Ի՞նչ տեսք կունենա Կառավարության կազմը. հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում

0
120

Կառավարության կազմում հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում: NEWS.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել հնարավոր նշանակումների մասին: Այսպես, թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հրաժարվել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկից (այդ մասին հայտարարել է նրա գրասենյակի ղեկավարը), այնուհանդերձ քննարկվում է նրա թեկնածությունը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կամ նրան՝ տարածքային կառավարման նախարար նշանակելու հարցը: Դժվար է ասել՝ պատգամավորը կցանկանա գնալ այս պաշտոններից որեւէ մեկին, թե ոչ, բայց նրա ցանկությունից մի շարք այլ մարդկանց «ճակատագրեր» են կախված:

Խնդիրն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում քննարկվում է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի թեկնածության հարցը, իսկ թե որը նրան բաժին կհասնի, կախված է Կարեն Կարապետյանի ընտրությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի անունը եւս շրջանառվում է ՏԿՆ նախարարի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ:

NEWS.am-ին հասած տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հնարավոր է նշանակվի Ֆինանսների նախարար, այդ պաշտոնը զբաղեցնող Դավիթ Սարգսյանի պաշտոնանկության մասին վաղուց է խոսվում, նա հրաժարականի դիմում ներկայացրած վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերից է, ինչպես նաեւ նրա սանիկը:

Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուն ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն է: Քաղաքաշինության նախարարի պաշտոնին նշանակվելու է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ, այժմ ՀՀ Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Իսկ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին հնարավոր է փոխարինի ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ իրենց պաշտոններին հրաժեշտ տվողների հավանական ցուցակում են նաեւ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Առայժմ հեռացողների մեջ չի քննարկվում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի , Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անունները: Մեր տեղեկություններով՝ ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո կուսակցությունից դուրս գալու դիմում գրած գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտոնավարել՝ հաշվի առնելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ «Արտֆուդ» ընկերությունում ունեցած բիզնես շահերը:

Անորոշ է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի հարցը, ինչպես նաեւԿրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանին հնարավոր փոխարինողի անունը:

Հիշեցնենք, որ նախագահը նշանակել է մի շարք նախարարների, Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարարինը՝ Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակներինը՝ Արմեն Երիցյանը, Տրանսպորտի եւ կապի նախարարինը՝ Գագիկ Բեգլարյանը, Մշակույթի նախարարինը՝ Հասմիկ Պողոսյանը, առայժմ միակ փոփոխությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում էր, որտեղ Վահրամ Ավանեսյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:

Փոխվել է նաեւ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, այդ պաշտոնը զբաղեցնող Վաչե Գաբրիելյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ Կառավարության աշխատակազմ ղեկավար-նախարար է նշանակվել ԱԺ արդեն նախկին պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here