչական գործ վարելու, այդ մարզում փորձառութիւն ձեռք բերերլու:

Կապը ցոյց է տրուում ազգային եւ միջազգային յարաբերութիւններին, թէ ինչպէս կարելի է այս երկուքը համադրել հասարակական աշխատանքում:

Մեկտեղում է զանազան տեսակէտների եւ միջավայրի ազդեցութիւնները կրած սփիւռքահայ երիտասարդութեան, առիթ է ընծայում մեզ աւելի լաւ ճանաչելու միմեանց եւ աւելի միաւորուելու:

Այս բոլորի կողքին, տեսնելով մայր հայրենիքի իրականութիւնը, զինուած լինելով անհարժեշտ գիտելիքներով ու անմիջական կապով հայրենիքի հետ, աշխուժացնում է մեզ հետագայում գործօն մասնակցութիւն բերերլու ազգային-հասարակական գործունէութեան մէջ, ցուցաբերելով իրատես եւ լայնախոհ մօտեցում:

Հասարակական աշխատանքի առաջին քայլերը միշտ էլ սկսում են ուսանողական շրջանից: Ճիշդ այդ առիթից օգտուելով ահաւասիկ սկսում ենք աշխատանքի, որը համեստաբար ընդունում ենք որ վերջ չունի, որով շատ ու շատ հարցեր կան կանգնած մեր առաջ:

Նախ եւ առաջ ասենք թէ  ինչպէս ծագեց գաղափարը: Ուսանողների կողմից միշտ խօսակցութեան նիւթ էին լինում հասարակական կուռ աշխատանքի անհրաժեշտութիւնը, մանաւանդ մշակութային գետնի վրայ, որովհետեւ սփիւռքում տարուելիք հիմնական աշխատանքներից մէկը մշակոյթայինն է:

Տեսնում էինք թէ ինչպէս են գործում հայրենի բուհերում զանազան տեսակի մշակոյթային եւ գիտական խմբակներ, անկախ ուսանողների մասնագիտությունից: Ի հարկէ սա առաջացնում էր բարի նախանձ մեր մէջ, ունենալու մեր սեփական խմբակը, որը արտայայտեր մեր հասարակական մտահոգութիւններն ու դիմագիծը:

Այս տարուայ իրադարձութիւնները, Սովետական Հայաստանի 60-Ամեակի տօնակատարութիւնը, սփիւռքահայ ներկայացուցիչների ժողովը հայրենիքում, բարերար անդրադարձ ունեցան Երեւանում սովորող սփիւռքահայ ուսանողութեան վրայ, եւ համաժողովում արծարծուած հարցերը խթան հանդիսացան գործի ձեռնարկելու:

Աչքի առաջ ունենալով ՀՍՍՀ գիտութիւնների Ակադեմիայի մեծ դահլիճում մեր աւագ սերնդի այդ պատմական քայլը, մօտեցնելու սփիւռքի եւ հայրենիքի կարիքները, մի քանի սփիւռքահայ ուսանողներով որոշեցինք սկսել Մովսէս Խորենացու անուան պատմա-բանասիրական խմբակը, եւ կարծէք բարեբաստիկ զուգադիպուեամբ մեր առաջին միջոցառումը անցկացնում ենք նոյն յարկի տակ՝ կրտսեր սերունդի մեր գործն ալ ցոյց տալու, սկսելու մի նոր ու գեղեցիկ աւանդութիւն:

Ընտրելով մեր պատմահօր՝ Մովսէս Խորենացու անունը, մեր խոր սէրն ու հետաքրքրութիւնն ենք արտայատտում մեր պատմութեան ու մշակոյթի նկատմամբ: Ծրագրում ենք ապագայում ներկայացնել զեկուցումներ, անդրադառնալով մեր մշակոյթի հետ առնչուող զանազան հարցերին, գրականութիւն, ճարտարապետութիւն, երաժշտութիւն, փիլիսոփայութիւն, եւայլն: Առիթ ենք ընծայելու քննարկումների եւ զրոյցների միջոցով բովանդակալից դարձնել մեր մէջ արտայայտուելու եւ լսելու ունակութիւնները, մերձեցում ստեղծելու տարբեր երկրներից եկած ուսանողներին միջեւ:

Շռնդալից խոստումներ չենք տալիս: Գործելու ենք ուսանողական շրջանում հնարաւորին սահմաններում, համապատասխան մեր հայրենիքի պատասախանատուների խորհուրդներին, որպէսզի երբ ամէն մէկս վերադառնանք սփիւռք, անվարան ասենք սփիւռքահայ ներկայացուցիչներից մէկի, Փարիզամերձ Իսի լէ Մուլինօ քաղաքի փոխ-քաղաքապետ Մարտիրոս Քարակոզեանի նման. ”Երբ հայրենիք եկայ, շարքային զինուոր մըն էի, բայց մայր հողի վրայ զօրավար դառնալու չափ ուժ ամբարեցի”: (”Հայրենիքի Ձայն”, 17 Դեկտ, 1980 թ., թիւ 51 (803):

* Այս ծանուցողական յայտարարութիւնը կարդացուեցաւ խմբակի առաջին միջոցառման սկիզբը 24 Դեկտ. 1980-ին, Երեւան, ՀՍՍՀ գիտութիւնների Ակադեմիայի Գրադարանի դահլիճում:
 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here