Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար

0
144

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

– Պարոն Նավասարդյան, ապրիլի 23-24-ը Պրահայում կկայանա «Արևելյան գործընկերության» հերթական միջոցառումը, որը նույնիսկ շատերն անվանում էին գագաթնաժողով: Օրակարգն արդեն հայտնի է, ի՞նչ հարցեր են ընդգրկված, և Հայաստանն ինչպե՞ս և ի՞նչ կազմով է ներկայանալու միջոցառմանը:

– Պրահայում կայանալիք միջոցառումը նվիրված է 2009թ. Պրահայի գագաթնաժողովի 5-րդ տարեդարձին և անցկացվում է Պրահայի ղեկավարության նախաձեռնությամբ: Այնտեղ ներկա են լինելու և զեկուցելու են ԱլԳ երկրների նախագահները, ԱԳ նախարարներն ու այլ պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ  ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Մասնավորապես Հայաստանից, ըստ ծրագրի, ելույթ են ունենալու  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տնտեսական համագործակցությանը նվիրված նիստում և  ես՝ այն նիստում, որտեղ խոսվելու է  քաղաքացիական հասարակության դերի մասին ԱլԳ-ում:

– Վիլնյուսյան գագաթնաժողովից  հետո ի՞նչ նոր ասելիք ունեք Պրահայում  հայաստանյան քաղաքացիական հասարակության մասին: «Եվրոպական ալյանսի» անհրաժեշտության մասին խոսակցություններ կային, դա որքանո՞վ հաջողվեց և որքանո՞վ հաջողվեց այս ընթացքում հասնել արևմտամետ թևի համախմբմանը:

– Տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, որոնց օրակարգում հետևյալ հարցն է՝ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել այնպիսի բևեռ ու դաշինք, որը կողմ կարտահայտվի կամ կհիմնավորի իր մոտեցումներն այն մասին, որ Հայաստանը պետք է շարունակի ակտիվորեն մասնակցել եվրաինտեգրացիոն  գործընթացներին: Այդ նախապատրաստական աշխատանքներն եմ պատրաստվում  ընդհանուր գծերով ներկայացնել, և այդ գործընթացում նաև քաղաքացիական հասարակության դերի մասին պետք է նշվի իմ ելույթում:

– Ուկրաինական զարգացումներից հետո, երբ ԱլԳ-ն ևս վերանայման փուլում է,  ի՞նչ է ակնկալում Եվրոպան Հայաստանից, և մեր քաղաքացիական հատվածը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայի հետ, ի՞նչ կարող  է ակնկալել Եվրոպայից:

– Վերջին ամիսների ընթացքում  ԵՄ պաշտոնյաները հիմնականում արտահայտում են մեկ կարծիք, որ Հայաստանն առաջին հերթին պետք է  կողմնորոշվի,  թե ինչ մակարդակով զարգացնի իր հարաբերությունները ԵՄ հետ: Հայաստանի կողմից առայժմ հստակ ազդակներ չկան, ընդհանուր գծերով մեր պաշտոնյաները պնդում են, որ շարունակում են շահագրգռված լինել ԵՄ հետ համագործակցությամբ, բայց ձևաչափերն ու բովանդակությունն առայժմ վերջնական չեն և շատ առումներով կախված են նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ունի այդ հարցում Ռուսաստանը: Բայց դա չի նշանակում, թե Հայաստանում տարբեր քաղաքացիական ու քաղաքական կառույցներ չէին ցանկանա վերադառնալ ավելի սերտ  համագործակցության, այնպիսի համագործակցության, որը որպես վերջնական արդյունք  կբերի Հայաստանի եվրաինտեգրացիային:

Քաղաքացիական հասարակությունը երևի այն շերտերից է մեր հասարակության, որն առավել շահագրգռված է դրանում, քանի որ հենց եվրաինտեգրումն է հնարավորություն տալիս իրականացնել իրականում ժողովրդավարական բարեփոխումներ երկրում, արդյունավետ կառավարման և արդյունավետ տնտեսության զարգացման համար ուղիներ բացել: Ինչպես կընթանան զարգացումները, այս պահին դժվար է կռահել, քանի որ դա կախված կլինի  նրանից, թե որքանով  Եվրասիական ինտեգրացիայի մոդելը կներգրավի Հայաստանին, և երկրորդը` գիտենք, որ այս ամիսներին` համարյա մինչև 2014թ. ավարտը ԵՄ-ում ձևավորելու է նոր կազմով կառույցներ և Եվրոպական խորհրդարանը, և Եվրոպական հանձնաժողովը, և շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի դիրքորոշում այդ նոր կազմերը կունենան ԱլԳ-ի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ-ի մասնակցությանը այդ ինտեգրացիոն գործընթացներին, ինչպիսի առաջարկ և ինչպիսի քաջալերող ուղերձներ կստանա Հայաստանը Բրյուսելից:

