2008-ի ճեղքը փակվում է

0
143

Հայտնելով իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի` սահմանադրական բարեփոխումների առաջարկությունների հանդեպ, Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, որոշակի ակնարկներ չարեց առկա կառավարման համակարգը վերստին ստանձնելու մտադրությունների վերաբերյալ, միևնույն ժամանակ, սակայն, կարծես թե բացահայտորեն ակնարկելով, որ չի ընդունում հեռանալու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը: Քոչարյանն ակնարկում է, որ իրենց մեջ այդպիսի պայմանավորվածություններ չեն եղել:

Այսինքն` միասին հեռանալու առաջարկը, որ հնչեցրել էր Սերժ Սարգսյանը «նույն գործչի երկրի ղեկը երկու ժամկետից ավելի ստանձնելու» անթույլատրելիության մասին, ըստ էության հանդիսանում է նոր, հընթացս ձևավորված առաջարկ, որն էլ Քոչարյանը չի ընդունում: Սա առնվազն նշանակում է, որ նա կամ անուղղակիորեն հայտնում է վերստին երկրի ղեկը ստանձնելու մտադրություն ունենալու մասին, կամ էլ պարզապես այդ հանգամանքը դիտարկում է քաղաքական ազդեցությունը պահպանելու հնարավորություն, քանի որ այդ հարցը, այսպես ասած, բաց պահելով` Քոչարյանը շարունակում է մնալ ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունեցող և հանրային ընկալումների մեջ լուրջ դերակատարում պահպանող գործիչ:

Միևնույն ժամանակ, իհարկե, այս իրավիճակում առաջանում են մի շարք հարցեր, առնվազն տեսական հարթության վրա, քանի դեռ այդ հարցերի հրապարակային հստակ պատասխանները բացակայում են, և հանրությունը ստիպված է դատել կամ արտահոսքերի, կամ ոչ պաշտոնական տեղեկատվությունների, կամ ենթադրությունների հիման վրա:

Այսպիսով, ի՞նչ դեր ունի Ռոբերտ Քոչարյանը ներկայումս ընդհանրապես, ի՞նչ ազդեցություն ունի նա ոչ իշխանական կուսակցությունների քառյակի վրա, այդ քառյակի առանձին կուսակցությունների վրա, այդ կուսակցությունների առանձին թևերի կամ հատվածների վրա, առանձին գործիչների վրա: Ի՞նչ ազդեցություն ունի Քոչարյանը ՀՀԿ-ի տարբեր թևերի վրա, առանձին անհատների վրա: Ընդհանրապես` ո՞րն է քաղաքական կյանքում Քոչարյանի ազդեցության ռեսուրսը՝ փո՞ղը, այն կապիտալի տեսքով, որ նա տնօրինում է իր և ընտանիքի բիզնես-ներկայացվածության արդյունքում, հեղինակությո՞ւնը, որ նա ունի այս կամ այն շրջանակում Հայաստանի իշխանական և մերձիշխանական համակարգում, ինչպես նաև արտերկրի որևէ շրջանակում, քաղաքական գաղափարներն ու ծրագրե՞րը, որ նա ներկայացնում է հասարակությանը: Ո՞րն է Քոչարյանի ներքաղաքական գործոն լինելու առանցքային ռեսուրսը:

Թե որն է նրա գլխավոր խոչընդոտը, պարզից պարզ է՝ Մարտի 1-ը, որը, իհարկե, չափազանց լուրջ արգելք է Քոչարյանի համար: Միևնույն ժամանակ, այդ արգելքն, իհարկե, առանցքային է այն դեպքում, երբ Քոչարյանն ինքն է մտնում անմիջական խաղի մեջ հենց իր թեկնածությամբ, իր ֆիգուրով: Եթե նա այդ բանն անում է միջնորդավորված՝ այլ ուժի և գործչի անվան ներքո, որոնց հետ դե յուրե որևէ առնչություն չի ունենում, ապա այստեղ պետք է արձանագրել, որ Մարտի 1-ի արգելքի մի կրիտիկական մաս հաղթահարված է, և սա առաջին հերթին շնորհիվ, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի, որոնք ներգրավված են խորհրդարանական քառյակի ձևաչափում:

Եվ այստեղ է, որ էական է դառնում այն, թե քառյակի վրա ընդհանրապես, առանձին կուսակցությունների և թևերի վրա մասնավորապես ի՞նչ ազդեցություն ունի երկրորդ նախագահը և արդյոք այստեղ նա միանշանակ նույնականացվո՞ւմ է քառյակի հետ, թե՞ այնուհանդերձ նրա ազդեցությունը մասնակի է:

Այս հարցերին հրապարակավ պատասխաններ տալը չափազանց դժվար է, որովհետև մի կողմից ակնհայտ է երկրորդ նախագահի գործոնն այդ ամենում, մյուս կողմից, սակայն, բացակայում են, այսպես ասած, պաշտոնական հայտարարությունները միմյանց հետ առնչություն ունենալու մասին: Արդյունքն այն է, որ բոլորը խաղում են անկաշկանդ` բացի հասարակությունից: Եվ արդեն ըստ էության տեխնիկական հարցի է վերածվում այն, թե քանի խաղացող են ինքնուրույն, այսինքն` քանի բևեռից է կազմված խաղը՝ երկու, երեք, չորս, միգուցե ավելի շատ:

Երբ խաղից դուրս է մնացած հասարակությունը, այսինքն` հանրությանը ընդամենը մնացել է հարցը, թե արդյո՞ք սա իսկապես ներքաղաքական պայքար է, թե՞ պարզապես պայքարի իմիտացիա, որի շնորհիվ համակարգը գոյություն է պահպանում, ապա ըստ էության մնացյալ հարցերն արդեն այնքան էլ կարևոր չեն:

Փաստը կարծեք թե այն է, որ Հայաստանի ներքաղաքական կյանք կոչվածը շարունակում է մնալ երեք նախագահների տիրույթում, կախված լինել նրանց հայտարարություններից, հարցազրույցներից, նրանց լարած ինտրիգներից, միմյանց պատասխաններից և այդ արանքում տեղի ունեցող տեղատվություններից և մակընթացություններից: Պայքարելով ներքաղաքական նոր ստատուս քվոյի համար` արդեն երկու տասնամյակ իշխող համակարգը, փաստորեն, ըստ էության որպես նվազագույն կայուն արդյունք ապահովում է գործող ստատուս քվոյի պահպանությունը և անվտանգությունը: Առավելագույն արդյունք խաղը ունի, առավելագույն արդյունք ունեն արդեն առանձին խաղացողները, որը կարտահայտվի արդեն այդ ստատուս քվոյում իշխանության լծակներին տիրապետելու տեսքով:

Համակարգին ըստ էության հաջողվել է ամենակարևորը, որը հարվածի տակ էր հայտնվել 2008 թվականին՝ ներքաղաքական գործընթացը բերել, վերադարձնել 2006-07 թվականներին գծված համակարգային շրջանակ, դուրս մղել այդ շրջանակից հասարակությունը որպես թելադրող և ինքնուրույն խաղացող գործոն, ապահովել սխեմա՝ երբ նույն համակարգը ձևավորում է և իշխանություն, և ընդդիմություն:

Մնացյալ վեճերը՝ սահմանադրական բարեփոխումների, տարբեր այլ բարեփոխումների շուրջ, ըստ էության հանդիսանում են մարտավարական վեճեր, որոնք հանգուցալուծվում են այնպիսի կոմպրոմիսների արդյունքում, ինչպիսին տեղի ունեցավ ի դեմս նոր վարչապետի նշանակման:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here