Նախագահ Սարգսեան Կը Վերլուծէ Հայ-Թրքական Յարաբերութեանց Ներկայ Վիճակը

0
110

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման գործընթացը հայկական կողմն սկսել է ազնիւ մղումներով, որպէսզի տարածաշրջանում համագործակցութիւնն ու անվտանգութիւնը բարձրացուի նոր մակարդակի»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան այս յայտարարութիւնը կատարած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մէջ կայացած խորհրդակցութենէն ետք՝ պատասխանելով խորհրդակցութեան մասնակիցի մը հարցումին, որ կը վերաբերէր Հայ-թրքական յայտնի արձանագրութիւններուն: «Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղեակ էք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ աւելի ճիշդ՝ հրապարակայնացրել ենք ազնիւ մղումներով, որպէսզի տարածաշրջանում համագործակցութիւնն ու անվտանգութիւնը բարձրացնենք նոր մակարդակի, եւ եթէ որեւէ մէկին թւում է կամ այն ժամանակ թւում էր, որ մենք դրա դժուարութիւնները չէինք գիտակցում, ապա նա խորապէս սխալւում է: Մենք շատ լաւ գիտակցում էինք, թէ ում հետ գործ ունէինք եւ ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետեւ դժուար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց իւրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետեւ նաեւ փաստաթղթի որոշակի կէտեր, բայց այսօրուայ դրութեամբ կարող ենք փաստել հետեւեալը, որ հէնց այդ պատճառով գործընթացը մտաւ փակուղի եւ այսօր սառեցուած է», նշած է նախագահը։
Այնուհանդերձ, անոր համաձայն՝ պէտք է արձանագրել արդիւնքները եւ, առաջին հերթին, ըսել, թէ գործընթացի սառեցումը եւս կանխատեսելի էր: «Որեւէ մէկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կը հասնենք խնդրի լուծման վերջնակէտին: Պէտք է գրանցենք, որ բոլոր դէպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապէս համոզուեցին, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բացակայութեան պատճառը հայկական կողմը չէ: Ինչո՞ւ է սա կարեւոր, որովհետեւ նոյնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թէ իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզուով ենք փորձում խօսել Թուրքիայի հետ, եւ այդ յարաբերութիւնների բացակայութեան մէջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որեւէ մէկը չի կասկածում», ըսած է Սերժ Սարգսեան:
Ըստ անոր՝ Հայաստան հիմը դրաւ շատ կարեւոր նոր մշակոյթի. շատ կարեւոր եւ բարդ խնդիրները լայն քննարկումներու նիւթ սկսան դառնալու եւ պետութիւնը անգամ մը եւս ցոյց տուաւ, որ պատրաստ է հասարակութեան հետ, հայրենակիցներուն հետ քննարկելու ամէնէն բարդ եւ դժուար խնդիրները: «Յիշո՞ւմ էք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիւը քիչ չէր, մեզ խստօրէն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրութիւններն առնուազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կը հասցնի շատ երկար ժամանակահատուածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում ե՛ւ ձեզ, ե՛ւ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղուած այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացեալ Նահանգների սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի՝ Ցեղասպանութեանը վերաբերող բանաձեւի դէմ պայքարելուն: Գիտէ՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթէ մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին եւ այն, ըստ ոմանց, պէտք է կասեցուէր, ապա ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ այսօր: Եւ երկրորդ՝ կա՞յ արդեօք մէկը, ով այսօր առանց աչքերը գետնին յառելու կը պնդի, որ այդ արձանագրութիւնները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ որ այդ արձանագրութիւններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղեակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ պաշտպանութեան բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թէ լարուածութեան ինչպիսի աստիճան կայ առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանաւորուած. եթէ բանակցային գործընթացում իրենց դիրքերը լաւ են, եւ իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչո՞ւ են լարուածութիւնն աւելացնում: Եւ ինչո՞ւ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարուածութիւնն առաջին գծում այդքան բարձրացաւ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ յաջողութիւն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են ե՛ւ մեզ, ե՛ւ միջազգային հանրութեանն ասել, որ, միեւնոյնն է, մենք ուզում ենք, որպէսզի խնդիրն այսպէս լուծուի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնյայտ է, որ մենք հիմա շահեկան դրութեան մէջ ենք:
Կայ եւս մի շատ կարեւոր փաստարկ: Եթէ շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, աւելի ճիշդ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնյայտօրէն Թուրքիայի շահերից են բխում, այդ դէպքում ինչո՞ւ մինչեւ հիմա թուրքերը չեն վաւերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շահը՞: Թէ՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալուել են, այս անգամ հայերին ներենք: Ակնյայտ է՝ եթէ այդ փաստաթուղթը բխէր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջեւ կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որեւէ մէկի կարծիքի, եւ այդ փաստաթղթերը հանգիստ կը վաւերացնէին: Եւ եթէ այդ փաստաթղթերը բխէին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարուածութիւն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կեանքում», ընդգծած է Հայաստանի նախագահը։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here