Ջահերով երթ Թբիլիսիում

0
134

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացավ ջահերով երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվեց Վակե այգու մոտ եւ ավարտվեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ: Այդ մասին հայտնում է «Վրաստանի Հայ Համայնք»-ի մամուլի ծառայությունը:

Երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «Ճանաչում-Դատապարտում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսները, ինչպես նաեւ երգում էին հայրենասիրական երգեր: Ջահերով երթի ավարտին այն երկրի դեսպանատան առջեւ, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ ցեզասպանություն, եւ պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արեւմտյան Հայաստանի բռնագրավումը, կայացավ բողոքի ցույց: Թուրքիայի դեսպանատան առջեւ անցկացված ցույցի ժամանակ ավելի քան հարյուր մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ եւ պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջեւ եւ միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:

«Այսօր այստեղ հավաքվել են 100-ից ավելի երիտասարդներ, որոնք ոչ միայն գիտեն եւ հիշում են 99 տարի առաջ կատարված ցեղասպանության մասին, բայց եւ պատրաստ են ամեն օրյա պայքար մղել հանուն արդարադատության վերականգնման: Այստեղ հավաքվել է Թբիլիսահայության  հույսը: Հենց դուք պետք է շարունակեք պայքարը, որն անպայման ավարտվելու է մեր հաղթանակով: 99 տարի առաջ Պոլսում թուրք պետությունը գլխատեց մեր ժողովրդին: Անցել է 99 տարի, եւ մեր ժողովուրդը նորից ծնեց վերնախավի մի ամբողջ սերունդներ: Մեր ազգը, որը վերապրեց այն, ինչ չէր վերապրի մեկ ուրիշը, ոչ միայն գոյատեւեց, այլեւ կարողացավ հավաքել իր ուժերը եւ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հերոսների արյամբ վերականգնել իր անկախությունը Արեւելյան Հայաստանի փոքր հատվածի վրա: 1915-23թթ. Ցեղասպանությունը հանդուրժած, 1.500.000 միլիոն որդիներ ու դուստրեր կորցրած ժողովուրդը ծնել է հերոսների սերունդ, որն ազատագրել է Արցախը: Մեր ազգը հերոսների ազգ է: Եվ այսօր, երբ նայում եմ ձեզ, ես պատկերացնում եմ, որ վաղ թե ուշ Դուք եւ Ձեր երեխաները կհասնեք արդարության, կհասնեք հանցագործի դատապարտմանը եւ հատուցմանը: Պայքարի դրոշը, որը կրում էին մեր նախնիները, այսօր ձեր ձեռքերում է, եւ միմիայն ձեզնից է կախված կհասցնե՞նք արդյոք մենք այդ դրոշը մինչ Արարատ, թե՞ ոչ» ,-դիմելով հավաքվածներին՝ հայտարարեց «Վրաստանի  Հայ  Համայնքի» նախագահ Սամվել Մկրտչյանը:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի Երիտասարդական եւ Ուսանողական Միությունների կազմակերպած ջահերով երթին նաեւ միացան «Թբիլիսահայերի Վեհաժողովի» ներկայացուցիչները, ինչպես նաեւ քահանա տեր Մանուկ Զեյնալյանը:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here