Թուրքիայում քչերը գիտեն, որ իրենց հայրենիքում ժամանակին հայեր են ապրել. թուրք լրագրող

0
132

Թուրքիայի վարչապետի ուղերձը կարևոր էր, բայց այն լիարժեք չէր, քանի որ նա չխոսեց Ցեղասպանության մասին, միայն ասաց` առաջին համաշխարհային պատերազմի զոհեր: Այս մասին այսօր NEWS.am-ին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու եկած թուրք պատմաբան Բյուզանդ Բիլմազը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 23-ի ուղերձին։

«Մենք չենք կարող այդ երկուսը` հայերի հետ տեղի ունեցածն ու համաշխարհային պատերազմը հավասարեցնել, քանի որ խոսքը գնում է ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործության մասին: Թուրքիայում Ցեղասպանությունն ընդունող մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է, չնայած դեռ շատ քչերն են ընդունում: Մենք բազմաթիվ կոնֆերանսներ, ցուցադրություններ ենք կազմակերպում` հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու համար»,- ասաց պատմաբանը՝ նշելով, որ վերջին տարիների Ստամբուլի կենտրոնական հրապարակում քաղաքացիական հասարակությունը հավաքվում է իր ցավակցությունը հայտնելու եւ կատարվածի համար ներողություն խնդրելու համար, սակայն այս տարի, նրա խոսքով, նրանց միացել են նաեւ արտասահմանից եկած  որոշ կազմակերպություններ։

Թուրք պատմաբանը տեղեկացրեց, որ օրեր առաջ է եկել Հայաստան` Արեւմտահայոց ազգային համագումարին մասնակցելու հրավերով: Պատմաբանի հետ Հայաստան ժամանած լրագրող Ադնան Գենչը, որն այսօր նույնպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել , NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ որքան էլ վարչապետն իր ուղերձում չի ասել Ցեղասպանություն բառը, նրա ուղերձը կարևոր է, քանի որ առաջին անգամ «ցավակցություն է հայտնել անցյալի վերաբերյալ»: Նա նշեց, որ Թուրքիայում շատ քիչ մարդիկ գիտեն, որ իրենց հայրենիքում ժամանակին հայեր են ապրել:

«Շատ մեծ գործ է ընկնում մեզ վրա, քանի որ մենք պետք է բացատրենք 100-ամյակի խորհուրդը, պատմական իրականությունը: Ու թեև Թուրքիան շարունակում է իր հարյուրամյա ժխտողական քաղաքականությունը, որոշ կուսակուցթյուններ, ոչ կառավարական կազմակերպություններ աշխատանքներ են կատարում՝ Ցեղասպանության վերաբերյալ հասարակության գիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ»,- նշեց լրագրողը:

Նա Ցեղասպանությունը ճանաչելու կոչ հղեց Թուրքիային և ողջ աշխարհին` ասելով, որ Թուրքիան պատասխանատու է իր անցյալի համար և Ցեղասպանությունը պետք է ճանաչի հանուն իր երկրի զարգացման, ժողովրդավարացման։Միևնույն ժամանակ, նա վստահաբար ասաց, որ իր կարծիքով, Թուրքիան մոտ ապագայում դժվար թե ճանաչի Ցեղասպանությունը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here