Մեկ ավազակ, կաշառակեր դատախազն այսօր արժե 40 համեստ ապրող, վաստակաշատ գիտնական

0
132

 

Մի հայտնի հումորային պատմություն կա. տատն առավորտայն իր 8 թոռնիկներին նախաճաշ է տալիս՝ ամեն մեկին մեկ ձու։ Թոռնիկներն ասում են՝ տատի, բա ախր քեզ չհասով, տատը, թե՝ տատին ուտի՝ չոռ ուտի, ամեն մեկդ իր ձվի կեսը որ տա, տատիին լրիվ հերիք է։

Դե, հաշվապահական շատ մեծ ընդունակություններ պետք չեն՝ հաշվելու, որ արդյունքում թոռներին հասնում է կես–ական ձու, իսկ «քչապահանջ ու քչակեր» տատիկին՝ 4 ձու։

Հիմա մեր կառավարությունը թոշակների բարձրացման հարցում լրիվ էդ «միամիտ» տատի օրն է ընկել՝ այս անգամ կատարելով ավելի «արդարացի» բաշխում։ Քանի որ Հայաստանում կան, ինչպես ՀՀ վարչապետն է ասում՝ «մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի», և կան, օրինակ՝ գիտնական թոշակառուներ՝ 30 հազար դրամ ստացող, հետևաբար, ցածր ստացողների թոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ միլիոն և ավելի ստացողներինը՝ ընդամենը 3 տոկոսով։

Հիմա, տատիկի ձվերի նման, հաշվենք արդյունքը. 30 000 դրամ թոշակ ստացող գիտնականը այսուհետև ստանալու է 34 500 դրամ, իսկ մեկ միլիոն ստացող թոշակառուն՝ «ընդամենը» 1 միլիոն 30 հազար դրամ։

Այսինքն՝ կառավարությունը, իրեն միամիտ տատիկի տեղ դրած, ավելի և ավելի է խորացնում անջրպետը հասարակության շերտերի միջև։ Պատգամավորների, դատավոր–դատախազների, նազիր–վեզիրների ու նմանատիպ «լավ տղերքի» թոշակն աճելու է 30 հազարով, իսկ գիտնականինը, որ այսօր, ամոթալիորեն, ամենաաղքատ խավն է երկրի, 4.500 դրամով։

Ի՞նչ խոսք. մեկ ավազակ, կաշառակեր դատախազն այսօր արժե 40 համեստ ապրող, վաստակաշատ գիտնական։ Սա հիշեցնում է հայտնի հեքիաթը, միայն թե տեղերը կտրուկ փոխված են, ավելի ճիշտ՝ գլխիվայր շուռ եկած. ստացվում է ոչ թե «Ալի–Բաբան և 40 ավազակները», այլ «Մեկ ավազակ և 40 գիտնական»։

Մեր՝ տխուր ու լավի ոչ մի հույս չներշնչող երկրում, ինչպես արժույթի կուրսը, աշխատող և լուսավոր ապագա կերտող մարդու՝ գիտնականի «կուրսը» գնալով ավելի ու ավելի է ընկնում, փոխարենը բարձրանում է տգետի, ավազակի, կաշառակերի, «գողականի» ու ագահի «կուրսը»։

Մեր երկրում (և ո՛չ միայն մեր երկրում) մարդուն հարգում են՝ ելնելով նրա ունեցած գումարի քանակից…

Ես էլ եմ պատրաստ հարգել նման մարդուն՝ բայց ելնելով այն բանից, թե ինչպես կտնօրինի նա այդ գումարը. մասնագիտությամբ քիմիկոս, հսկայական կարողության տեր Ալֆրեդ Նոբելի հայտնի կտակում արված հանձնարարության համաձայն` մահվանից հետո նրա ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվեց գումարային արժեքի, զետեղվեց հուսալի բանկում և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվում են՝ մարդկությանը մեծ օգուտ տված գիտնականների կամ գործիչների միջև:

Մի քիչ դժվար է իհարկե զուգահեռներ տանելը, քանի որ Ալֆրեդ Նոբելի կուտակածն արդա՛ր ճանապարհով էր, իսկ մեր հարուստների դիզածի ստեղծման ակունքը մութ է, բայց՝ ոչինչ. կարևորը, որ, բոլոր դեպքերում, դա հասարակությա՛նն է՝ նրանի՛ց թալանածը։ Ուզում եմ ասել, որ նման մարդիկ դեռ կարող են իրենց դեմքը փրկել՝ եղածին տալով օգտակար ուղղվածություն, և ոչ թե իրենց դնեն միամիտ–ազնիվի տեղ, մարդկանց էլ, կրկին ու կրկին, հիմարի տեղ և կրկնեն տատիկի ու ձվերի պատմությունը։

 

Նարե Խուդոյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here