Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Ավագ շաբաթվա ուղերձը

0
130

Ստորև ներկայացնում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Ավագ շաբաթվա ուղերձը․

Սիրելի հավատավոր ժողովուրդ.

Մեծ պահքի աղոթական, հոգեշահ և խոկումնալի օրերն են, ինքնաքննության, զղջումի, ապաշխարության օրեր` հոգեպես նորոգվելու և մեր կյանքում զորացնելու միմյանց հանդեպ սերը, բարեպաշտությունն ու պատվիրանապահությունը:

Տերունապատվեր եղբայրասիրության, համերաշխության, միմյանց զորակցության ազնիվ մղումն ու բարի ձգտումը հզոր և կենսական ուժ են, որ պիտի օգնեն մեզ դիմագրավել մեր կյանքի դժվարությունները, անսասան պահել ազատ ու խաղաղ մեր հայրենիքի հիմերը: Աստծո պատվիրանների իրագործումով է, որ անձնական և ազգային մեր կյանքում լայնորեն պիտի բացվեն Աստծո ողորմության և օրհնության դռները :

Մուտք ենք գործում Ավագ շաբաթ: Եկեղեցական արարողությունների խորհրդով, մեր մտորումներով ու ապրումներով մասնակից ենք դառնում մեր Տիրոջ երկրային կյանքի վերջին օրերի իրադարձություններին, մեր Փրկչի կրած չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը, նաև` սքանչելագործ հարությանը, որով շնորհվեց մարդկությանը հարուցյալ կյանք երկրի վրա և հավիտենական կյանք՝ երկնային արքայության մեջ:

Սիրելի հավատավոր զավակներ ի Հայրենիս և ի Սփյուռս, Ավագ շաբաթվա հոգեշեն խորհուրդը հրավեր դարձնենք դեպի Աստված մեր ընթացքի զորացման՝ վանենք մեզանից ամեն անարժան գործ, խոսք ու մտածում, որպեսզի մաքրամաքուր սրտով, հուսառատ ու խնդագին հոգով ընդունենք կենարար ավետիսը մեր Տիրոջ Հարության: Ջանանք, որ մեր իրականության մեջ ամենուր դրսևորվի քրիստոնեական ոգին, արժևորվեն հոգու ազնվությունն ու նվիրումը, արդարամտությունը, կարեկցանքն ու գութը, որոնք մերձեցնում են մեզ Աստծուն: Աղոթենք միմյանց համար, մեր միասնական աղոթքը բարձրացնենք Սիրիայի ժողովրդի, Քեսաբի և համայն սիրիահայության համար և աջակցություն բերենք, որպեսզի ծայրահեղական զինյալների կողմից տեղահանված Քեսաբի մեր եղբայրներն ու քույրերը դիմակայեն դժվարություններին և Տիրոջ կամքով ապահով վերադառնան իրենց բնակավայրերը ու շարունակեն ապրել խաղաղությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ, Մեր սրտից բխած ամենաջերմ, բարի մաղթանքներով հայցում ենք, որ մեր Փրկչի Սուրբ Հարության շնորհները իջնեն մեր կյանքին և աստվածային օրհնությամբ զորացած՝ միշտ մնանք հավատարիմ զավակները Աստծո, հարազատ զավակները մեր ազգի և մեր Սուրբ Եկեղեցու: Թող երկնապարգև խաղաղությունը հաստատվի աշխարհի բոլոր կողմերում, անսասան մնա մեր անկախացյալ հայրենիքում, աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի՝ այսօր և միշտ. ամեն:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here