Իսլամացուած հայ կնոջ ողբերգական պատմութիւնը

0
125

Թուրքիայում տեղի է ունեցել մուսուլամանցուած հայերի մասին կոնֆերանս, որտեղ, ի թիւս այլ հարցերի, ներկայացուել են նաև հայ կանանց պատմութիւնները: 

Այդ պատմութիւններից մէկն էլ, որը կոնֆերանսի ժամանակ պատմել է մտաւորական Նեւին Եըլտըզ Թեհինջիօղլուն, տեղ է գտել թրքական «Թարաֆ» թերթում:

Սառան, ով  ապրում էր Շանլըուրֆայում (Եդեսիա), ստիպուած է եղել ամուսնանալ իր ծնողներին սպաննած թուրք Այըփ աղայի հետ, ով համիտիէ գնդերի գլուխն անցած յարձակում էր հայկական գիւղերի, բնակավայրերի վրայ:

15-ամեայ Սառայի գիւղի վրայ  էլ յարձակւում են և տղամարդկանց հաւաքում, տանում:  Դէպքից մէկ ամիս անց , երբ Սառան ձորում  լուացք էր անում, շան բերանում  մարդու ձեռք է տեսնում, որի ժամացոյցից կռահում է, որ դա իր հօրեղբօր ձեռքն է: Շան հետևից գնում է մինչև այսօր էլ «հայկական քարանձաւ» կոչուող վայրը և այնտեղ իրենց գիւղի տղամարդկանց մասնատուած մարմիններն է գտնում:

Ողջ մնացածները որոշում են  հեռանալ գիւղից, սակայն Այըփ աղան բռնում է նրանց և, օրեր շարունակ պահելով ինչ-որ պահեստում, սովի մատնում: Այըփ աղան, ով արդէն երկու կին ունէր, սիրահարւում է  Սառային և պահանջում է, որ իր հետ ամուսնանայ: Երբ Սառան չի համաձայնում, Այըփը սպաննում է նրա մօրը, Սառան նորից չի ընդունում նրա առաջարկը, որից յետոյ աղան սպաննում է նաև աղջկայ հօրը: Իսկ երբ Այըփը ուզում էր Սառայի եղբօրը սպաննելը, աղջիկը համաձայնում է երկու  պայմանով՝ նախ եղբօրը չպիտի սպաննեն և երկրորդ՝ իր անունը, որը հայրն էր նրան տուել, չպիտի փոխուէր:

Այըփ աղան համաձայնում է, սակայն մէկ տարի անց Սառայի եղբայրը մահանում է կասկածելի հանգամանքներում: Իսկ Այըփ աղան սկսում է սարսափելի ճնշումների ենթարկել Սառային: Այըփը եաթաղանով, որով հարիւրաւոր հայերի էր սպաննել, Սառայի մարմնի վրա խաչեր էր գծում, բռնաբարում:  Սառան ունենում է 15 երեխայ,, որոնք բոլորն էլ մահանում են: Երեխաներին թունաւորելով սպաննել էր կամ Սառան, կամ էլ նրա մրցակիցը: 

Սառայի մահն էլ շատ ողբերգական էր: Երբ նա գերեզմանոց էր գնում, նրա բարեկամները, որոնք չէին հաւատում, որ Սառան մահմետական է, յարձակում են նրա վրայ, թե եթէ դու էլ մուսուլման ես, ապա նամազ արա: Սառան համաձայնելով մտնում է նամազ անելու, որից անմիջապէս յետոյ ուղեղի կաթուած է ստանում և մահանում:

Սառայի պատմութիւնը աւարտելուց յետոյ  մտաւորականը  յայտնել է, որ այս պատմութեան մէջ «վատերը»՝ Այըփ աղան էլ, այս պատմութիւնը իրեն պատմողներն էլ  իր բարեկամներին են եղել:

«Սխալ է, որ տուժածները գան և ասեն. «Մենք տուժել ենք»: Յանցագործները, երբ ասեն, մենք մարդասպան ենք, այդ ժամանակ անցեալի վէրքերը կը բուժուեն», – ասել է Նեւին Եըլդըզ Թեհինջիօղլուն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here