Բարաք Օբաման կրկին չի ասել «ցեղասպանություն» բառը հայերին ուղղված ուղերձում

0
127

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել հայերին՝ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ: Նա կրկին չի հիշատակել «ցեղասպանություն» բառն իր ուղերձում:

«Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը (Meds Yeghern) եւ հարգում հիշտակը նրանց, ովքեր զոհվեցին 20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկի ժամանակ: Մենք հիշում ենք սարսափը, թե ինչ տեղի ունեցավ 99 տարի առաջ, երբ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին, եւ մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորսված կյանքերի ու հոգեկան տառապանքների համար»,- ասվում է հայտարարության մեջ: 

Նա նկատել է, թե այդ օրը իր հետ միասին սգում են միլիոնավոր մարդիկ Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում: Նա նաեւ հիշեցրել է իրենց հավատարմության մասին՝ ապահովելու, որ «մարդկության պատմության նման մութ գլուխներն այլեւս երբեք չկրկնվեն»:

«Ես բազմիցս ներկայացրել եմ իմ տեսակետը 1915 թվականին տեղի ունեցածի մասին, եւ իմ դիրքորոշումը չի փոխվել: Փաստերի լիակատար, թափանցիկ եւ արդար ընդունումը բխում է մեր բոլորի շահերից: Ժողովուրդներն ու ազգերը ամրանում եւ ավելի արդար ու հանդուրժող ապագայի հիմքեր են դնում՝ ճանաչելով եւ ի գիտություն ընդունելով անցյալի ցավոտ տարրերը: Մենք շարունակում ենք սերտել այդ դասը Միացյալ Նահանգներում, քանի որ ձգտում ենք հաշտվել մեր սեփական պատմության ամենամռայլ պահերի հետ: Մենք ճանաչում եւ բարձր ենք գնահատում խիզախ հայերի եւ թորքերի աճող թիվը, որոնք արդեն կանգնել են այդ ճանապարհին, աջակցում ենք նրանց ավելին անելու՝ իրենց կառավարությունների եւ անձամբ իմ աջակցությամբ: Մենք հպարտությամբ ենք հիշում ամերիկացիների նվիրատվություններով ֆինանսավորվող Սիրիայի եւ Հայաստանի օգնության ամերիկյան կոմիտեի ձեռնարկած ջանքերը, որոնք փրկեցին տեղահանված անթիվ հայերի եւ խոցելի փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, թե իրեն ոգեւորում է ահռելի դժբախտության ու տառապանքի դեմ հայ ժողովրդի արտառոց խիզախությունն ու տոկունությունը: «Ես ողջունում եմ այն ահռելի ավանդը, որ ամերիկահայերը ներդրել են ամերիկյան հասարակության, մշակույթի եւ տնտեսության մեջ:Այսօր մենք ողջ աշխարհի հայերի կողքին հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները, հարգում զոհվածների հիշատակը եւ հաստատում մեր անփոփոխ հավատարմությունը Հայաստանի ժողովրին եւ այն սկզբունքին, թե նման գազանությունները պետք է հիշել՝ հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար»,- ասել է Օբաման:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here