Կնքվեց համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության միջև

0
108

 

 Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարության, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միության, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր:

Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ արդյունավետ համագործակցությունը և նշեց, որ այս հուշագիրը երկրորդն է կողմերի միջև: Նախորդ 5 տարիների ընթացքում նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել սփյուռքի նախարարության ծրագրերին: Այժմ համագործակցության շրջանակն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել: Հրանուշ Հակոբյանը  նշեց, որ կատարելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությունը՝ ակտիվացնել համագործակցությունը համահայկական կառույցների հետ, սփյուռքի նախարարությունն այսօր ավելի բարձր մակարդակի է բարձրացնում համագործակցությունը համահայկական ամենախոշոր կառույցներից մեկի հետ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ևս շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը արդյունավետ համագործակցության համար:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք  գործակցությանն աջակցումը, հայ ազգային ինքնության պահպանումն ու ամրապնդումը Սփյուռքում, ուծացման կանխարգելումը, ինչպես նաև հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ հուշագրով կողմերը նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել մշակութային, գիտակրթական ոլորտներում, համայնքների զարգացման, Սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում հայկական կրթական ծրագրեր կիրականացվեն Սփյուռքի հայկական ազգային կրթական կառույցներում, մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցներում, մշակութային և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում: Նախատեսվում է Սփյուռքի հայկական դպրոցներին ապահովել ուսումնական և ուսումնաօժանդակ գրականությամբ, իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր, Սփյուռքի մտավոր ներուժի բացահայտման նպատակով ՀՀ ԳԱԱ-ի, ստեղծագործական, մասնագիտական միությունների հետ համատեղ կազմակերպել մասնագիտական համաժողովներ, կլոր սեղաններ, հավաք-հանդիպումներ:

Համայնքային կառույցներին աջակցելու նպատակով մշակվելու և իրականացվելու են համատեղ ծրագրեր՝ ուղղված հայկական համայնքների ինքնակազմակերպման ու կայացման հիմնախնդիրների լուծմանը, միջհամայնքային համագործակցության ամրապնդմանը:

Կողմերը վերահաստատում են պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության իրականացման գործում:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here