Թուրքիան պարզապես ցանկանում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ համագործակցում է հայկական սփյուռքի հետ. Արա Գոչունյան

0
118

Թուրքիան գիտակցում է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Հայաստանը կարեւոր հայտարարություններ է անելու, դրա համար է Թուրքիան նախատեսում է քաղաքացիություն տալ 1915-ին փրկված հայերի ժառանգներին, սակայն սրա մեջ վտանգ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:

«Մոտենում է 2015թ.-ը, եւ Թուրքիան համոզված է, որ հայկական կողմը միավորվելու է միասնական պայքարի համար, դրա պատճառով են այժմ այսպիսի հայտարարություններ անում քաղաքացիության տալու վերաբերյալ: Հայ-թուրքական հարաբերություններով զբաղվող մարդիկ գիտեն, որ սա նոր չէ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Թուրքիան այն երկրներից չէ, որ հեշտ քաղաքացիություն է շնորհում, բացի դրանից նրանք հաստատ նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գա»,- ասաց նա:

Գոչունյանի կարծիքով՝ Թուրքիան այս քայլն անում է միջազգային հանրության համար:

«Անկարայի հրապարակումներից պարզ է դառնում, որ նրանք հայ-թուրքական հարաբերությունները դիտարկում են մի քանի հարթությունում: Դրանցից մեկն էլ հասարակական հարթությունն է, որը վերաբերվում է սփյուռքին: Հենց այս շրջագծի մեջ է, որ ցանկանում են քաղաքացիություն շնորհել մեր այն հայրենակիցներին, ովքեր Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են: Հայաստանի անկախացումից հետո Թուրքիան աշխատում էր Հայաստանի հետ, սակայն հայ-թուրքական արձանագրոթյուններից հետո ուշադրությունը սեւեռեց սփյուռքի վրա: Թուրքիան շատ լավ հետեւում է հայկական սփյուռքի տեսակավորմանը, փորձում է շփվել հայկական սփյուռքի հետ, որ հետո միջազգային հանրությանն ասի, որ համագործակցում ենք եւ պատրաստ ենք նրանց քաղաքացիություն շնորհել»,- նշեց նա:

Հայկական թերթի խմբագիրը համոզված է, որ այս հայտարարություններից հետո Հայաստանն ու սփյուռքը պետք է միավորված գործեն եւ 2015թ.-ին ցույց տան իրենց միասնականությունը:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին, թուրքական Hurriyet-ը գրել է, որ թուրքական իշխանությունների օրակարգում է 1915-ին տեղահանված հայերի ժառանգներին տալ Թուրքիայի քաղաքացիություն։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայերին ուղղված ուղերձից հետո աշխատում է նոր քայլի ուղղությամբ։ Այն դեռ հունվարին ներկայացվել է Թուրքիայի ԱԳՆ-ին:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here