Սպո՞րտ, թե՞ գիտություն. ո՞րն է իրապես ավելի կարևոր

0
165

Ինչու՞ է մարդկությունն այդքան շատ ժամանակ և այդքան մեծ գումարներ հատկացնում սպորտին, երբ իրականում այն միայն շոու է, պարզապես ժամանցի ձև՝ զանգվածների համար: Սա ստիպեց ինձ մտածել այս երկուսի մասին բավական երկար: Այն հսկայական միջոցները, որոնք ծախսվում են սպորտի վրա, իրականում բացարձակապես անիմաստ են: Սպորտը դարձել է մի հրեշ, որի հսկողությունը դուրս է մեր ուժերից։ Ի հակադրություն սրան, օրինակ, գիտահետազոտական կենտրոնները պայքարո՛վ են ձեռք բերում այն խիստ անհրաժեշտ փոքրիկ գումարները, որոնք այդքան դժկամությամբ հատկացվում են կառավարության կողմից:

Հարց է առաջանում՝ իրո՞ք սպորտային աստղերն արժանի են վարձատրվելու շատ անգամ ավելի բարձր, քան գիտական «աստղերը»՝ գիտնականները: Գիտնականը չէ՞, որ աշխատում է՝ ի շահ մարդկության, և թերևս ի շահ մեր կյանքի բարելավման: Ես կարծում եմ, որ, մեղմ ասած՝ հավաստի չէ այն «փաստը», թե մարմինը մարզելն ու սնուցելը ավելի օգտակար է, քան հոգին և ուղեղը:

Ժամանակի ընթացքում ես սկսեցի դիտարկել սպորտն ա՛յլ տեսանկյունից: Սպորտային շատ գերաստղերի ամբարտավանությունը և կիսաաստվածային կարգավիճակը հաճախ անցնում է բոլոր սահմանները: Որտե՞ղ են այդ սպորտային գերաստղերն, օրինակ, այն ժամանակ, երբ երկրում տնտեսական ճգնաժամ է կամ որտե՞ղ կլինեն նրանք ապագայում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրները լուծելու ժամանակ:

Ասում են, թե սպորտը նպաստում է լայն զանգվածների առողջական վիճակի բարելավմանը: Խիստ կասկածելի է… (խոսքը ֆիզկուլտուրայի մասին չէ, որի ֆինանսավորումը զարգացող երկրներում գտնվում է նույն վիճակում, ինչ որ գիտությանը): Իրավիճակն այս առումով հիշեցնում է հայտնի գրքի հայտնի կարգախոսը` Тщательно пережевывая пищу, ты помогаешь обществу: (Ի դեպ, այս արտահայտության միտքն իրականում օգտակար է` …նիհարել ցանկացողների համար: 🙂

Ապագան մեզ չի ների, եթե, ուշադրությունը բևեռելով սպորտին, անտեսենք գիտությունը: Հետազոտության շատ կարևոր ճյուղեր ներառում են մարդկության ապագա տեխնոլոգիաները (այդ թվում և սպորտի բնագավառում կիրառվող տեխնոլոգիաները), ձեռքբերումները և այլն: Այնինչ, հաճախ գիտությանը հատկացվող միջոցները շատ ավելի քիչ են, քան սպորտին հատկացվողները (հատկապես զարգացող երկրներում):

Վիճակն այսօր շատ ցավալի է: Պարզ է` այսպես շարունակելը լավ բանի չի հանգեցնի: Մի՞թե սպորտում երկրորդ, երրորդ և երբեմն էլ առաջին տեղ զբաղեցրած մեր մարզիկներն առավելություն ունեն երիտասարդ գիտնականների հանդեպ, ում այսօր քիչ են հիշում և անդրադառնում, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հայրենիք են վերադառնում բազմաթիվ նվաճումներով: Նրանց չի՞ կարելի խրախուսել։

Որքա՞ն պետք է շարունակենք խաբել ինքներս մեզ սպորտի ու նրա մասնակիցների կարևորության վերաբերյալ: Սպորտը պարզապես ժամանց է, զվարճանք և ուրիշ ոչինչ: Ծիծաղելի է, երբ տեսնում եմ, թե ինչքան լրջորեն են մարդիկ դրան վերաբերում, որքան շատերն են ապրում դրանով և ինչ իրավիճակների մեջ են նրանք երբեմն ընկնում սպորտի պատճառով։

Եվ, չնայած այս ամենին, չնայած նրան, որ ակնհայտ է սպորտի և գիտության կարևորության տարբերությունը, ես ինքս էլ մեծ հաճույք եմ ստանում սպորտից` խելագարվում եմ սպորտի համար: Ինչևէ… գնամ հեռուստացույցը միացնեմ. այսօվա խաղի շուրջ իրարանցումը մեծ է:

Լուսինե Իշխանյան

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here