ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 99-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹՈՎ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

0
119

Հայաստանի հանրապետութեան  նախագահ Սերժ Սարգսեան ուղերձ մը  յղեց Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցին առիթով:

Ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք խնկարկում ենք Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի յիշատակը: Մէկուկէս միլիոն հայորդիներ զոհ դարձան մի այնպիսի յանցագործութեան, որն այն ժամանակ դեռ անուն չունէր: Մարդկային որեւէ լեզու դեռ չէր յօրինել նման արտայայտութիւն կամ բառեզր: Նրանք զոհուեցին պարզապէս նրա համար, որ հայ էին: Նախօրօք եւ մանրամասնօրէն ծրագրուած ոճրագործութիւնն ունէր յստակ նպատակ. բնաջնջելով ժողովրդին` տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցուածքին եւ հազարամեակների ժառանգութեանը: Այսպիսով իրականացւում էր հայութեանը, որպէս քաղաքական գործօն, պատմութեան թատերաբեմից ընդմիշտ վերացնելու հրէշաւոր նախագիծը:   Այսօր, գրեթէ հարիւր տարուայ հեռաւորութիւնից դիտելիս, ակնյայտ է, որ մենք` որպէս ազգ, պատրաստ չենք եղել դիմակայելու նման հարուածի` ո՛չ հոգեբանօրէն, ո՛չ կազմակերպուելու առումով: Հայ ժողովրդի բոլոր հատուածները եւ բոլոր սերունդները շարունակում են մինչեւ այսօր իրենց ճակատագրի վրայ զգալ այն հարուածի հետեւանքները, որ մեզ հասցրեց Մեծ եղեռնը: Սա փաստ է: Բայց նաեւ փաստ է այն, որ մենք ստեղծել ենք մեր պետութիւնը եւ այսօր, ի տարբերութիւն անցեալի, ե՛ւ հոգեբանօրէն, ե՛ւ կազմակերպականօրէն պատրաստ ենք դիմակայելու նման աղէտների` մանաւանդ հայրենի հողի վրայ: Աշխարհում հայի համար չի կարող լինել աւելի ապահով տեղ, քան սեփական պետութեան հովանու ներքոյ:   Սիրելի՛ հայրենակիցնէր,   Ապրիլի 24-ը միայն խորհրդանշական տարեթիւ է. բոլորի համար էլ պարզ է, որ հայերի ցեղասպանութիւնը մէկ օրում չի սկսուել եւ մէկ օրում չի աւարտուել: Աւելին` այն չի կարելի աւարտուած համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդը շարունակում է ժխտել ակնյայտ փաստը: Մենք համոզուած ենք, որ յանցագործութեան ժխտումը յանցագործութեան ուղղակի շարունակութիւնն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման յանցագործութիւնների կրկնութիւնը:   Այսօր մենք Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու եւ պատմութեան խարանը մի կողմ դնելու հնարաւորութիւն կարող է լինել Թուրքիայի համար, եթէ, ի հարկէ, հարեւան երկրում կարողանան ուժ գտնել եւ ազատել իրենց պետութեան ապագան այս ծանր բեռից: Միաժամանակ հրապարակայնօրէն վերահաստատում եմ. մենք Թուրքիայի հասարակութեանը չենք դիտում որպէս թշնամի: Գլուխ խոնարհելով անմեղ զոհերի յիշատակի առջեւ` մենք յիշում ենք բոլոր այն թուրք անհատներին, թուրք ընտանիքներին, ովքեր այդ ծանր օրերին ձեռք մեկնեցին բարբարոսների կողմից ոչնչացուող իրենց հայ հարեւաններին, ընկերներին, խուժանի ճիրաններից ազատեցին բազմաթիւ հայ մանուկների: Փառք նրանց յիշատակին, ովքեր, անգամ իրենց եւ իրենց ընտանիքների կեանքը վտանգելով, փրկութեան ձեռք մեկնեցին մեր բազմաթիւ հայրենակիցներին: Ցանկացած հանրութիւն, նաեւ` թուրքերը, պէտք է հպարտանայ իր այն նախնիներով, որոնք կեանքեր են փրկել եւ ձեռնոց նետել ցեղասպանութեանը: Մենք յիշում ենք սա:   Մենք երախտագիտութեամբ ենք լցուած նաեւ այն երկրների ու ժողովուրդների հանդէպ, որոնք ապաստան տուեցին ցեղասպանութիւնից մազապուրծ մեր հայրենակիցներին: Հայ ժողովուրդը դա միշտ է յիշելու, իսկ մեր քոյրերն ու եղբայրները տասնամեակներ շարունակ պատասխանել ու պատասխանում են իրենց մեկնած ձեռքին` դառնալով այդ հիւրընկալ երկրների նուիրուած քաղաքացիներ:   Այսօր Սիրիայի հայութեան համար շարունակւում է փորձութեան շրջանը, որը մեր բաց վէրքն է ու մեր ամենօրեայ առաջնային մտահոգութիւնը: Եւ մեր բոլոր քայլերն ու գործողութիւնները Սիրիայի ժողովրդին ու սիրիահայ մեր հայրենակիցներին բաղձալի խաղաղութիւնը վերադարձնելու համար են:   Սիրելի՛ հայրենակիցնէր,   Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին մենք մօտենում ենք ուղղուող մէջքով, բաց ճակատով եւ պետութեամբ, որ կոչւում է Հայաստանի Հանրապետութիւն: Այն համայն հայութեան հայրենիքն է, որը, չնայած տասնամեակներ շարունակուող անօրինական շրջափակմանն ու «ոչ պատերազմ – ոչ խաղաղութիւնէ իրականութեանը, շարունակում է իր առաջընթացը:   2015 թուականի խորհուրդը լրջօրէ՛ն պէտք է ընկալուի Թուրքիայում: Հայաստանի հանդէպ վերաբերմունքը չի կարող այլեւս բառերով չափուել. այն յստակ քայլեր է ենթադրում` փակ սահմանի բացում եւ բնականոն յարաբերութիւնների հաստատում:   Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրութիւններին, ապա դրանց վերաբերեալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկէտներէ հասկացութիւնն առաւել քան արդիական է դառնում»:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here