Համադրելով այն հնարավորությունները, որոնք կարող են մնալ ՀՀ-ի որոշմանը Եվրասիական մոդելի զարգացման պայմաններում և այն հնարավորությունը, որ կարող է մեզ առաջարկել նաև ԵՄ-ն, այդ երկու գործոնների համադրումով հնարավոր կլինի տեսնել արդեն ավելի հստակ այս տարվա վերջում ԵՄ-ՀՀ հարաբարերությունների մակարդակը:

– Նշեցիք, որ հստակ ուղերձ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ն չի ստացել, իսկ ի՞նչ ուղերձ է ստացել  հայաստանյան քաղաքացիական հատվածի կողմից: Չե՞ք կարծում, որ արագ համախմբումն ու բևեռի ձևավորումը կարող էր լինել այդ մեսիջը: Այս հարցում Դուք  խնդիր տեսնո՞ւմ եք:

– Ես վաղուց եմ տեսնում այդ խնդիրը և բազմիցս հայտարարել եմ, որ բնական վիճակ չէ, երբ  Հայաստանում կան և  կառույցներ, և անհատներ, որոնց համար անկասկած եվրոպական ուղին նախընտրելի է, բայց տեղի չի ունենում բևեռի ձևավորում, տեղի չի ունենում այդ ուժերի համախմբման գործընթաց: Իմ կարծիքով՝ դա բավականին բարդ գործընթաց է, և դժվար էր ակնկալել, որ այն պայմաններում, այն քաղաքական դաշտի պայմաններում, որը կա Հայաստանում, դա արագ տեղի կունենա: Ես ամեն դեպքում հույսեր պահպանում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մի բան կստացվի: Քաղաքացիական հասարակության, հասարակական-քաղաքական մակարդակով այդ մեսիջը բավական չէ, որպեսզի պաշտոնական մակարդակով լուրջ  ազդեցություն ունենա գործընթացների վրա, բայց դա գոնե ինչ-որ ազդակ կլինի ԵՄ մեր գործընկերների համար, որ այնպես չէ, թե Հայաստանում միանշանակ է ընկալվում Եվրասիական ինտեգրացիոն մոդելի ընտրությունը, և Հայաստանում կան ուժեր, որոնք ամեն դեպքում գտնում են, որ նախընտրելի է Եվրոպական ինտեգրացիայի ուղին:

– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, որ հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել: Ի՞նչ խնդիր կա, ըստ Ձեզ, որ պաշտոնական մակարդակում թաքցվում է:

– Իմ համոզմամբ` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն այլևս արդիական չէ նույնիսկ Ռուսաստանի համար: Ռուսաստանի համար Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը պարզապես անհրաժեշտ էր, որպեսզի  կասեցվի ԱՀ-ի նախաստորագրման գործընթացը, և այդ խնդիրը լուծված է: Բայց արդիական է մնում` Եվրասիական միություն ձևավորելը, որպես ռուսական կայսրության մի նոր տեսակ: Սա է պատճառը, որ այսօր կամաց-կամաց սկսում են ավելի շատ խոսել ոչ թե Հայաստանի Մաքսային միության  միանալու մասին, այլ Եվրասիական միությանը միանալու մասին, այսինքն՝ այդ կայսրության մաս կազմելու մասին: Ինձ թվում է, որ ընդհանրապես Մաքսային միության արդիականությունը կորում է, որովհետև այն շատ ավելի ցածր ինտեգրացիոն մոդել է, քան Եվրասիական միությունը, և այլևս  հետաքրքիր չէ Ռուսաստանին: ՌԴ-ն ձգտում է ավելի խոր ինտեգրացիայի, ավելի խոր կապվածության և հսկողության իրեն շրջապատող երկրների նկատմամբ՝ այսինքն՝ ԽՍՀՄ մի մասը գնում է նոր կայսրության մասը դառնալու ճանապարհով: Այսինքն՝ ՄՄ-ին միանալու հայտարարությունն ու ՄՄ-ն ընդհանրապես իր գործառույթն իրականացրել է:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here