Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 3 գրքերի շնորհանդեսը

0
131

 Ապրիլի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով հրատարակված 3 գրքերի շնորհանդեսը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց ԵՊՀ և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների հետ համատեղ իրականացրած աշխատանքները: «Այսօր հասարակության դատին ներկայացնելով  երեք կարևոր հետազոտություն՝ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին մենք փորձում ենք փաստերով իմի բերել և ամբողջացնել այն ամենը, ինչ  տեղի է ունեցել 19-րդ դարի վերջից սկսած և շարունակվել 20-րդ դարասկզբին, որպես հետևանք՝ դեռ շարունակվում է ունենում բնօրրանից տեղահանված և օտար ափերում հանգրվանած մեր հայրենակիցների հետ»:

Ներկայացնելով հետազոտությունները՝ տիկին Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցող ՀՀ ԳԱԱ բոլոր ինստիտուտներին, ԵՊՀ-ին և այլ կառույցներին: Նա մասնավորապես ասաց. «Ձեր հետազոտությունները դառնում են ուղեցույց մեզ համար, որպեսզի առավել ճշգրիտ և գիտականորեն փաստարկված ճանաչենք Սփյուռքի առանձնահատկությունները: Իսկ սպառիչ ծանոթությունը մեծացնում է վստահությունը, առաջ են գալիս Հայրենիք-Սփյուռք  գործակցյության նոր եզրեր»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հետ համատեղ հրատարակված «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուի մեջ ամփոփված են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հիմնական միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք վերաբերում են «Ցեղասպանություն» հասկացությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, խնդրին առնչվող միջազգային դատական ատյանների որոշումներին: Փաստաթղթերի մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում հայերեն լեզվով:

ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վ. Քոչարյանը ներկայացրեց հետազոտությունը և շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը նման աշխատանք իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ԳԱԱ թղթակից անդամ Գագիկ Ղազինյանը նշեց, որ այս հետազոտությունը պետք է հիմք և սկիզբ դառնա Հայոց Ցեղասպանության հարցը միջազգային ատյաններում հիմնավորված և անհերքելի ապացույցներով ներկայացնելու գործում:

ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը ներկայացրեց 2013թ. Մայրենիի օրվան նվիրված «Արդի լեզվաքաղաքականության խնդիրները»  վերնագրով գիտաժողովի նյութերի ժողովածուն:

Գիրքը նվիրված է արդի լեզվաքաղաքականության խնդիրներին և առկա մարտահրավերներին: Արձանագրվում է այն փաստը, որ մայրենի լեզուն իր գրական երկու ճյուղերով, ինչպես նաև խոսակցական ու բարբառային դրսևորումներով մշտապես պետական ու հասարակական հոգածության, արդյունավետ ու համակարգված լեզվաքաղաքականության կարիք ունի և ենթակա է գիտական շարունակական հետազոտության:

Պարոն Կատվալյանը նշեց, որ ժողովածուի մեջ տեղ են գտել արևմտահայերենի վտանգված լինելու վերաբերյալ նյութեր: Լեզվի ինստիտուտի տնօրենը հավելեց. «Վաղուց ժամանակն է, որ պետականորեն կազմակերպվի և իրականացվի արևմտահայերենի կանոնարկման հիմնարար գործը: Անհրաժեշտ է ստեղծել արևմտահայերենի բառարաններ, կազմակերպել արևմտահայերեն լեզվի ուսուցման արդյունավետ դասընթացներ»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Մայրենիի և առանձնապես արևմտահայերենի պահպանման խնդիրը իր գործունեության  ուշադրության կենտրոնում մշտապես պահելու համար՝ պարոն Կատվալյանը հավաստիացրեց, որ լեզվաքաղաքականության հիմնախնդիրները քննարկելուն ուղղված գիտաժողովները և դրանց արդյունքում հրատարակված նյութերի ժողովածուները մեծապես օգնում են վերոնշյալ խնդիրների կառուցողական վերհանմանն ու լուծմանը:

ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանն արժևորեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ կազմում արևմտահայերենի բաժին ստեղծելու փաստը. «Այս բաժինը յուրահատուկ բարձրագույն խորհուրդ է արևմտահայերենի համար»:

«Միգրացիան և հայկական նոր սփյուռքը» էթնոսոցիոլոգիական հետազոտությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ  Ռ. Կարապետյանը:

    Մենագրությունը նվիրված է բնակչության միգրացիային և դրա արդյունքում ձևավորված որակապես նոր հայկական սփյուռքում էթնիկ գոյատևմանը: Այդ խնդրի պարզաբանման համար ներգրավվել են Հայաստանի Հանրապետության 5 քաղաքներում և 25 գյուղերում անցկացված տևական էթնոսոցիոլոգիական հետազոտությունների նյութերը: Դա թույլ է տվել հետևել ՀՀ բնակչության տեղաշարժերի դինամիկային՝ ըստ կոնկրետ տեսակների, ինչը հնարավորություն է տալիս արտացոլել նոր հայկական սփյուռքի ձևավորման բնութագիրը և բացահայտել Հայաստանում և սփյուռքում բնակվող էթնոսի երկու հատվածի փոխադարձ կապերի ինտենսիվությունը, դրա զարգացման ուղիները ու որակական բնույթը:

Աշխատությունների վերաբերյալ կարծիքներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության խորհրդի նախագահ Վ. Հովհաննիսյանը, ՀՊՄՀ-ի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ. Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Մ. Գալստյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.  Ռ. Օհանջանյանը:

Եզրափակելով միջոցառումը ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Բոլոր աշխատանքներում էլ առկա է գիտական բարձր մակարդակը: Ամենակարևորն այն է, որ բոլոր վերլուծությունները և եզրահանգումները կիրառելի դառնան հետագա աշխատանքների մեջ»:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here