Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իսպանիայում ու Ռուսաստանում

0
118

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկել է ապրիլի 22-ին Մադրիդում:

«Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը եւ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ եւ ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող  համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգեւորականներ: Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը,  «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը,  Իսպանիայում ՀՀ   գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որն իր խոսքում վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին եւ համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն եւ կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի եւ մարդկության դեմ գործած հանցանքը: Միջոցառման ավարտին ցուցադրվեց BBC գործակալության նկարահանած  «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներեն լեզվով:

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգեւոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր եւ ցույցեր տեղի ունեցան Բարսելոնա, Վալենսիա եւ Ալիկանտե քաղաքներում:

Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների եւ ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր:

Ծաղկեպսակների եւ ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here