Թուրք լրագրող. «Ծիծեռնակաբերդում կրակն անմար է, իսկ մեխակները` միշտ թարմ»

0
110

Երևանում գտնուող թուրք լրագրող, «Թարաֆ» թերթի յօդուածագիր Օզլեմ Էրթանը, իր «Ցեղասպանութեան Յուշարձանում կնոջ թախծոտ ձայնը» վերնագրով յօդուածում կիսւում է Ծիծեռնակաբերդից  և Հայոց Ցեղասպանութեան թանգարանից ստացած իր տպաւորութիւններով:
Ստորև ներկայացնում ենք թուրք լրագրողի յօդուածը` որոշակի կրճատումներով.

«Յուշարձան բարձրանալիս օդի ջերմաստիճանը գնալով իջնում է: Մրսելով`վերարկուիս կոճակները կոճկում եմ: Կամ Երևանի կեդրոնի և Ցեղասպանութեան յուշարձանի գտնուելու վայրի միջև ջերմաստիճանային տարբերութիւն կայ, կամ ես եմ այդպէս զգում:
Ցեղասպանութեան յուշարձանին հասնելու պէս կանացի մի ձայն է լսւում, թախծոտ հայկական մեղեդի .Տլէ եաման է երգում կինը: Գեղեցիկ և զգացմունքային ձայնը ծիծեռնակի պէս թևածում է օդում…

Ցաւօտ անցեալի վկայութիւնները

Ցեղասպանութեան թանգարանը 98 տարի առաջուան մղձաւանջը արտացոլող հայելու է նման: 1915 թուականին տեղի ունեցածի մասին պատմող լուսանկարների, փաստաթուղթերի կողքով անհնար է պարզապէս թանգարան այցելող մի զբօսաշրջիկի նման հանգիստ անցնել: Յուզւում ես, տխրում. լուսանկարների մարդկանց դէմքերին նայելիս սիրտդ ցաւում է:

Առաջին բաժնում արևմտեան` այսինքն Անատոլիայի հայերի մինչև 1915 թուականը ապրած կեանքի մասին է պատմւում: Հին թերթեր, մարդահամարի տուեալներ, եւրոպացի զբօսաշրջիկների` Արևմտեան հայերի առօրեայի մասին նոթեր և այլ մանրամասներ:Թանգարանի գլխաւոր սրահը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեանը:

Մահուան երթ

Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր համարուող Ապրիլի 24-ին, 235 հայ մտաւորականներ ձերբակալուել են ու ուղարկուել  մի ճանապարհորդութեան, որը մահով պէտք է աւարտեր: Թանգարանում նրանց նկարներն եմ նայում: Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Կոմիտաս և այլոք: Անատոլիայի հայ հասարակութեան ինտելեկտուալները, որոնք մի քանի օրում բնաջնջուեցին:

 Ցաւի դաջուածքները

Դիտում ենք ռմբակոծուած հայկական եկեղեցիների լուսանկարները: Այդ ժամանակաշրջանում  երկու հազարից աւել եկեղեցի է ոչնչացուել: Ոչ միայն մարդիկ, այլ նաև նրանց հետքերն են ջնջուել:
Այստեղ դաջուած կանանց նկարներն էլ կան: Ընտանքիներին կորցրած, բռնութեամբ մահմետականացած, թուրքացած, քրդացած հայ կանայք : Թանգարանի վերջին բաժնում նրանց նկարներն են: Բոլորի ճակատներին նոյն դաջուածքն է: Իրենց ապրած ցաւի, ամօթի խորհրդանիշը հանդիսացող դաջուածքներով պատմութեան մի մութ կէտում կանգնած մեզ են նայում:

Անատոլիայի 12 վիլայէթները եւ անմար կրակը

«Թանգարանից դուրս գալով քայլում ենք դեպի ցեղասպանութեան յուշարձան: Տլէ եամանը դեռ հնչում է: Անատոլիայի հայերի ապրած 12 վիլայէթները խորհրդանշող քարէ սիւների ներսում անմար կրակն է վառւում:  Կրակն անմար է, իսկ ցեղասպանութեան զոհերի յիշատակին դրուող մեխակները` միշտ թարմ…»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here